24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում. surbzoravor.am

6. Զրկեցէք, սպանէք զարդարն, որ ո՛չ կայր ձեզ հակառակ:

Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:

Ահա պարզ խոսքով ասում է այն, ինչ բազում անգամներ հարուստների անիրավության մասին առակներով և օրինակներով ասաց: Եվ այդ նույն զրկանքները, որ իրենք մեղք չեն համարում, սպանություն կոչեց: Արդարև, իսկապես, եթե մեկը մարդ է սպանում, անմիջապես վերջ է դնում նրա մարմնական տանջանքներին, իսկ նա, ով գողանում է մեկի ունեցվածքը և նրան աղքատության կապում ինչպես երկաթներով, ապա բազում անգամներ է մահապարտ դառնում:

Քանզի որքան մարմնական կարիքները նրան չարչարում են սովով, ծարավով, ցրտով և մերկությամբ, ապա այդքան նա մեռնում է, և երանի թե մեռներ անմիջապես, այլ ոչ թե երկարատև տառապանքների ենթարկվեր: Եվ հատկապես, եթե կին ու երեխա էլ ունենար նա, ում զրկում է, ապա ահավոր աղետ և իրապես սպանություն է ոչ թե մեկի, այլ մի քանիսի: Այդ պատճառով էլ ասում է. զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:

Արդար է ասում աղքատին և տնանկին կա՛մ նրա համար, որ արդար էին, կա՛մ, որ քրիստոնյա էին և սուրբ, այդ պատճառով էլ նրանց արդար է համարում, կա՛մ այն բանի համար, որ մեղք չէին գործել իրենց զրկողների հանդեպ, և նրանք զուր տեղը տանջում էին նրանց: Հետևաբար ավելացնում է՝ ասելով. որ ձեզ չէր հակառակում:

Արդ, եթե հասարակ մարդկանց, որ այդպիսին չեն, զրկելու և սպանելու համար գեհեն է տանում, ապա ով արդարին է զրկում և սպանում, որ մարդկանցից ոչ ոքի հանդեպ ոչ մի անիրավություն չի գործել, ո՞ր հուրը չի այրի նրանց կամ ո՞ր խավարը չի պատի: Նույնը նաև մարգարեն է ասում սաղմոսերգությամբ. «Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին», այնուհետև ավելացնում է նաև նրանց անմտության պատճառը՝ ասելով. «ասացին. Տերը դա չի տեսնում և Հակոբի Աստվածը ուշ չի դարձնում» (Սղմ. 93:7): Ապա ճիշտ է ասում. զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:

Արդ, երբ խոսեց հարուստների մոլեգնության և անտանելի չարիքների մասին, որոնցով աղքատներին էին տանջում, և որպես սպանողների դատեց, որ զրկում էին նրանց և խոսեց նաև զրկվածների աղաղակի և հնձվորների բողոքի մասին:

Եվ որպեսզի սրանից անմտության մեջ չընկնեն և Աստծուն հակառակ խոսքեր չասեն, սկսում է մխիթարել և քաջալերել նրանց, ովքեր նեղությունների մեջ են՝ ասելով.

7. Երկայնամի՛տ լերուք ե՛ղբարք իմ մինչև ի գալուստն Տեառն:

Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը:

Թեև այստեղ, ասում է, չեք կարող հատուցել ձեզ նեղողներին, այլ տեսնում եք նրանց բերկրանքի և լիության մեջ, մի՛ չարացեք, այլ միայն համբերեք մինչև Տիրոջ՝ անսուտ և անկաշառ դատավորի գալուստը, և այդ ժամանակ կտեսնեք ձեզ նեղողների հատուցումը՝ արդարությամբ չափված, ձեզ նեղողների համար պատրաստված նեղությունները և ձեր հավիտենական հանգիստը, և դա ոչ պակաս մխիթարություն է: Առօրյա կենցաղում փոքր-ինչ չարչարվել անիրավ մարդկանցից, և հավիտենական  հանգիստ ու արքայություն ստանալ Աստծո կողմից: Ընդ որում նաև Պողոսն է դա հաստատում՝ ասելով. «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8:18), և նորից. «Մեր թեթև նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ… որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական» (Բ Կորթն. 4:17-18): Տեսնո՞ւմ ես մխիթարության կերպը, թե որքան պատվավոր է և հարգարժան:

Այս ասելուց հետո այնպիսի օրինակ է բերում, ինչը միշտ երկրագործ մշակների մոտ ենք տեսնում: Ուստի, թեև կարող էր նրանց առջև բերել առաքյալների համբերության մեծագույն օրինակը, որ քարոզում էին նրանց կյանքի խոսքը, թե որքան էին տանջվում, չարչարվում և համբերում, սակայն չցանկացավ, որպեսզի նրանք չասեն, թե մենք չենք կարող հասնել նրանց առաքինությանը: Այդ պատճառով էլ ավելի ցածր օրինակ է բերում՝ ասելով.

Ահա մշակ երկայնամտեալ սպասէ պատուական պտղոյն երկրի, մինչև առցէ զկանուխ և զանագան:

Մշակն ահա համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ ստանա առաջին և վերջին անձրևը:

Մշակներից, ասում է, պարտավոր եք սովորել համբերության օրինակը, քանզի թեև չափազանց շատ են աշխատում և տանջվում հողի վրա, որպեսզի փափկացնեն այն, վնասակար փշերն արմատախիլ անեն և այնուհետև նոր բարի սերմ ցանեն, և այդ ամենից հետո չեն անմտանում, թե կարող են արդեն պտուղ ստանալ, այլ նաև ջրով ոռոգում են, որոմներն՝ արմատախիլ անում և շատ երկար ժամանակ համբերությամբ սպասում այդքան ջանքից ու քրտինքից հետո  մինչև որ ստանան առաջին և վերջին անձրևը:

8. Երկայնամտեցէ՛ք և դո՛ւք, հաստատեցէ՛ք զսիրտս ձեր, զի գալուստն Տեառն մերձեա՛լ է:

Համբերեցե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է:

Երբ առաջին օրինակը բերեց, ապա հավաստեց երևելի այլ օրինակներով, այնուհետև նրանց առջև ստույգ պահանջ է դնում, քանզի եթե հողագործ մշակն այդքան համբերատարություն է ցուցաբերում անցավոր պտղի համար, հանուն որի այդքան աշխատեց, և մինչև պտղի հասունանալը երբեք չի անմտանում և չի տրտնջում, այլ համբերում է, մինչև ստանա առաջին և վերջին անձրևը: Իսկ դուք երկնավոր պտուղների համար, որ մնայուն են և անապական, ինչո՞ւ չեք համբերում: Դրա համար էլ ասում է. համբերեցե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է:

Կարծում եմ, թե հուսահատվել էին սաստիկ նեղություններից և զրկանքներից, որոնք մեծահարուստներն էին նրանց պատճառում և թերևս երկմտել էին Աստծու նախախնամության հանդեպ, կարծես այդ ամենի համար ի վերուստ վրեժխնդրություն կամ դատաստան չկա: Ուստի չարերն ու անիրավները բարեկեցության մեջ են, բայց մենք այդպես չենք, այլ՝ տառապանքի ու չարչարանքի մեջ: Եվ քանի որ ամեն տեսակի տրտմագին կարիքներն իրենց վնասակար հետքն են թողնում սրտի վրա, և այդ ամենին ենթարկվողը երկար տրտմության պատճառով նեղսրտության մեջ է ընկնում, իսկ նեղսրտությունից՝ հուսահատության, հուսահատությունից՝ անմտության, իսկ անմտությունից անհավատություն է ծնվում, ինչպես որ համբերությունից՝ հավատ: Այդ պատճառով էլ ասաց. ամրացրե՛ք ձեր սրտերը, ինչո՞ւ, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է:

Կարծում եմ սրա մասին նաև Պողոսը գրեց երկմիտներին և վհատվածներին՝ Եբրայեցիներին (= Փիլիպեցիներին) ուղղված գրքում՝ ասելով. «Տերը մոտ է: Հոգ մի արե՛ք» (Փիլ. 4:5-6): Եվ առաքյալների գլուխ Պետրոսն էլ նույն միտքն է արտահայտում՝ ասելով. «Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է» (Բ Պետր. 3:9), քանի որ խոսք է տվել, ապա գալու է և չի ուշանալու, քանզի «Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր» (Բ Պետր. 3:8):

Եվ քանի որ վերևում ասաց, թե եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը, և որպեսզի հուսահատվածները երբեք չասեն, թե ինչպես կարող ենք համբերել այսքան սաստիկ տանջանքներին, և կամ ե՞րբ է գալստյան ժամանակը, և եթե առաջին գալստյան ժամանակ մեզ պատվիրեց այսքան տանջանքներ կրել, ապա ո՞վ գիտե, թե այդ գալստյան ժամանակ ի՞նչ է լինելու, կամ թե ինչպիսի պարգևների ենք արժանանալու նրա կողմից: Այդ պատճառով նրանց քաջալերում է, մխիթարում և սրտապնդում՝ ասելով. քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է: Ուստի, եթե ասեր երկրավոր թագավորի գալստյան մասին, ապա մեծ հույս և ակնկալություն կլիներ բանտարկյալների համար, ոո հանուն թագավորի էին բանտի ու կապանքների մեջ, քանզի գիտեին, որ թագավորի մոտ լինելն իրենց համար ազատության առիթ ու պատճառ է: Ապա որքան առավել է երկնավոր թագավոր Քրիստոսի գալստյան մոտ լինելը, մեծ մխիթարություն է և բարի հույս նրանց համար, ովքեր հանուն նրա վշտերի ու չարչարանքների մեջ են:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուրը՝ surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ