Անօրենները պիտի վտարվեն
Որդյակ, եթե իմ պատգամներն ու պատվիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մեջ, իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի ավանդես որդուդ:
Արդարեւ, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտրես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպես գանձ, որոնես այն, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը, եւ դու կգտնես Աստծու գիտությունը :
Տերն է տալիս իմաստությունը, եւ նրանից են բխում գիտությունն ու հանճարը. նա է արդարների համար փրկություն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին:
Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը եւ բոլոր շավիղներդ կուղղես դեպի բարին : Եւ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, եւ գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես չար ճանապարհից եւ նենգախոս մարդուց:
Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած կգնան խավար ճանապարհով, ովքեր կուրախանան չարիքներ գործելով եւ կխնդան դեպի չարը խոտորվելով.
Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շավիղները խոտորնակ, նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից:
Որդյակ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծու ուխտը: Այդպիսին իր տունը դրել է մահվան մոտիկ, իր շավիղները` դժոխքի մոտ, երկրածինների հետ:
Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, հետ չեն դառնալու եւ եթե մինչեւ իսկ զղջան էլ՝ չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կյանքի տարիները:
Եթե նրանք բարի ճանապարհներով գնացած լինեին, դյուրին կգտնեին արդարության շավիղները, քաղցրաբարո մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ:
Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջվեն երկրից, եւ անօրենները պիտի վտարվեն դրանից:
Առակներ 2