ԿԺԴՀ-ի կողմից պատերազմ սկսելու նշաններ չկան. Հարավային Կորեայի ՊՆ

Նշաններ, որ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում, դեռեւս չեն ֆիքսվել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժին, հաղորդում է “Reuters”-ը: Միաժամանակ նա ընդգծել է, որ մեծ հավանականություն կա, որ ԿԺԴՀ-ը պատրաստվում է բալիստիկական հրթիռ արձակել եւ շեշտել է, որ շարունակվում է հյուսիսկորեական կողմի մանրամասն դիտարկումը:
Վերջին շրջանում Կորեական թերակղզում նկատվում է լարվածության աճ` կապված ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ` Փհենյանի ռազմաշունչ հայտարարությունների ֆոնի վրա: Ապրիլի սկզբին տեղեկություն էր տարածվել, ըստ որի ԿԺԴՀ-ը պատրաստվում է միջին հեռավորության բալիստիկական հրթիռ արձակել:
Նախորդ շաբաթվա վերջին Հարավային Կորեայի ղեկավարությունը հանդես եկավ ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն սկսելու նախաձեռնության մասին, սակայն Փհենյանը Սեուլի այդ քայլը “թակարդ” համարեց եւ հայտարարեց, թե “անիմաստ է երկխոսություն սկսել նման պայմաններում”:
Այսօր` ապրիլի 15-ին, Հյուսիսային Կորեան նշում է Արեւի պետական տոնը` ի պատիվ ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի: