Բոզարածը վատնում է
Լավ է հանդիմանող, քան համառ մարդը, որովհետեւ եթե սրան կրակը հանկարծակի հարվածի փրկություն չի լինի: Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները, արդարները հեծում են ամբարիշտների իշխանության տակ: Իմաստություն սիրողը ուրախացնում է իր հորը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստությունը: Արդար թագավորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն: Ով կռիվ է փնտրում իր բարեկամի դեմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար:
Մեղավոր մարդու համար խիստ որոգայթ կլարվի, բայց արդարը պիտի ուրախության եւ խնդության մեջ լինի: Արդարը գիտե տնանկներին իրավունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մեջ, իսկ աղքատն էլ իրավախոհ միտք չունի: Անօրեն մարդիկ քաղաքը մատնում են կրակի, բայց իմաստունները վանում են բարկությունը: Իմաստուն մարդը դատում է ազգերին, բայց անզգամ մարդն իր բարկության մեջ ծաղրելի է դառնում եւ չի պատկառում:
Արյունարբու մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղամիտները համակրանք են տածում իր անձի նկատմամբ: Անզգամն իր ողջ բարկությունը թափում է միանգամից, բայց իմաստունը համբերումէ մեղմությամբ: Այն թագավորը եւ նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրավության խոսքերին, անօրեններ են:
Փոխ տվողը եւ փոխ առնողը հասնելու են նույն տեղը, եւ երկուսին էլ առերեսելու է Տերը: Տնանկներին արդարությամբ դատող թագավորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնա:
Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս, ճամփից շեղված երեխան ամոթահար է անելու իր ծնողներին: Ամբարիշտների բազմանալու դեպքում բազմապատկվում են հանցանքները, բայց արդարները ահով պիտի համակվեն նրանց կործանման ժամանակ:
Խրատիր որդուդ, եւ նա քեզ հանգիստ պիտի պարգեւի եւ զարդ պիտի լինի հոգուդ համար: Անօրեն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրենքը, նա երանելի է: Խոսքով չի խրատվում կամակոր ծառան, որ թեեւ հասկանում, բայց բանի տեղ չի դնում այն:
Երբ հանդգնությամբ խոսող մարդ տեսնես, իմացիր, որ ավելի լույս կա անզգամի, քան նրա համար: Ով փափկասուն է լինում մանկուց, պիտի ծառա դառնա եւ հետո մորմոքի ինքն իր մեջ: Անզգամ մարդը հակառակություն է գրգռում, հեզաբարո մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք:
Ամբարտավանությունը պիտի նվաստացնի մարդուն, բայց Տերը խոնարհներին պիտի արժանացնի փառքի: Ով բաժնեկից է դառնում գողերին, նա ատում է իր հոգին, նրանք երդում են տալիս, որ իմացածի մասին չպատմեն, բայց մարդկանցից ունեցած վախի եւ ամոթի պատճառով պիտի հայտնեն եւ կործանվեն. իսկ ով հույսը դրել է Տիրոջ վրա, պիտի ուրախ լինի:
Ամբարշտությունը մարդուն գցում է գայթակղության մեջ, բայց ով ապավինում է Տիրոջը, նա պիտի փրկվի: Շատերն են հաճոյախոսում իշխաններին, բայց մարդուս իրավունքը բխում է Տիրոջից: Արդարի համար պիղծ է անօրեն մարդը, իսկ անօրենի համար պիղծ է ուղիղ ճանապարհը:
Առակներ 29