ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոս-Կանը 6 մլն կվճարի սեքս-սկանդալը հարթելու համար
Ֆրանսիական “Closer” տաբլոիդը հրապարակել է այն գումարը, որը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը կվճարի նյույորքյան “Sofitel” հյուրանոցի աշխատակցուհի Նաֆիսատ Դիալոյին` իր շուրջ ծագած սեքսուալ սկանդալից հետո “հաշտություն կնքելու” համար: Պարբերականի աղբյուրների համաձայն` համաշխարհային հաշտությունը նրա վրա 6 մլն եվրո է արժեցել:
Հարկ է նշել, որ կողմերն այս համաձայնությանն են եկել մեկ ու կես տարվա վեճերից հետո: Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը ձերբակալվել էր Նյու Յորքում 2011-ի մայիսի 14-ին այն բանից հետո, երբ գվինեյան իմամի դուստր Դիալոն հայտնել էր ոստիկանությանը նրա կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ստրոս-Կանը ներկա պահին չունի այդքան մեծ գումար, ինչի համար էլ նա դիմել է բանկին` 3 մլն դոլար վարկ վերցնելու նպատակով: Գումարի մյուս մասը նրան իբր թե տրամադրելու է նախկին կինը, ով ապահարզան էր պահանջել նրանից դատական լսումների սկսվելուց հետո:
Սկանդալի պատճառով Ստրոս-Կանը զրկվեց ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից: Նա հերքում էր բռնաբարության մեղադրանքը` պնդելով, որ սեքսուալ շփումն իրենց միջեւ փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունեցել: Ավելի ուշ նա Դիալոյի դեմ եւս 1 մլն դոլարի հայց ներկայացրեց` նշելով, որ մեղադրանքների պատճառով ինքը նաեւ քաղաքական կարիերայից զրկվեց: 2011-ին նա մտադիր էր առաջադրել իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագական ընտրություններում եւ մինչ իր կալանքը նույնիսկ հիմնական թեկնածուներից մեկն էր համարվում: