24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու՞ ենք դժվարանում հավատարիմ մնալ

«Քեզ հետ կլինեմև չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ Զորացի՛ր և արիացի՛ր» (Հեսու 1.5-6

Աստված այս խոսքերով դիմեց Հեսուին այն ժամանակ, երբ վերջինս հաջորդեց Մովսես մարգարեին՝ կոչված լինելով առաջնորդելու Աստծո ժողովրդին դեպի Ավետյաց երկիրը։ Այս խոստումը տալուց անմիջապես հետ Աստված պատվիրեց Հեսուին զորանալ և քաջ լինել։

Երբ այս տողերը առաջին անգամ կարդացի, ինքս ինձ հարց տվեցի՝ ինչու՞ ենք մենք՝ մահկանացու մարդիկս, հեռու այս խոստումը պահելուց: Ինչու՞ ենք դժվարանում հավատարմության մեջ մեծ կամք դրսևորել, մեզ վրա վերցնել պատասխանատվություն ու մի ամբողջ կյանք մնալ հավատարմության երդումը պահած:

Զգացել եք՝ որքան շատ ենք սիրում մեր սիրելիներին ասել, որ մի ամբողջ կյանք հավատարմորեն կլինենք իրար հետ, բայց մի օր ստացվում է այնպես, որ խոստումը մնում է իր տեղում, իսկ մենք հայտնվում ենք այլ տեղում:

Հետո հասկացա, որ միայն Մեկը կա, որ կարող է նման խոստում տալ։ Մարդիկ մեկը մյուսին, ամուսինները միմյանց, զավակներ և ծնողներ փոխադարձ խոստումներ են տալիս կյանքի ընթացքում։ Բայց և այնպես, անգամ լավագույն մտադրություններով արված խոստումները, շատ հաճախ չեն կարողանում պահել, քանզի մեղավոր, տկար և մահկանացու ենք։ Իսկ Աստված մարդկանց նման չէ, Նա միշտ պահում է իր խոստումները։ Երբ Աստված ասում է, որ մեզ հետ կլինի և մեզ երբեք չի լքի կամ չի անտեսի, դա մեր կյանքում Նրա հարատև ներկայության խոստումն է։ Հենց սա է պատճառը, որ մեր կյանքում միայն Մեկը կա, ով հավերժ, անկախ ամեն բանից, մեզ հետ է: Գիտե՞ք քանի անգամ եմ ինքս ինձ մեղադրել ու նախատել՝ ասելով ախր ինչպես է Տերը այսքան բանից հետո մնում մարդու կողքին, երբ տեսնում է մեր սխալական կյանքը, հետո հասկացա, մնում է, որովհետև մեզ փոխելու և ճշմարիտ ճանապարհի վրա պահելու պատասխանատվությունը հենց Նրա ուսերին է:

Այս ամենից միայն մեկ հետևություն եմ արել, որ մենք ևս պետք է զորանանք և քաջ լինենք, որպեսզի կարողանանք հավատարիմ կյանքով ապրել՝ մեծացնել մեր երեխաներին, սիրել մեր կողակցին և ի վերջո  իրագործել այս կյանքում մեր բացառիկ կոչումը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ