28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով

13-8

 

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց  Ժնև (Շվեյցարիա): Օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանը և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու վարչության ատենապետ Վիգեն Վարձպետը:

Նույն օրը Գարեգին Երկրորդ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ ներկա գտնվեց Կարմիր Խաչի և Ժնևյան Կարմիր Խաչի ջանքերով կազմակերպված Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. բարեգործական հանդեսին: Այս տարի «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանի ներքո անցկացված հանդեսի ընթացքում հավաքագրված միջոցները նպատակաուղղվելու են նաև Հայաստանում կարիքավոր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին:

Հոկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում` ազդարարելով եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը և իր բարձր ներկայությամբ խանդավառություն հաղորդելով հայ համայնքին: Այս առիթով եկեղեցում էին հավաքվել շվեյցարահայ համայնքի բազում ներկայացուցիչներ:

Հայրապետական պատարագը սկսվեց հանդիսավոր թափորով, որի ընթացքում ժողովուրդն արժանացավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությանը: Որպես առընթերականեր Վեհափառ Հայրապետին սպասավորեցին Խաժակ արքեպիսկոպոսը և Գուսան վարդապետը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի տարբեր համայնքների վարչությունների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավոր հայորդիներ, ինչպես նաև Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովվական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան և դոկտ. Անի Ղազարյանը, Սոսա-Թղուանե բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը և Վերոնիկ Շոպֆեր-Օրելին և Ժնևի հրեական համայնքի գլխավոր րաբբի դոկտ. Իսահակ Դայանը:  

Սուրբ Պատարագի ընթացքում, իբրև բնաբան ընտրելով Ա. Տիմ. Գ 15-ի` «կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամը բերեց ներկա ժողովրդին:

«Փառք ենք վերառաքում Բարձրյալին, որ շնորհն է պարգևել հովվապետական այց կատարելու Շվեյցարիա, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, և մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հետ միասին տոնախմբելու Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակը: Շվեյցարիայի օրհնյալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զավակներ ապրել են մշտապես վառ պահելով հայրենիքի հանդեպ սերը և հայ քրիստոնեական իրենց ինքնությունը, որի վկայությունն ու պսակն է 1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և լուսահոգի Հակոբ Թոփալյան ազնվահոգի բարերարի ջանքերով կառուցված այս գեղեցիկ եկեղեցին։ Աղոթքով ենք հիշում հանգուցյալ բարերարին և ի պայծառություն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտավորներին: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ  Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունն իր քարոզում անդրադարձավ տաճարի խորհրդին և առաքելությանը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում: «Սուրբ է Տիրոջ տաճարը, որտեղ երկնառաք բարիքներով լիանում են հավատացյալների հոգիները, բավականանում մխիթարությամբ, սփոփվում աստվածային ողորմությամբ, առատանում Սուրբ Հոգու շնորհներով: Սուրբ Պողոս առաքյալը հենց այս նվիրական ու տերունավանդ առաքելությունն է շեշտում՝ կենդանի Աստծո Եկեղեցին բնորոշելով իբրև ճշմարտության հաստատում և սյուն։ Հավատացյալներիս համար Եկեղեցին դեպի Աստված և փրկություն առաջնորդող տապան է, որ այս կյանքի ալեկոծությունների, անհանգստությունների ու տագնապների միջից իր հարկի ներքո ապաստանածներին սնում է հոգևոր կերակուրով, մատռվակում Տիրոջ կենաց խոսքը և ապահով հասցնում դեպի փրկության խաղաղ նավահանգիստը:

Քրիստոսի պարգևած ճշմարտության հավատքով զորացած` աշխարհով մեկ եկեղեցիներ հիմնեցինք՝ հնչեց աղոթքը, հնչեց հայ լեզուն ու խոսքը, վառ մնաց ջահը աստվածսիրության ու եկեղեցասիրության: Մենք մարդկային պատմության անդաստանում թողեցինք առ Քրիստոս հավատքով կերտված ազգային կյանքի, արժանահիշատակ գործերի վառ վկայությունները և աստվածպաշտության հաստատուն ու ճշմարիտ մե՛ր՝ հայկական սյուները՝ հոգևոր և ազգային անգին գանձերը, որոնցից մեկը Սուրբ Հակոբ անունը կրող այս եկեղեցին է», – ասաց Նորին Սրբությունը։

Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Շվեյցարիայի հայության կյանքում Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա ծառայության մասին: «Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ կես դար Սուրբ Հակոբ  եկեղեցին հոգևոր սպասավորների և նրանց լծակից աշխարհականների գովելի ծառայությամբ հոգևոր խնամք է մատուցել Շվեյցարիայում հաստատված հայորդիներին, զորացրել ու առաջնորդել դեպի Աստված, բաշխել Սուրբ Հոգու պարգևները և ամուր պահել ազգային ինքնությունը: Համայնքային կյանքում ծագած դժվարություններն ու անհամաձայնությունները ձեր հայրերը և դուք հաղթահարել եք ազգային միասնության գիտակցությամբ և առ մեր Սուրբ Եկեղեցին սիրո ու հավատարմության ոգով: Մենք քաջալեր ու հուսավառ ենք ձեր հավատավոր բարի ընթացքով ու աստվածահաճո գործերով:  Ձեր ձեռքբերումները դուք ծառայեցնում եք ոչ միայն շվեյցարահայ համայնքի բարգավաճմանը, այլև մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, մեր անկախ հայրենիքի, ազատ Արցախի զորացմանը: Քրիստոնեական արժեքներին հավատարմությամբ դուք նաև Շվեյցարիայի բարի ու վստահելի քաղաքացիներն եք, մասնակից ավանդաշատ այս երկրի հասարակական կյանքի առաջընթացին: Շվեյցարիայի Կարմիր խաչի կողմից կազմակերպված երեկվա հանդեսը ի նպաստ կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցների, վառ վկայությունն էր այն կարևոր ավանդի, որ հայ համայնքն ունի հաչս Շվեյցարիայի իշխանությունների և հասարակության: Այս առիթով բերում ենք ձեզ ամենքիդ մեր բարձր գնահատանքն  ու օրհնությունը:

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, գոհունակություն է հայոց  Հայրապետիս համար, որ դուք ձեր բաժին լույսն եք հավելում Սուրբ Էջմիածնի Լուսավորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչև այսօր լուսավորում է ազգիս փրկության ճանապարհը: Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, որ ձեր հայրերի օրինակով, սիրո և միաբանության ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո շարունակեք կենդանի պահել ազգային-եկեղեցական ձեր կյանքը` երիտասարդ սերնդին կրթելով և դաստիարակելով ազգասիրության ոգով: Նույն նախանձախնդրությամբ  զորեղ պահեք եկեղեցասիրության և հայրենանվիրումի ձեր ոգին, ձեր հավատքը և միշտ Աստծո կամքի համաձայն ընթանալու վճռականությունը, ինչպես Սուրբ Գիրքն է պատվիրում՝ «բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու և Աստծու գիտությամբ աճելու համար» (Կող.  Ա 9-10)», – ընդգծեց Հայոց Հայրապետը:

Հոբելյանական այս ուրախ առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու գնահատանքը բերեց Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանին, Սուրբ Հակոբ եկեղեցու վարչության ատենապետին և անդամներին ու հայ համայնքի հավատավոր բոլոր անդամներին` մաղթելով ուժ և կորով եկեղեցաշեն ու ազգանվեր գործերում, որպեսզի նվիրումով ու ջերմեռանդությամբ կարևոր մասնակցություն բերեն ինչպես համայնքային կյանքի զորացմանը, այնպես էլ Շվեյցարիայի բարգավաճմանը:

Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Բարին Աստված Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահպանի աշխարհը խաղաղության մեջ, բարօր ու ապահով պահի Շվեյցարիայում ապրող իր հավատավոր զավակներին` շնորհազարդելով ու լիացնելով Իր առատ պարգևներով: Նորին Սրբությունն աղոթքով մաղթեց, որ Տիրոջ օրհնությամբ սիրո և խաղաղության մեջ շենանա Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովուրդը:

Ի հիշատակ հոբելյանական այս առիթով հայրապետական այցելության` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հակոբ եկեղեցուն ընծայեց մարմարե խաչքար:  

Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու հանդիսությունների սրահում, մասնակցությամբ այս առիթով հավաքված ժողովրդի, տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությանը բարիգալստյան խոսքով ողջունեց Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու վարչության ատենապետ Վիգեն Վարձպետը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու պատգամը բերեց հավատավոր ժողովրդին` մասնավորապես պատգամելով աշխույժ պահելու համայնքի ազգային-եկեղեցական կյանքը, զորացնելու հայրենիքը և զորանալու հայրենիքով, սերնդեսերունդ փոխանցելու նախնյաց ավանդած սրբազան ժառանգությունն ու արժեքները: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հզոր հայրենիքն է սփյուռքի կենսունակության աղբյուրը և հուսալի երաշխիքը:

Ընդունելության ընթացքում իր ուրախությունն Ժնև այցի և հայ համայնքի հետ հանդիպման առիթով հայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վերջինս իր շնորհավորանքները բերեց շվեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաև Հայոց Եկեղեցու հայապահպան կարևոր առաքելությանը:

ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հերթին համայնքին փոխանցեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը եկեղեցու հիսնամյակի առիթով:

Վերջում տեղի ունեցավ աջահամբույրի արարողությունը, որի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան անձամբ մոտենալու Հայոց Հայրապետին և ստանալու նրա օրհնությունն ու հայրական հորդորները:

Երկօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ թեմի թեմական և ծխական մարմինների պատասխանատուների և անդամների հետ և իր թելադրությունները կատարեց թեմական և համայնքային կյանքի առավել զորացման և արդյունավորման համար:

 

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Հայրապետական Սուրբ Պատարագ

Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցու 50-ամեակի առիթով

 

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց  Ժնեւ (Շուեյցարիայ): Օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Շուեյցարիայի Համադաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Յովհաննիսեանը, Շուեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանեանը եւ Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցու վարչութեան ատենապետ Վիգէն Վարձպետը:

Նոյն օրը Գարեգին Երկրորդ Հայրապետը պատուիրակութեան ուղեկցութեամբ ներկայ գտնուեց Կարմիր Խաչի եւ Ժնեւեան Կարմիր Խաչի ջանքերով կազմակերպուած Շուեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. բարեգործական հանդէսին: Այս տարի «Պայծառացրէք մեր տարէցների կեանքը» նշանաբանի ներքոյ անցկացուած հանդէսի ընթացքում հաւաքագրուած միջոցները նպատակաուղղուելու են նաեւ Հայաստանում կարիքաւոր տարէցների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց խնամքին:

Հոկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնեւի Սուրբ Յակոբ հայկական եկեղեցում` ազդարարելով եկեղեցու կառուցման 50-ամեակին նուիրուած միջոցառումների մեկնարկը եւ իր բարձր ներկայութեամբ խանդավառութիւն հաղորդելով հայ համայնքին: Այս առիթով եկեղեցում էին հաւաքուել շուեյցարահայ համայնքի բազում ներկայացուցիչներ:

Հայրապետական պատարագը սկսուեց հանդիսաւոր թափօրով, որի ընթացքում ժողովուրդն արժանացաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնութեանը: Որպէս առընթերականեր Վեհափառ Հայրապետին սպասաւորեցին Խաժակ արքեպիսկոպոսը եւ Գուսան վարդապետը:

Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ էին Շուեյցարիայի քաղաքային իշխանութեան ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը, Շուեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Յովհաննիսեանը, Շուեյցարիայի տարբեր համայնքների վարչութիւնների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտաւոր հայորդիներ, ինչպէս նաեւ Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովուական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխաւոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան եւ դոկտ. Անի Ղազարեանը, Սօսայ-Թղուանէ բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը եւ Վերոնիկ Շոպֆեր-Օրելին եւ Ժնեւի հրէական համայնքի գլխաւոր րաբբի դոկտ. Իսահակ Դայեանը: 

Սուրբ Պատարագի ընթացքում, իբրեւ բնաբան ընտրելով Ա. Տիմ. Գ 15-ի` «կենդանի Աստծոյ եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» խօսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամը բերեց ներկայ ժողովրդին:

«Փառք ենք վերառաքում Բարձրեալին, որ շնորհն է պարգեւել հովուապետական այց կատարելու Շուեյցարիայ, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, եւ մեր Սուրբ Եկեղեցու հաւատաւոր զաւակներիդ հետ միասին տօնախմբելու Սուրբ Յակոբ եկեղեցու 50-ամեակը: Շուեյցարիայի օրհնեալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զաւակներ ապրել են մշտապէս վառ պահելով հայրենիքի հանդէպ սէրը եւ հայ քրիստոնէական իրենց ինքնութիւնը, որի վկայութիւնն ու պսակն է 1969 թ. երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ լուսահոգի Յակոբ Թօփալեան ազնուահոգի բարերարի ջանքերով կառուցուած այս գեղեցիկ եկեղեցին։ Աղօթքով ենք յիշում հանգուցեալ բարերարին եւ ի պայծառութիւն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտաւորներին: Եկեղեցու յոբելեանը մեծ իրադարձութիւն է ամէնքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ  Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքները եւ համայն հայութեան նուիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լոյսն ու օրհնութիւնը», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբութիւնն իր քարոզում անդրադարձաւ տաճարի խորհրդին եւ առաքելութեանը իւրաքանչիւր հաւատացեալի կեանքում: «Սուրբ է Տիրոջ տաճարը, որտեղ երկնառաք բարիքներով լիանում են հաւատացեալների հոգիները, բաւականանում մխիթարութեամբ, սփոփւում աստուածային ողորմութեամբ, առատանում Սուրբ Հոգու շնորհներով: Սուրբ Պօղոս առաքեալը հէնց այս նուիրական ու տէրունաւանդ առաքելութիւնն է շեշտում՝ կենդանի Աստծոյ Եկեղեցին բնորոշելով իբրեւ ճշմարտութեան հաստատում եւ սիւն։ Հաւատացեալներիս համար Եկեղեցին դէպի Աստուած եւ փրկութիւն առաջնորդող տապան է, որ այս կեանքի ալեկոծութիւնների, անհանգստութիւնների ու տագնապների միջից իր հարկի ներքոյ ապաստանածներին սնում է հոգեւոր կերակուրով, մատռուակում Տիրոջ կենաց խօսքը եւ ապահով հասցնում դէպի փրկութեան խաղաղ նաւահանգիստը:

Քրիստոսի պարգեւած ճշմարտութեան հաւատքով զօրացած` աշխարհով մէկ եկեղեցիներ հիմնեցինք՝ հնչեց աղօթքը, հնչեց հայ լեզուն ու խօսքը, վառ մնաց ջահը աստուածսիրութեան ու եկեղեցասիրութեան: Մենք մարդկային պատմութեան անդաստանում թողեցինք առ Քրիստոս հաւատքով կերտուած ազգային կեանքի, արժանայիշատակ գործերի վառ վկայութիւնները եւ աստուածպաշտութեան հաստատուն ու ճշմարիտ մե՛ր՝ հայկական սիւները՝ հոգեւոր եւ ազգային անգին գանձերը, որոնցից մէկը Սուրբ Յակոբ անունը կրող այս եկեղեցին է», – ասաց Նորին Սրբութիւնը։

Վեհափառ Հայրապետը խօսեց նաեւ Շուեյցարիայի հայութեան կեանքում Սուրբ Յակոբ եկեղեցու կէսդարեայ ծառայութեան մասին: «Գոհունակութիւն է Մեզ համար անդրադառնալ, որ կէս դար Սուրբ Յակոբ  եկեղեցին հոգեւոր սպասաւորների եւ նրանց լծակից աշխարհականների գովելի ծառայութեամբ հոգեւոր խնամք է մատուցել Շուեյցարիայում հաստատուած հայորդիներին, զօրացրել ու առաջնորդել դէպի Աստուած, բաշխել Սուրբ Հոգու պարգեւները եւ ամուր պահել ազգային ինքնութիւնը: Համայնքային կեանքում ծագած դժուարութիւններն ու անհամաձայնութիւնները ձեր հայրերը եւ դուք յաղթահարել էք ազգային միասնութեան գիտակցութեամբ եւ առ մեր Սուրբ Եկեղեցին սիրոյ ու հաւատարմութեան ոգով: Մենք քաջալեր ու յուսավառ ենք ձեր հաւատաւոր բարի ընթացքով ու աստուածահաճոյ գործերով:  Ձեր ձեռքբերումները դուք ծառայեցնում էք ոչ միայն շուեյցարահայ համայնքի բարգաւաճմանը, այլեւ մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը, մեր անկախ հայրենիքի, ազատ Արցախի զօրացմանը: Քրիստոնէական արժէքներին հաւատարմութեամբ դուք նաեւ Շուեյցարիայի բարի ու վստահելի քաղաքացիներն էք, մասնակից աւանդաշատ այս երկրի հասարակական կեանքի առաջընթացին: Շուեյցարիայի Կարմիր խաչի կողմից կազմակերպուած երեկուայ հանդէսը ի նպաստ կարիքի մէջ գտնուող մեր հայրենակիցների, վառ վկայութիւնն էր այն կարեւոր աւանդի, որ հայ համայնքն ունի հաչս Շուեյցարիայի իշխանութիւնների եւ հասարակութեան: Այս առիթով բերում ենք ձեզ ամէնքիդ մեր բարձր գնահատանքն  ու օրհնութիւնը:

Սիրելի բարեպաշտ զաւակներ Մեր, գոհունակութիւն է հայոց  Հայրապետիս համար, որ դուք ձեր բաժին լոյսն էք յաւելում Սուրբ Էջմիածնի Լուսաւորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչեւ այսօր լուսաւորում է ազգիս փրկութեան ճանապարհը: Հայրապետական Մեր յորդորն է ձեզ, որ ձեր հայրերի օրինակով, սիրոյ եւ միաբանութեան ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքոյ շարունակէք կենդանի պահել ազգային-եկեղեցական ձեր կեանքը` երիտասարդ սերնդին կրթելով եւ դաստիարակելով ազգասիրութեան ոգով: Նոյն նախանձախնդրութեամբ  զօրեղ պահէք եկեղեցասիրութեան եւ հայրենանուիրումի ձեր ոգին, ձեր հաւատքը եւ միշտ Աստծոյ կամքի համաձայն ընթանալու վճռականութիւնը, ինչպէս Սուրբ Գիրքն է պատուիրում՝ «բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտութեամբ աճելու համար» (Կող.  Ա 9-10)», – ընդգծեց Հայոց Հայրապետը:

Յոբելեանական այս ուրախ առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհաւորանքներն ու գնահատանքը բերեց Շուեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանեանին, Սուրբ Յակոբ եկեղեցու վարչութեան ատենապետին եւ անդամներին ու հայ համայնքի հաւատաւոր բոլոր անդամներին` մաղթելով ուժ եւ կորով եկեղեցաշէն ու ազգանուէր գործերում, որպէսզի նուիրումով ու ջերմեռանդութեամբ կարեւոր մասնակցութիւն բերեն ինչպէս համայնքային կեանքի զօրացմանը, այնպէս էլ Շուեյցարիայի բարգաւաճմանը:

Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Բարին Աստուած Իր ամենախնամ Աջի հովանու ներքոյ պահպանի աշխարհը խաղաղութեան մէջ, բարօր ու ապահով պահի Շուեյցարիայում ապրող իր հաւատաւոր զաւակներին` շնորհազարդելով ու լիացնելով Իր առատ պարգեւներով: Նորին Սրբութիւնն աղօթքով մաղթեց, որ Տիրոջ օրհնութեամբ սիրոյ եւ խաղաղութեան մէջ շէնանայ Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփիւռ մեր ողջ ժողովուրդը:

Ի յիշատակ յոբելեանական այս առիթով հայրապետական այցելութեան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Յակոբ եկեղեցուն ընծայեց մարմարէ խաչքար: 

Հաւարտ Ս. Պատարագի եկեղեցու հանդիսութիւնների սրահում, մասնակցութեամբ այս առիթով հաւաքուած ժողովրդի, տեղի ունեցաւ ընդունելութիւն, որի ընթացքում Նորին Սրբութեանը բարիգալստեան խօսքով ողջունեց Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցու վարչութեան ատենապետ Վիգէն Վարձպետը:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց հաւատաւոր ժողովրդին` մասնաւորապէս պատգամելով աշխոյժ պահելու համայնքի ազգային-եկեղեցական կեանքը, զօրացնելու հայրենիքը եւ զօրանալու հայրենիքով, սերնդեսերունդ փոխանցելու նախնեաց աւանդած սրբազան ժառանգութիւնն ու արժէքները: Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ հզօր հայրենիքն է սփիւռքի կենսունակութեան աղբիւրը եւ յուսալի երաշխիքը:

Ընդունելութեան ընթացքում իր ուրախութիւնն Ժնեւ այցի եւ հայ համայնքի հետ հանդիպման առիթով յայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը: Վերջինս իր շնորհաւորանքները բերեց շուեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաեւ Հայոց Եկեղեցու հայապահպան կարեւոր առաքելութեանը:

ՀՀ դեսպան Անդրանիկ Յովհաննիսեանն իր հերթին համայնքին փոխանցեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի շնորհաւորական ուղերձը եկեղեցու յիսնամեակի առիթով:

Վերջում տեղի ունեցաւ աջահամբոյրի արարողութիւնը, որի ժամանակ ներկաները հնարաւորութիւն ունեցան անձամբ մօտենալու Հայոց Հայրապետին եւ ստանալու նրա օրհնութիւնն ու հայրական յորդորները:

Երկօրեայ այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ու քննարկումներ ունեցաւ թեմի թեմական եւ ծխական մարմինների պատասխանատուների եւ անդամների հետ եւ իր թելադրութիւնները կատարեց թեմական եւ համայնքային կեանքի առաւել զօրացման եւ արդիւնաւորման համար:   

13-4 13-10

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ