17 Նոյեմբերի, Saturday, 2018

Հայաստանի բարեկամ նախկին սենատոր Դոլին շնորհվեց Կոնգրեսի ոսկե մեդալ

President Donald Trump speaks during a Congressional Gold Medal ceremony honoring former Senator Bob Dole on Capitol Hill, Wednesday, Jan. 17, 2018, in Washington. (AP Photo/Evan Vucci)

Հայաստանի մեծ բարեկամ, նախկին սենատոր Բոբ Դոլը պարգեւատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով:

Բոբ Դոլի ամբողջ կյանքը հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է, պարգեւատրման արարողությանը հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

1996-ին երբ Դոլը դարձավ նախագահի թեկնածու, որպես սկզբունքայնության նշան նա որոշեց հրաժարվել սենատորի իր պաշտոնից: «Ես կմեկնեմ Սպիտակ տուն կամ իմ հայրենի նահանգ կվերադառնամ», – հայտարարել էր Բոբ Դոլը:

«Այդ պահին ամերիկացիները տեսան ձեր իրական էությունը, ձեր անձնազոհությունը, քանի որ այդ պահին ձեր քայլով դուք դրեցիք հայրենիքի շահերը սեփական շահերից առաջ», – նշեց Մայք Փենսը:

Բոբ Դոլն իրական ամերիկյան հերոսի մարմնավորում է, հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով ներկայացրեց Դոլի կյանքի պատմությունը՝ Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերից մինչեւ Սենատի մարմարե դահլիճներ.

«Բոլոր նրանք, ովքեր լսեն Բոբ Դոլի կյանքի պատմությունը կհասկանան, թե իրականում ինչ է նշանակում լինել արժանի ամերիկացի»:

Ի դեպ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծանր վնասվածք ստացած Բոբ Դոլը կրկին լիարժեք կյանքի է վերադարձրել անվանի ամերիկահայ բժիշկ Համպար Կելիկյանը: Հենց օրթոպեդ Կիլիկյանի օգնությամբ հնարավոր եղավ փրկել Բոբ Դոլի աջ ձեռքը, որը բոլոր մյուս բժիշկները պատրաստվում էին հեռացնել:

Ապագայում սենատոր Դոլը երբեք չէր մոռանում իր «փրկչին» եւ իր աշխատակազմի բոլոր հայազգի անդամներին հատուկ ուշադրության արժանացնում. Իր ավանդական «ինչպե՞ս է իմ հայը» հարցով էր ողջունում ամերիկահայ աշխատակիցներին, հիշում է Վաշինգտոնի քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանը: Սենատորի պաշտոնին Բոբ Դոլը կարեւորագույն դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնադրման մեջ, նշում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը.

«Բոբ Դոլն իրոք առանցքային դեր է խաղացել 1980-90-ականներին՝ Հայաստանի պատմության համար կարեւորագույն շրջանում, երբ սկսվեց արցախյան շարժումը, երկրաշարժը, Հայաստանն անկախություն ձեռք բերեց»:

Սենատոր Դոլը Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորագույն կողմնակիցներից էր, սակայն, նրա դերը Մեծ եղեռնի ճանաչմամբ չի սահմանափակվել. նա առանցքային դեր է խաղացել երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն ուղարկելու գործում: Բոբ Դոլը ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին օգնության հատկացման նախաձեռնողներից էր՝ ծրագիր, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Դոլն այն մարդն է, ով օգնեց հիմնել եւ ճիշտ ուղղու վրա դնել այժմ զարգացող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ