Ես կարոտում եմ Արցախը. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես կարոտում եմ Արցախը
Տարիներ առաջ, երբ Արցախը Արցախ էր ու պետություն, երբ արցախցին իր տանն էր, իր հողն էր մշակում ու երջանիկ ապրում էր, քանզի կար բանակ, կային դիրքեր, կար հայկական պետություն այստեղ եւ Արցախում,կար կամք եւ ոգի, անպարտ ու անվախ, մենք հաճախ էինք գնում Արցախ, գնում էինք, ոնց որ մեր հորանց տուն։ «Նախկինների» ժամանակ մենք գիտեինք, որ Արցախ գնալը մեզ համար տոն էր, երջանկություն, անցնում էինք Տեղ գյուղը եւ մի քանի րոպե կանգնում էինք, շնչում օդը, ուզում էինք ամեն թուփը գրկել, նայում էինք սարերին ու շարունակում ճանապարհը։Հետո՝ Քարին տակը, եւ անմիջապես՝ վեհ ու հպարտ Շուշին, որ իր վեհ դիրքով մեզ ասում էր՝ բարով եք գալիս։
Հետո, երբ կառուցվում էր Քարվաճառի ճանապարհը, գնում էինք Վարդենիսով, իջնում մի քանի ոլորան, դեռ հողոտ ճանապարհով, /երբ ճանապարհը լրիվ պատրաստ էր, թվում էր սլանում ես Շվեյցարիայի ճանապարհով/,հայտնվում էինք Թարթառի ափին եւ անմիջապես զգում էինք, մեր առաջ ձախ կողմից անտառի մեջ Դադիվանքն էր, կանչում էր տիրոջ իրավունքով։ Մոմ էինք վառում, աղոթում, հիանում վերականգնված պատկերներով, շոյում էինք մաքրվող եւ լույս արձակող պատերը, իջնում էինք Արշակի մոտ սուրճ էինք խմում եւ էլի շարունակում ճանապարհը արդեն մինչեւ Ստեփանակերտ։Բոլորիս հոգիները փառավորվում էին, մեկս ծիծաղում էր, Ղարաբաղի բարբառով էր սկսում խոսել, մյուսը լաց էր լինում, երրորդը լուռ էր եւ կենտրոնացած։ Մեքենայի մեջ ամբողջ ճանապարհին հնչում էր եւ «Գետաշենը» եւ «Ղարաբաղցի»-ին եւ «Մեր հայրենիքը», եւ «Գինի լիցը»։ Ապրում էինք մենք մեր հոգու կանչին հավատարիմ ու երջանիկ, ամեն խաչքարի առաջ իջնում-ծնկի էինք գալիս Պետոյի, մյուս տղերքի զոհված տեղերում, խունկ ծխում ու շարունակում։
Պարտադիր հանդիպում էինք Արցախի նախագահին։ Բակո Սահակյանի հետ պաշտոնական հանդիպում եթե չէր էլ լինում, պարտադիր նրան տեսնում էինք երեկոյան, Պիտաչոկում, հրապարակում հանդարտ զբոսնելիս, առանց թիկնապահ, ժողովրդով եւ երեխաներով շրջապատված։ «Արմենիա»-ի դիմաց ջեմով կոնֆետով թեյ էինք խմում, անցնող-դարձողներին նայում եւ, անպայման բոլորը ծանոթ էին, հարազատ ու սիրելի։ Չկար վատը, չարը, թրքանմանը, չկար թշնամի, բոլորս բոլորին հարազատ էինք, սիրված եւ սիրող։ Բակո Սահակյանը ամեն հանդիպման ասում էր, լավ եք անում, եկեք, հաճախ եկեք Ղարաբաղ, սա ձեր տունն է, եկեք, ուժեղացեք եւ ուժեղացրեք։Այդպես էլ անում էինք։
Հիմա կա միայն մեծ հիշողություն, երբ սիրտդ ցավում է, երբ կարոտը խեղդում է, երբ զայրույթը գերադրական աստիճանի է, երբ քեզ զգում ես անզոր։Ու ձեռքդ ակամա բռունցք է դառնում, մատներդ սեղմում ես այնքան ուժգին, որ արյունոտվում ես»։











































