14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը հենց այստեղ է սկսվում. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հավանաբար քչերին է հայտնի, որ քաղաքական մանիպուլյացիայի կարևոր գործիքներից մեկը «հակադարձ հոգեբանությունն» է։ Դրա էությունը կայանում է նրանում, որ մարդուն չեն փորձում ուղղակիորեն համոզել անել այն, ինչ ուզում է մանիպուլյատորը։ Փոխարենը ստեղծվում է այնպիսի կոնֆորտ իրավիճակ, որտեղ մարդը սեփական ընտրության և նույնիսկ սեփական հակազդեցության արդյունքում գալիս է անհրաժեշտ եզրակացությանը։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաղորդակցության մեջ այս մեխանիզմի տարրեր կարելի է նկատել։ Դրա կարևոր առանձնահատկությունն այն է, որ ազդեցությունը տեղի է ունենում ոչ միայն ասվածի, այլև առաջացած արձագանքի միջոցով։

Օրինակ՝ իշխանությունը կարող է շրջանառության մեջ դնել մի սուր և վիճահարույց ձևակերպում, որին հաջորդում է բուռն հակազդեցություն՝ քննադատություններ, հայտարարություններ, քննարկումներ։ Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունը հայտնվել է պաշտպանվողի դիրքում, բայց արդյունքում հանրային օրակարգը կառուցվում է հենց առաջարկած «խնդրահարույց» թեմայի շուրջ։ Քննադատելով այդ թեզը՝ ընդդիմախոսները կարող են օրերով պահել այն հանրային ուշադրության կենտրոնում։

Սա հակադարձ հոգեբանության կարևոր մեխանիզմներից է․ հակազդեցությունը կարող է դառնալ սկզբնական մեսիջի տարածման միջոց։

Մեկ այլ տարբերակ է «արգելված թեմայի» էֆեկտը։ Սա այն դեպքն է, երբ որևէ գաղափար չափազանց կտրուկ ներկայացվում է որպես վտանգավոր, անընդունելի կամ հետադիմական, և աստիճանաբար դրա նկատմամբ հետաքրքրությունը կարող է ոչ թե նվազել, այլ աճել։ Մարդկանց մոտ առաջանում է բնական հարց՝ իսկ ինչո՞ւ է իշխանությունն այդքան կտրուկ արձագանքում դրան։

Մյուս կարևոր մեխանիզմը հակառակորդին սեփական օրակարգի մեջ ներքաշելն է։ Եթե իշխանությունը որևէ սուր թեզ է առաջ քաշում, իսկ ընդդիմախոսները սկսում են միայն դրա հերքմամբ զբաղվել, իշխանությունը պարտադիր չէ, որ հաղթի իր փաստարկով։ Բավական է, որ կարողանա ստիպել բոլորին խոսել իր ընտրած թեմայի մասին։

Այստեղ կարող է աշխատել նաև «սադրանք–արձագանք» մեխանիզմը (սրա հարյուրավոր օրինակերի ականատես ենք եղել ԱԺ-ում)։ Որպես կանոն ընտրվում է այնպիսի ձևակերպում, որի կոշտ արձագանքը կանխատեսելի է։ Հակառակորդները բարկանում են, կոշտ պատասխան են տալիս, և ուշադրությունը տեղափոխվում է արդեն նրանց վարքագծի վրա։ Սկզբնական հարցը հետին պլան է մղվում, իսկ իշխանությունը ստանում է իրեն պաշտպանվող կողմ ներկայացնելու հնարավորություն։

Փաշինյանի քաղաքական հաղորդակցության մեջ առանձին հետաքրքրություն է ներկայացնում նաև «սովորական մարդու» կերպարի կառուցումը։ Ընտանիքը, առօրյան, հեծանիվը, սուրճը, երաժշտությունը, խոհանոցային տեսանյութերը և նմանատիպ բովանդակությունը ստեղծում են ոչ այնքան պաշտոնյայի, որքան «ձեզանից մեկի» կերպար։ Այդ կերպարի պայմաններում քաղաքական քննադատությունը կարող է ընկալվել ոչ թե որպես իշխանության քաղաքականության, այլ անձի դեմ ուղղված հարձակում։

Նույն մեխանիզմը կարող է գործել քաղաքական արժեքների բառապաշարի դեպքում։ Օրինակ՝ «խաղաղություն» հասկացությունը կարող է ներառել այնքան լայն քաղաքական շրջանակ, որ կոնկրետ որոշումների քննարկումը փոխարինվի պարզ բարոյական հակադրությամբ՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմի վտանգ։ Այդ դեպքում իշխանության քաղաքականությունը քննադատողը կարող է հայտնվել խաղաղությանը դեմ հանդես եկողի դիրքում, նույնիսկ եթե նրա քննադատությունն իրականում վերաբերում է այդ քաղաքականության կոնկրետ հետևանքներին։

Այս ամենի հիմքում մի ընդհանուր սկզբունք կա․ մարդուն պարտադիր չէ համոզել։ Ավելի արդյունավետ է ձևավորել այն միջավայրը, որտեղ նրա բնական հույզը՝ հետաքրքրությունը, հակադրությունը, բարկությունը կամ վախը, սկսում է աշխատել քաղաքական նպատակի ուղղությամբ։

Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը հենց այստեղ է սկսվում․ պետության ղեկավարի դիրքից հասարակական հույզերը, վախերն ու հակադրությունները քաղաքական նպատակով շահարկելը փոխում է ոչ միայն քաղաքական պայքարի բնույթը, այլև հասարակության նկատմամբ իշխանության պատասխանատվության չափը։ Իրականում այն պահից, երբ հանրային արձագանքը դառնում է իշխանության քաղաքական տեխնոլոգիայի մաս, իշխանությունը պատասխանատու է նաև այդ արձագանքի հետևանքների համար։

Ըստ էության՝ «հակադարձ հոգեբանության» ամենամեծ վտանգը հենց դրա անտեսանելիությունն է։ Մարդը կարող է կարծել, թե ինքն է ազատորեն ընտրում իր արձագանքը, մինչդեռ նրա հույզերի, հակադրության և նույնիսկ բողոքի ուղղությունը կարող է նախապես ձևավորված լինել։ Ամենաարդյունավետ մանիպուլյացիան այն է, երբ մարդուն չեն ստիպում մտածել քո ուզածի պես, այլ այնպես են կառուցում իրավիճակը, որ նա սեփական ընտրությամբ գալիս է քեզ անհրաժեշտ արձագանքին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ