23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ –ում  հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված  է տալիս

Ստրասբուրգում մեկնարկած աշնանային նստաշրջանն առաջին իսկ երեք օրերի ընթացքում աչքի ընկավ Ադրբեջանին ուղղված սուր քննադատություններով՝ մարդու իրավունքների աղաղակող խախտումների, հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումների, բռնաճնշումների կիրառման դեպքերի արձանագրումներով: Նիստի առաջին օրը ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերն իր մամուլի ասուլիսում խստագույնս քննադատեց Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը երկու տարվա ընթացքում շարունակաբար  վատթարանում է։

Ադրբեջանական պատվիրակությունն իր հերթին, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին առնչվող քննադատությունների հզոր ալիքից, դիմեց իր կողմից որդեգրած հայտնի «տրյուկին»՝ սլաքն ուղղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու հանգամանքին  և փորձելով ԵԽԽՎ ամբիոնը օգտագործել հակահայկական քարոզչության համար:

Մեր պատվիրակությունը ներկայացավ կազմ պատրաստ՝ ադրբեջանական բոլոր ոտնձգություններին արժանի հակահարվածը տալով թե՛ լիագումար նիստում իրենց ելույթներով և թե՛ հանձնաժողովներում հրավիրված բանավեճերի ընթացքում:

Մասնավորապես, սեպտեմբերի 28-ի լիագումար նիստի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ-ին մեղադրել է շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ: Ի պատասխան Հուսեյնովին ՀՀ պատվիրակությունը ներկայացնող Վահան Բաբայանը շեշտել է, որ ՀՀ կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի և հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը: Բաբայանը նաև հայտարարել է ԼՂ հակամարտության ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին:
Սեպտեմբերի 29-ին  «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը մարդասիրական և քաղաքական արձագանքի ենթատեքստում»  ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը Վեհաժողովի ուշադրությունն է հրավիրել Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների նկատմամբ բռնության դեպքերին, մասնավորապես “Իսլամական Պետություն” կոչված խմբավորման տարածման արդյունքում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, դպրոցների և մշակութային այլ հաստատությունների ոչնչացման,  ահաբեկչական հարձակումների արդյունքում տասնյակ հազարավոր հայերի կորսված կյանքերի և արտագաղթի փաստի վրա:
Նաիրա Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ ինտեգրացիայի հարցը տնտեսական անորոշության, սոցիալական վճարումների կրճատման, գործազրկության և այլատյացության տրամադրությունների աճի այս ժամանակաշրջանում լուրջ խնդիր է ։

Սեպտեմբերի 29-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստական աշխատանքների ներկայացում, որի ընթացքում Վոլտերը կրկնելով ադրբեջանցիների կողմից բազմիցս հրամցվող կեղծիքը, դժգոհություն է հայտնել՝ Հայաստան իր այցը խոչընդոտելու համար: Ի պատասխան, նիստին ներկա գտնվող հայկական պատվրակության անդամ Արմեն Ռուստամյանը և պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշել են, որ այս ընթացքում պարոն Ուոլտերը բանակցել է Հայաստան այց կատարելու վերաբերյալ, բայց աշխատել է շրջանցել ԼՂՀ այցելելու պարտադիր պահանջը, չնայած  հանձնաժողովի կողմից իր հանձնարարությունն էր այցելել բոլոր կողմերին՝ լինել Ադրբեջանում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում:  Հանձնաժողովի նիստի ժամանակ Հերմինե Նաղդալյանն ու Արմեն Ռուստամյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել են նաև այն փաստերին ու  խեղաթյուրումներին, որոնք առկա էին զեկուցողի ելույթում։  Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ եթե զեկուցողը իսկապես շահագրգռված է սահմանի լարվածության պատճառների բացահայտմամբ, որն իր զեկույցի հիմնական առարկան է, ապա պետք է տեղյակ լինի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որտեղ նրանք հստակ նշել են, որ միակ մեխանիզմը, թե ինչպես պետք է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումները ՝ԵԱՀԿ քննչական մեխանիզմն է, որը առաջարկվել է երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի կողմից: Առանց այդպիսի մեխանիզմի, կողմերը շարունակելու են մեղադրել միմյանց՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին մահացու հարձակումները նախաձեռնելու մեջ:  Ընդհանուր առմամբ մեր պատվիրակները հակազդել և թույլ չեն տվել անհիմն մեղադրանքներ բարդվեն Հայաստանի վրա:

Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացող` ,,Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում,, թեմայով բանավեճի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմի իրականությունը խեղաթյուրող շահարկումների վրա `ՄԻԵԴ ընդունած վերջին երկու որոշումների՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» կապակցությամբ: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ տվյալ իրավիճակում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքորոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել ամեն հնարավորը իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար:

Հերմինե Նաղդալյանի բնորոշմամբ սա Բաքվի` շահարկումների  քաղաքականության վառ դրսևորում է.

«Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում Դատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով իսկ ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը Դատարանի և նրա վճիռների, ինչպես նաև` սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ, – հիշեցրել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը՝ միաժամանակ անհնարին որակելով հանգամանքը, , թե ինչպես է մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Դատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ և պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին:

Եզրափակելով իր ելույթը՝ ԱԺ փոխխոսնակը կոչ է արել Ադրբեջանին ՝դատարկ շահարկումների փոխարեն, իր քայլերն ուղղել դեպի կառուցողական մոտեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում:

Նույն օրը ` «Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում» ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին, հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի, հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարերի ոչնչացման համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ