Հրեական դպրոցի աշակերտներին սպանած ահաբեկիչը բանտարկյալ է եղել Աֆղանստանում
Տղամարդուն, ով մեղադրվում է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում իրագործած մի շարք հրեշավոր սպանությունների, այդ թվում` հրեական դպրոցի աշակերտների սպանությունների մեջ, ճանաչել է աֆղանական Կանդագար քաղաքի բանտապետը, հաղորդում է “Reuters”-ը: Նա վկայել է, որ Մուհամեդ Մերահը բանտարկյալներից մեկն է եղել, ում հաջողվել է փախչել:
Բանտապետը պատմել է, որ Մերահը ձերբակալվել է 2007-ին` ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Նրան դատապարտել են 3 տարվա ազատազրկման, սակայն արդեն իսկ 2008-ին նա միացել է “թալիբան” խմբավորմանը, որոնք էլ կազմակերպել են փախուստը: Դեռեւս չի ճշտվել` Մերահը հետախուզման մեջ է եղել, թե` ոչ:
Մուհամեդ Մերահը ալժիրյան ծագումով ֆրանսիացի է: Նա իրեն “Ալ-Քաիդայի” գրոհային է անվանել: Նրա խոսքով` սպանությունների միջոցով նա վրեժխնդիր է եղել մուսուլմանական երկրներում ֆրանսիական զորքերի առկայության համար, ինչպես նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության ժամանակ մահացած պաղեստինցի երեխաների համար: