Մեդվեդեւի վերջին հանդիպումն Օբամայի հետ էր, սակայն վերջինս արդեն մտածում է Պուտինի մասին
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Սեուլ` միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով, եւ արդեն հասցրել է բանակցություններ վարել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:
Նախագահները զրուցել են փակ դռների ետեւում, սակայն զրույցից հետո մի քանի հայտարարություն են արել լրատվամիջոցների համար: Մասնավորապես` նրանք քննարկել են Սիրիայի իրավիճակը, ինչը ամերիկացիների խոսքով` ներկա պահին միակ խոչընդոտն է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում: Մեդվեդեւը նշել է, որ իր նախագահության ընթացքում ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ավելի լավ են ընթացել, քան Պուտինի նախագահության օրոք:
Օբամայի հետ հանդիպումը վերջինն էր Մեդվեդեւի համար` որպես ՌԴ նախագահ: Արդեն մայիսին նա իր տեղը կզիջի Վլադիմիր Պուտինին, իսկ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է երկկողմ հարաբերություններին վերաբերող կարեւորագույն հարցերը քննարկել հենց վերջինիս հետ:
Սեուլյան գագաթաժողովին, որը կընթանա մարտի 26-ին եւ 27-ին, կմասնակցեն 53 երկրների եւ 4 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Գագաթաժողովի երկօրյա աշխատանքի ընթացքում Մեդվեդեւն առնվազն 3 երկկողմ հանդիպում կունենա: Այսօր նա կհանդիպի Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մեն Բակի, իսկ վաղը` Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի հետ: