Նախագահը մտադիր չէ հրաժարվել պաշտոնից
Հունգարիայի նախագահ Փալ Շմիտը հրաժարվել է պաշտոնաթող լինել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են գրագողության մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: Շմիտը հայտարարել է, որ կապ չի տեսնում իր զբաղեցրած պաշտոնի եւ 20 տարի առաջ գրված գիտական աշխատանքի միջեւ:
Ավելի վաղ Զեմելվայսի համալսարանի որոշման համաձայն Շմիտը զրկվեց իր գիտական աստիճանից, որն ստացել էր 1992-ին` “Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրի վերլուծությունը” թեմայով դոկտորական աշխատանքից հետո:
2012-ի հունվարին հունգարական ” HGV” ամսագիրը Շմիտին մեղադրեց գրագողության մեջ` նշելով, որ նրա դոկտորական աշխատանքում հատվածներ կան բուլղարացի գիտնական Նիկոլայ Գեորգիեւի աշխատանքից: Դեսերտացիայի ստուգման համար համալսարանում հատուկ հանձնաժողով ստեղծվեց, որը Շմիտի աշխատանքը համարեց անհամապատասխան` պրոֆեսիոնալ եւ էթիկական չափանիշերին:
Այն բանից հետո, երբ Շմիտին պաշտոնապես մեղադրեցին գրագողության մեջ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները նրան կոչ արեցին հրաժարվել պաշտոնից:
Շմիտը, ով Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, 2010-ին Հունգարիայի խորհրդարանի կողմից ընտրվել է նախագահ: Նրա նախագահական մանդատը կավարտվի 2015-ին: