Բացահայտվել է “դարի կողոպուտը”
Սերբիայում 6 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մի հանցագործության մեջ, որը տեղական մամուլում հայտնի է “դարի կողոպուտ” անվանումով: Այդ մասին հաղորդում է “B92”-ը:
Խոսքը միջազգային “Securitas” անվտանգության ընկերության ինկասացիայի մեքենայից կողոպուտի մասին է: 2011-ի մարտի 10-ին ինքնաձիգներով զինված եւ դիմակներով մարդիկ հարձակվել էին մեքենայի վրա եւ թաքնվել 5 պարկ փողերով: Գողացված գումարը գնահատել էին 850 հազար եվրո:
Ձերբակալությունները կատարվել են Սերբիայի տարբեր շրջանների 3 տարբեր քաղաքներում: Հետաքննության տվյալներով` ավազակախմբի ղեկավարը` 30-ամյա Ուրոշ Պետրովիչը, մասնակից է եղել մի շարք կողոպուտների, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,2 մլն եվրո:
Այն մասին, թե ինչպես են ոստիկանները դուրս եկել Պետրովիչի եւ նրա 5 գործընկերների հետքի վրա, տեղեկություն չի հաղորդվում: Սերբիայի Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ գողացված գումարը գտնել չի հաջողվել: