Բերլուսկոնիի օրգիաները կրկին ուշադրության կենտրոնում են
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մարմնավաճառների գործի շուրջ ծագած սկանդալը կարող է նոր ընթացք ստանալ: Նախօրեին Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Վալտեր Լավիտոլլան, ով համարվում է տվյալ դատական գործի հիմնական վկան, հաղորդում է “BBC”-ն:
Լավիտոլլան մի քանի ամիս թաքնվում էր Արգենտինայում: Հայրենիք վերադառնալուն պես նրան ձերբակալել են: Նա մեղադրվում է “ֆինանսական միջնորդ” լինելու մեջ` Բերլուսկոնիի եւ այն ամուսնական զույգի միջեւ, որը հանդիսանում է Բերլուսկոնիի վիլլա թեթեւաբարո աղջիկներ ուղարկող ընկերության սեփականտերը: Լավիտոլլան հերքում է այդ մեղադրանքը:
Գործի նախնական փուլում հետաքննությունն ստուգում էր մի տարբերակ, ըստ որի ամուսնական զույգը շանտաժի է ենթարկել Բերլուսակոնիին` նրանից պահանջելով ավելի քան կես միլիոն` փոխարենը խոստանալով լռել նրա սեքսուալ զվարճանքների մասին: Սակայն հետո դատախազությունը կենտրոնացավ այն հարցի վրա, թե արդյոք վարչապետը տեղյակ էր, որ ընկերության “տրամադրած” աղջիկները պրոֆեսիոնալ մարմնավաճառներ են:
Հետաքննության տվյալներով` հենց Լավիտոլլան պետք է առձեռն գումար փոխանցեր ամուսնական զույգին, որպեսզի նրանք վկայություն տային այն մասին, որ Բերլուսկոնին, իբր թե, չգիտեր, որ իր վիլլա են ուղարկում մարմնավաճառների: Բացի այդ, իրավապահ մարմինները կարծում են, որ վարչապետը նաեւ խոստացել է աջակցել Ջանպաոլո Տարանտինիի եւ նրա կնոջ բիզնեսին, եթե նրանք “անհրաժեշտ” վկայություն տան: