Ահաբեկչություններ Ուկրաինայում
Այսօր` ապրիլի 27-ին, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում գրեթե մեկ ժամվա ընթացքում տեղի է ունեցել 4 պայթյուն: Ուկրաինայի Արտակարգ Իրավիճակների վարչությունը հայտնել է, որ առաջին 3 պայթյունների արդյունքում 27 մարդ է տուժել, որոնցից 25-ը հոսպիտալացվել է: Դոնեցկի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել` “ահաբեկչական ակտ” հոդվածով: Այս մասին հաղորդում է “Интерфакс-Украина”-ն:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել տրամվայի կանգառում: Պայթեցվել են տրամվայի ապակիները եւ հարեւանությամբ կանգնեցրած մեքենան: 2-րդ պայթյունը տեղի է ունեցել “Родина” կինոթատրոնի մոտ` աղբարկղում պայթել է անհայտ առարկա: 3-րդ պայթյունը տեղի է ունեցել Մերձկայարանային փողոցում, 4-րդը` առաջին պայթյունի վայրից մի քանի մետր հեռավորության վրա` հակառակ կողմում գտնվող կանգառում:
Քաղաքի գրեթե ողջ տարածքում դադարեցված է երթեւեկությունը: Ըստ որոշ տվյալների` պայթյունները 4-ից ավել են եղել, սակայն պաշտոնապես այս տեղեկությունը ոչ ոք չի հաստատել: