Երբեք ընտրությունների արդյունքներն այսքան անորոշ չեն եղել. Սարկոզի
Ֆրանսիայում մայիսի 6-ին նոր նախագահ կընտրվի, ով 1988-ից հետո առաջին անգամ հնարավոր է, որ սոցիալիստական կուսակցությունից լինի, տեղեկացնում է “BBC”-ն:
Ապրիլի 22-ին կայացած Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը հավաքել էր ձայների 28,6 տոկոսը, իսկ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` 26,2 տոկոսը: Նրանց նախընտրական քարոզչության գլխավոր թեմաներն էին աճող գործազրկությունը եւ եվրոյի ճգնաժամը: Սարկոզին ընդգծում էր իր արժանիքները` ճգնաժամի դեմ պայքարելու գործում` խոստանալով ընտրվելու դեպքում պահպանել “ուժեղ Ֆրանսիան”: Միեւնույն ժամանակ Օլանդը պնդում է, որ երկիրը լուրջ ճգնաժամի մեջ է եւ փոփոխությունների կարիք ունի:
Ֆրանսիայի հիմնական տարածքում եւ Կորսիկայում ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ից մինչ երեկոյան 18-ը: Մեծ քաղաքներում տեղամասերը կփակվեն 2 ժամ հետո:
Մարին լե Պենը, ում օգտին ընտրությունների առաջին փուլում քվեարկել էր 6,4 մլն ֆրանսիացի, հայտնել է, որ ինքը դատարկ քվեաթերթիկ է նետելու քվեատուփի մեջ, իսկ իր կողմնակիցներին կոչ է արել “քվեարկել խղճի մտոք”: Նա նաեւ հավելել է, որ ընտրություններն ավարտված են, քանի որ “Սարկոզին վաղուց է պարտվել”: Ֆրանսուա Բայրուն, ով առաջին փուլում հավաքել էր ձայների 8 տոկոսը, հայտնել է, որ աջակցելու է Օլանդին:
Գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իր հերթին նշել է, որ “երբեք ընտրությունների արդյունքներն այսքան անորոշ չեն եղել”:
Նախագահական ընտրություններից հետո` հունիսին, Ֆրանսիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները: