Կարմիր քերծ բնակատեղի (Կարկաժան)
2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։
Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Գտնվում է Ստեփանակերտից հարավ-արևմուտք՝ Կարմիր Քերծ կոչվող բարձր ժայռազանգվածի տակ գտնվող սարահարթին։
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մ։
Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից (նախկինում՝ գյուղ) 1,6 կմ հարավ-արևմուտք գտնվող անտառներով շրջապատված գեղատեսիլ սարահարթում՝
Կարմիր քերծ կոչվող ժայռազանգվածի ստորոտում է տարածվում միջնադարյան բնակատեղին։
Ըստ տարածքում պահպանված պատմամշակութային լանդշաֆտի ուսումնասիրության՝ այս տարածքը բնակատեղի է եղել անհիշելի ժամանակներից։
Բնակատեղիի ամենահին պահպանված հուշարձանը՝ սալարկղային դամբարանադաշտը, վերաբերում է Ք․Ա․ 2-1-ին հազարամյակներին։
Մնացած հուշարձանները՝ եկեղեցին, գերեզմանոցը և գերեզմանային կոթողները, հիմնականում վերաբերում են 12-14-րդ դարերին։
Հավանաբար բնակավայրը լքվել է 14-րդ դարի վերջերին, որը համընկնում է Լենկթեմուրի արշավանքների ժամանակաշրջանին։
Բնակատեղիի հիմնական տարածքը հերկված է, շինությունների մասին վկայում են միայն հիմքերի կոպտատաշ պատերով փոսորակները։
Պահպանվել են խոնարհված Կարմիր Ավետարան կոչվող եկեղեցին և շրջակա գերեզմանոցը։
Բնակատեղիի անվանումը նույնպես չի պահպանվել։
Ժողովրդական բանահյուսության մեջ տարածքը հիշատակվում է Խաչ, Խաչին տարածք, Շինատեղ, Կարմիր քերծի տարածք, Կարմիր Ավետարան անուններով։
Տարածքի հիմնական հուշարձանախմբից դեպի հյուսիս-արևմուտք՝ 100 մ հեռավորության վրա, փաստագրվել է նաև սալարկղային թաղումներով դամբարանադաշտ։
Ըստ բնակատեղիի տարածքում առկա պատմաճարտարապետական և գերեզմանային կոթողների ուսումնասիրության՝ բնակատեղին թվագրվում է 12-14 դդ․։
Հուշարձանի մասին նշում է Սամվել Կարապետյանն իր «Արցախի մանրատեղանունները» գրքում։
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականով՝
հուշարձանի դաշտային ուսումնասիրությունները կատարել են Գագիկ Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը։
Բնակատեղին իր պատմաճարտարապետական հուշարձաններով և գերեզմանային կոթողներով կարևոր պատմամշակութային նշանակություն ունի
Ստեփանակերտի շրջակայքի պատմական միջավայրի և հայկական միջնադարյան հուշարձանների ուսումնասիրման համար։
Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org