23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճանկաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցին

Կառուցվել է 17-րդ դարի սկզբին , բայց հիմնովին վերակառուցվել է 2018 թվականին։

Գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառում (հետագայում Խաչեն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանում։

2023 թ․ սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Ճանկաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1609 թվականին։

Կառուցման թվականը արձանագրված է եղել եկեղեցու բարավորին, որը տեսել և վավերագրել է բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․

«Թվին ՌԾԸ (1609) յիշատակ է Ղուկասի որդի Գրիգորի»։

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին զոհ է դարձել հակակրոնական գաղափարախոսությանը և պայթեցվել է, պահպանվել է միայն հյուսիսային պատի մի հատվածը։

Հենց այդ ժամանակ էլ հավանաբար անհետացել է նաև բարավորի շինարարական արձանագրությունը։

Թեև եկեղեցին թվագրվում է 17-րդ դար, սակայն տարածքում պահպանված ավելի վաղ շրջանի բազմաթիվ խաչքարերը վկայում են, որ այստեղ սրբատեղի է եղել առնվազն զարգացած միջնադարից։

Եկեղեցու արևմտյան կողմում պահպանված գերեզմանոցն ամփոփում է տասնյակից ավելի գերեզմանաքարեր։

Մակար Բարխուդարյանցն արձանագրում է․

«Տաճարիս դրան ամփոփուած են տասնևմի քահանաներ, որք են նախկին բնակչաց հոգևոր հովիւներն»։

Ծնունդով ճանկաթաղցի ռուսաստանաբնակ բարերար Էդուարդ Սարգսյանի նախաձեռնությամբ և նրա ընտանիքի ֆինանսական աջակցությամբ 2011 թ․ սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները։

Շինարարությունն ավարտվել և եկեղեցին վերաօծվել է 2018 թ․ հունիսին։

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով պարզ թաղակապ սրահ է։

Թաղը հենված է երկու զույգ պատկից որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։

Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են։

Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։

Սրահի արևմտյան հատվածի ուղղությամբ վեր է բարձրանում քառասյուն զանգակատունը։

Հյուսիսային որմնակամարների ստորին հատվածներում և որմնասյուներին ագուցված են խաչքարեր ու տապանաքարեր։

Արևմտյան պատին արտաքուստ ագուցված են արձանագիր և անարձանագիր ոչ մեծ չափսի մի քանի խաչքար։

Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։

Եկեղեցին լուսավորվում է հինգ լուսամուտներով, որոնցից երկուսը հարավային կողմում են, երկուսը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան։

Եկեղեցու մուտքի նորակերտ բարավորի վրա արձանագրված է վերակառուցման տարեթիվը․

«Ի հայրապետութեան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգնի Բ կաթողիկոսի եւ յառաջնորդութեան Տէր Պարգեւի Արքեպիսկոպոսի վերակառուցաւ Սուրբ Գեւորգ եկեղեցիս արդեամբ Տէր Էդուարդ Սարգսեանի յամի տեառն ՍԺՀ 2018»։

Եկեղեցին կառուցված է տեղական կիսամշակ քարից, պատուհանների և մուտքի եզրագոտիները, պատերի անկյունաքարերը սրբատաշ են։

Տանիքը կղմինդրածածկ է։

Եկեղեցու արևելյան մասում կառուցված է փոքր մատուռ։

2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ճանկաթաղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ