23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Գերեզմանում քունը տևական չէ»

Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նրանց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է, որ այդ սովորությանը հետևեն, հակառակ պարագայում միջավայրը կդատի իրենց…

Արդյո՞ք մեր հարգանքը ննջեցյալի հանդեպ սահմանափակվում է միայն գերեզման այցելելով: Բայց չէ՞ որ կան այլ սովորություններ ևս, որ քրիստոսահիմն եկեղեցին դարեր շարունակ պահպանում է: Օրինակ՝ մինչև գերեզման գնալը, տարվա մեջ հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերին բոլոր եկեղեցիներում Սբ. Պատարագ է մատուցվում, որի ավարտին հոգեհանգստյան արարողությամբ ներկաները հոգևորականի հետ միասին աղոթում են ննջեցյալների հոգիների հանգստության համար՝ հայցելով Տիրոջ ողորմածությունը: Ինչպես նաև սովորություն կա ննջեցյալների անունից ողորմություն տալ կարիքավոր մարդկանց:

Գերեզմանների հանդեպ մարդկանց հարգանքի մասին ֆրանսիացի գրող, դիվանագետ Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանն (1768-1848 թթ.) իր «Քրիստոնեության հանճարը» գրքում բարոյական մի ուրիշ ապացույց է ներկայացնում հոգու անմահության վերաբերյալ. «Այնտեղ անհաղթահարելի մի թովչանքով, կյանքը կապված է մահվան: Մենք մեր նախնիների աճյունները հարգում ենք նրա համար, որ ներքին մի ձայն ասում է, թե ամեն ինչ ջնջված, վերջացած չէ նրանց համար: Եվ այդ ձայնն է, որ սրբագործում է հոգեհանգստյան պաշտոնը երկրագնդի բոլոր ժողովուրդների մոտ: Բոլորն էլ հավասարապես համոզված են, որ քունը տևական չէ նույնիսկ գերեզմանում, և որ մահն ուրիշ բան չէ, եթե ոչ փառավոր մի այլակերպություն»:

Ինչո՞ւ է կարևոր աղոթել մահացածի համար, ի՞նչն է մեզ դրդում այդ աղոթքին: Քրիստոսի խոսքի համաձայն՝ մենք պետք է սիրենք մեր մերձավորներին ինչպես ինքներս մեզ և մահացածի համար աղոթելով՝ արտահայտում ենք մեր անկեղծ և նվիրյալ սերը նրանց հանդեպ: Այդ սերը շատ թանկ է մահացածների համար, քանի որ իրենք, անօգնական լինելով, ստանում են այդքան սպասելի օգնությունը:

Շատերն իրենց մահացած հարազատների, ընկերների և ծանոթների հիշատակը վառ են պահում՝ իրենց մոտ որպես հուշ ունենալով նրանց համար առանձնահատուկ իրեր, նրանց նկարները կամ էլ ի հիշատակ նրանց հուշարձաններ են կառուցում՝ շուրջը ծառեր և ծաղիկներ տնկելով: Բայց արդյո՞ք դա է նրանց հիշելու ամենաառաջնային և անհրաժեշտ ճանապարհը: Եվ դա միանգամայն նման է նրան, որ սովից մահացողին հացի փոխարեն որևէ մեկն անուշահոտ ծաղիկներ նվիրի: Մարդիկ տարբեր հարգանքի նշաններ են ցույց տալիս ի հիշատակ մահացածի՝ մոռանալով նրա համար ամենակարևորը՝ աղոթքը: Մի՞թե գթությամբ չի լցվի որևէ սիրտ և օգնության ձեռք չի մեկնի, երբ տեսնի ոչ այդքան խորը ջրափոսի մեջ ընկած երեխային, որ դժվարանում է դուրս գալ այնտեղից: Նույնն է և պարագան մահացածների դեպքում, ո՞վ կարող է նրանց օգնության հասնել, եթե ոչ կենդանի մարդիկ:

Ցավալիորեն, կենդանի մարդիկ շատ հաճախ մոռանում են նրանց՝ անտեսելով հոգին և կարևորելով միայն տեսանելին: Եկեղեցու հայրերն ասում են, որ մահացածի համար աղոթողը նաև իր համար է աղոթում, քանի որ Տերը, տեսնելով մահացածի հանդեպ մեր ողորմածությունը, Ինքն էլ է մեզ ողորմում: Նրանք նաև հորդորում են մահացածի համար աղոթքն ուղեկցել նրանց հիշատակին նվիրված ողորմություններով: Սբ. Հովհան Ոսկեբերանն իր ուսուցումներից մեկում խրատում է, որ մահացածին չենք օգնի արցունքներով, այլ աղոթքներով, ողորմածությամբ և ընծաներով: Ապա՝ հարգիր մահացածի հիշատակը ողորմածությամբ և բարեգործությամբ, քանի որ ողորմածությունը ծառայում է հավիտենական տանջանքներից ազատմանը: Աստվածաշնչում պարզորեն ասված է այս մասին. «…ողորմությունը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից, ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում են կյանքով» (Տոբիթ 12:9):

Մահացածի վիճակը նման է այն մարդու դրությանը, որը լողում է շատ վտանգավոր գետով, և նրա համար ասված աղոթքն ասես մի փրկարար պարան լինի, որ նետում է մարդը խեղդվող իր հարազատին:

Իսկ սբ. Պաիսիոս Աթոսացին էլ հորդորում է. «Մահացածի համար աղոթքն Աստծու կողմից իրեն տրված վերջին հնարավորությունն է մինչև Երկրորդ գալուստը: Այդ պատճառով է եկեղեցին սահմանել հոգեհանգստյան արարողությունը: Երբ դու աղոթես մահացածի համար, նրա հետ միասին աղոթիր նաև մյուս մահացածների համար: Ինչո՞ւ գնացքն այդքան հեռու գնա մեկ ուղևորով, չէ՞ որ այն կարող է և այլ ուղևորներ էլ վերցնել:

Գիտե՞ք, թե ինչքան մահացածներ կան, որ աղոթքի կարիք ունեն: Դժբախտներն օգնություն են խնդրում, բայց չկա մեկը, որ նրանց համար աղոթի: Մահացածի համար հոգեհանգստյան արարողությունից առավել կարևոր և օգտաշատ է հոգևոր կյանքում մեր ուշադրությունը, այն պայքարը, որ մղում ենք թերություններից ազատվելու և հոգին մաքրելու համար: Քանի որ կրքերից և նյութական իրերից մեր ազատագրումը ոչ միայն մեզ է թեթևություն բերում, այլ նաև մեր մահացած նախնիներին: Մահացածն ուրախություն է ապրում, երբ տեսնում է, որ իր հետնորդն աստվածահաճո կյանքով է ապրում: Եթե մենք բարի հոգեվիճակում չենք, ապա մեր մահացած ծնողները, պապերն ու նախապապերը, մեր նախնիները տխրում են մեզ համար: Իսկ հակառակ պարագայում նրանք ուրախություն են ապրում, քանի որ եղել են Աստծու համագործակիցները՝ նպաստելով մեր ծննդյանը, և Աստված ինչ-որ կերպ պարտավորվում է օգնել իրենց»:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ