23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մարդու սիրտը

«Որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6․21)։

«Գանձ» նշանակում է «երջանկություն» կամ էլ մատնացույց է անում մեր սիրո ու բաղձանքի գլխավոր առարկային: Չէ որ մեր սիրտը երջանկություն է փափագում, մեր տենչանքները երջանկության են ձգտում: Երջանկության շուրջն են պտտվում մեր բոլոր մտածումներն ու երազանքները, երջանկությամբ ենք ուրախանում, երջանկության հույսով ենք ցնծում ու երջանկության ակնկալությամբ ենք մխիթարվում:

Մեր բոլոր ջանքերի ու աշխատությունների միակ նպատակը երջանկության հասնելն է: Գանձը և երջանկությունը սիրո ու բաղձանքի գլխավոր առարկաներն են և նույն իմաստն ունեն: Ուրեմն բնաբանի միտքը հետևյալն է. ինչի մեջ որ գտնում եք ձեր երջանկությունը և ինչը որ ձեր սիրո ու բաղձանքի առարկան է, դա իսկ է ձեր սիրտն ու էությունը:

Սիրտը և էությունը նույնն են: Բարոյականության աչքը սիրտն է, այնտեղ՝ սրտի մեջ է բարոյական գործերի զսպանակը կամ շարժառիթը: Կամքը սրտի համաձայն է գործում:

Բարի կամ չար, վսեմ կամ ստոր, սուրբ կամ անսուրբ բաներ ցանկացողներն ունեն էություն կամ բարոյականություն, որը կազմված ու պատրաստված է նույն ցանկություններով, միևնույն ցանկալի բաներով: Սա է այն թեման, որի մասին պիտի խոսենք:

Եթե մեր երջանկությունը ձևավորող տարրերը կամ մեր սիրո ու բաղձանքի գլխավոր առարկաներն աշխարհային, երկրային և մարդկային են, ուրեմն մեր սիրտն ու էությունն էլ է այդպիսին, այսինքն՝ ունայն, ստոր և չար:

Իսկ եթե մեր կողմից սիրված կամ բաղձալի իրերը երկնային, հոգևոր ու աստվածային բարիքներն են, ապա մեր սիրտն էլ է այդպիսին, այսինքն՝ վսեմ, սուրբ և կատարյալ:

Սերը և բաղձանքը մեր սիրտը կապում, միացնում են արտաքին երևույթներին ու մեզ հաղորդակից են դարձնում դրանց հատկություններին կամ բնությանը: Սուրբ Գրքում կարդում ենք. «Եվ Հովնաթանի ոգին կապվեց Դավթի ոգուն» (Ա Թագ. 18։1):

Սերն ու բաղձանքն էին, որ Հովնաթանի սիրտը կապել էին Դավթի սրտին: Եվ այդ կապի արդյունքում Հովնաթանի սիրտը ստացել էր Դավթի սրտի նմանությունը. այն դարձել էր այնպիսի մի սիրտ, որն Աստծու ուզածի պես էր:

Հովնաթանի արարքներին նայող մեկը պիտի ասեր, թե նա մեկ ուրիշ Դավիթ էր. Դավթի սիրտը ներգործել էր նրա սրտին: Այդպես էլ մեր սիրելի առարկաներն են ներգործում մեզ վրա և մեզ՝ մեր սրտին ու էությանն իրենց նույնությունը և նմանությունն են հաղորդում:

Սիրելը կամ ցանկանալը, մեկ ուրիշ բացատրության համաձայն, մեր սրտի կամ բարոյականության ուտելը և խմելն է: Ինչը որ սիրում ենք, այն ասես թե ուտում ու խառնում ենք մեր բնությանը: Ինչպես որ բնական սնունդը ձևավորում է մեր մարմինը, այդպես էլ մեր սիրած բաները կազմում են մեր սիրտն ու բարոյականությունը:

Օրինակները լավագույնս վկայում են այդ մասին: Աստված կամեցավ, որ մարդուն ազնիվ, բարի և կատարյալ դարձնի, սակայն ի՞նչ ճանապարհով արեց դա: Այս նույն ճանապարհով. Աստված բարության, ազնվության և կատարելության ծայրագույն աստիճանի վրա դրեց մարդու սիրտը, ու Ինքը որպես սիրո և բաղձանքի առարկա պարգևվեց մարդուն:

Աստված անհուն խնամք, գորովանք ու սեր ցուցաբերեց մարդու նկատմամբ, անհուն բարիքներ, երջանկություն և երախտիքներ պարգևեց ու խոստումներ տվեց նրան, և այդպիսով մարդու մեջ սեր ու բաղձանք ծնեց Իր հանդեպ:

Եվ մարդը, ապավինելով Աստծուն ու Նրա շնորհած պարգևներին, սիրելով ու փափագելով Նրան և Նրա խոստումներին՝ ազնվացավ, սրբվեց ու կատարելագործվեց: Հավատացյալի՝ Քրիստոսի հետ միության խորհուրդը բացատրվում է սույն սկզբունքով. մեր Տերն ասում է. «Ով որ սիրում է Ինձ, պիտի պահի Իմ պատվիրանները» (հմմտ. Հովհ․ 14.23):

Հիսուս դարձյալ ասում է. «Ով «ուտում» է Ինձ, Նա էլ կապրի Իմ միջոցով» (Հովհ. 6.58): Նրան սիրելը և Նրան «ուտելը» ու Նրան հավատալը նմանություն, նույնություն ու հաղորդություն է ստեղծում Հիսուսի հետ Նրա բնությունը սիրողի և Նրան հավատացողի համար:

Այդպիսով Քրիստոսի բնությունը, սրբությունն ու կատարելությունը խտանում են մարդու սրտի մեջ…

Այս նույն մեթոդը գործածեց նաև սատանան, երբ մարդուն ապստամբեցրեց Աստծու դեմ: Սատանան մարդու սրտի մեջ սեր ու բաղձանք սերմանեց դեպի իր խոսքերն ու իր փափագելի խոստումները, և այդ եղանակով կարողացավ մարդուն հեռացնել Աստծուց:

Միևնույն մեթոդն են մարդիկ գործածում ամեն ժամանակ: Չար մարդը չի կարող իր կողմը գրավել ուրիշներին, եթե նրանց չոգևորի իր չարությունների հանդեպ փափագով և սիրով:

Այդպես էլ բարի մարդն ուրիշներին ճիշտ ճանապարհի վրա բերելու համար նույնն է անում. ջանում է բարության բաղձանքը վառել նրանց մեջ ու նրանց բորբոքել Աստծու սիրով:

Արդյոք սա չէ՞ նաև դաստիարակության գաղտնիքը, որը նպատակ ունի երեխաների սիրտը լցնել բարի, ազնիվ ու սուրբ զգացումներով, նրանց սրտերին այնպիսի մի թրթիռ հաղորդել, որպեսզի նրանք սիրեն բարին, ազնիվը և կատարյալը ու որպեսզի փափագեն դրանց:

Արդ, եթե այս օրենքի համաձայն՝ մեր երջանկությունը գտնենք աշխարհային, երկրավոր ու մարդկեղեն իրերի մեջ, եթե դրանք սիրենք ու փափագենք որպես մեր գերագույն նպատակ, ապա այդ դեպքում մեր սիրտը և էությունն էլ դրանց նման պիտի լինեն:

Այդպիսի աշխարհային իրերն են պերճությունը, փառքը, անվանիությունը, հարստությունը, ցանկությունը, շահը, այսինքն՝ կրքերը, հաճույքները և նյութական առարկաները, որոնք ինքնըստինքյան ունայն, ստոր ու չար բաներ են:

Սողոմոնն «ունայնություն» է կոչում հարստությունը, պերճությունը, փառքը և զվարճությունը (Առակ. 2): Մեկ ուրիշ տեղում էլ ասում է՝ «աչք պիտի տնկե՞ս այն բանին, որը ոչինչ է. այն մի օր պիտի թևեր առնի ու արծվի պես օդ պիտի թռչի…»:

Այդ բոլորը ստորին բաներ են, և մարդու համար արժանավայել չէ, որ նա իր բարձրությունից իջնի դեպի դրանց: Սուրբ առաքյալը Եսավին մեղադրում է, որ նա կերակուրի համար վաճառեց իր անդրանկությունը (Եբր. 12։16):

Սուրբ Հովհաննեսն այս աշխարհը և նրա մեջ եղած բոլոր հաճույքներն ու ցանկությունները «չար» է կոչում: Եվ ի՞նչ եք կարծում, մի՞թե հնարավոր է, որ այդ ամենը սիրողները բարի, սուրբ և մեծ լինեն: Բնա՛վ, այլ այդպիսի մարդիկ պիտի իջնեն այդ չար բաների աստիճանին ու կամ էլ պիտի դրանք ընդունեն իրենց մեջ: Եվ պիտի լինեն այնպիսին, ինչպիսին այդ չարիքներն են, ու դրանք պիտի կազմեն վերոնշյալ չարասեր մարդկանց էությունը:

Այդ մարդկանց սիրտը, իրենց փափագածների նմանողությամբ, ստոր, ունայն և չար պիտի լինի: Նրանք այլևս չեն լինի այն էակը, որը կոչված է աշխարհի երեսին եղող բոլոր արարածներից վսեմագույնը լինելու:

Այլևս պիտի դադարեն Աստծու այն գլուխգործոցը լինելուց, որը տիեզերքի իշխանն ու երկրի տիրակալն է: Այդպիսի մարդիկ կկորցնեն հոգեղեն էակ լինելու, մի մեծ նպատակի համար ստեղծված էակ լինելու նախանշանները, այդպիսի մի պատվի կոչված էակի սիրտն ու էությունը:

Նրանք, ընդհակառակը, պիտի ունենան վայրաքարշ և երկրային մի սիրտ՝ աղտեղի ու գծուծ, և պիտի նման լինեն այն ստորին էակներին, որոնք աղտոտ ջրերի ու ցեխերի մեջ են թրև գալիս:

Մի՛ խաբվեք, իմ եղբայրնե՛ր, ձեր արտաքին տեսքով, ձեր պերճությամբ, ձեր կրած տիտղոսներով, մարդկանց կողմից ձեզ տրված պատիվներով. մի՛ կարծեք, թե իսկապես այդքան մեծ ու պատվավոր եք: Ո՛չ, եթե ձեր սրտի փափագածներն այսաշխարհային, երկրավոր ու մարդկեղեն են, դուք ավելի մեծ, սուրբ ու բարձր չեք, քան ձեր այդ փափագածներն են:

Մի՛ խաբվեք. դուք չեք կարող սուրբ, բարի ու առաքինի լինել նույնիսկ ձեր մի քանի բարեգործությամբ կամ բարեպաշտության մի քանի դրսևորումներով, եթե ձեր սրտերը իջել ու հասել են իրենց սիրելի առարկաների մակարդակին:

Այնտեղ, որտեղ որ ձեր փափագներն են, որտեղ որ ձեր սրտերն եք, այնտեղ եք, նույնն եք նաև դուք: Ինչի՞ եք տենչում, ո՞րն է ձեր հույսը, ուրախությունը և մխիթարությունը. դուք ա՛յդ իսկ եք: Ժամանակին մի մեծանուն մարդ ասել է՝ «ինձ ասեք, թե ինչպիսի մարդկանց հետ եք դուք ընկերներ ու ինչպիսի մարդկանց հետ եք մտերիմ, և ես ձեզ կասեմ, թե դուք ինչպիսի մարդ եք»:

Ո՞րն էր պատճառը, որ Աստված իսրայելացիներին արգելեց, որ խնամիական կապեր հաստատեն քանանացի ազգերի հետ: Խնամիությունը սիրով է սկսվում և ենթադրվում է, որ ապագայում նույնպես է՛լ ավելի շատ սեր ու համակրություն պիտի բխեցնի: Եվ այդ սերն ու համակրքն իսրայելացիների սրտերը պիտի կապեր քանանացիների սրտերին, և իսրայելացիների սրտերում ավերածություն պիտի տեղի ունենար:

Իսրայելացիների սրտերը հաղորդակից պիտի լինեին քանանացիների աղտեղի կրքերին, և իսրայելացիները քանանացիների պես վատթար, ունայն ու աղտոտ ժողովուրդ պիտի դառնային: Ահա սա՛ էր այդ արգելանքի պատճառը:

Ո՞րն էր պատճառը, որ Սողոմոնը՝ այդ իմաստուն և բարի թագավորը, ընկավ ունայնասիրության ու կռապաշտության մեջ: Պատճառն այն էր, որ նա իր սիրտը, այսինքն՝ իր սերը և բաղձանքը նվիրեց այդպիսի երևույթներին: Նա սիրեց այդ վատթար, ցածր ու աղտեղի ազգերի աղջիկներին և կին առավ նրանց:

Սողոմոնը սիրեց ու սրտով կապվեց այդ աղջիկներին և լիովին հաղորդ եղավ նրանց էությանն ու բարոյական նկարագրին: Այդ կանայք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, «խոտորեցին նրա սիրտը»: Եվ Սողոմոնն իր ջերմագին սիրով սիրած այդ կանանց նման կռապաշտ, ունայնասեր ու չար դարձավ:

Ո՞րն էր հեթանոսության անառակության, պղծության և լկտիության աղբյուրը. այն կուռքերը, որոնց հեթանոսները սիրում ու պաշտում էին: Դրանք ցանկամոլության, հեշտասիրության ու չար կրքերի անձնավորումներն էին: Հեթանոսները սիրեցին դրանք ու այդ կրքերն իրենց համար դարձրին գերագույն նպատակ, և իսկապես նմանվեցին դրանց:

Սաղմոսերգուն ասում է. «Հեթանոսների կուռքերը պիղծ են»: Մեկ ուրիշ տեղում էլ ասում է, թե «դրանք ունայնություններ են», իսկ հետո էլ ավելացնում է. «Դրանց հուսացողներն էլ դրանց նման են»: Այդ հեթանոս մարդկանց մասին նաև ասվում է, որ նրանք սնվում են մոխրով, և նրանց խաբված սիրտը մոլորեցնում է նրանց…

Ահավասիկ Եսավը. թերևս կարեկցանք զգաք նրա հանդեպ այն բանի համար, որ Հակոբ նահապետը նրան խաբեց ու կորզեց անդրանկությունը՝ փոխարենը մի չնչին բան տալով միայն: Սակայն բնավ պետք չէ կարեկցանք ցուցաբերել Եսավի հանդեպ, քանի որ նա ինքնին արդեն անարժան էր անդրանկության այդ իրավունքին ու այդ վսեմ կոչման նկատմամբ փափագ և սեր չուներ, այլ նրա տենչանքն ու բաղձանքը իր ստորին, անարժեք ցանկությունների բավարարումն էր:

Եսավը, իր ուտելու ցանկությունից մղված, վաճառեց իր անդրանկության իրավունքը, իր մեծապատվությունը, անհուն սիրով սիրված լինելու կոչումը և օրհնությունները, ու այդ ամենը չնչին կերակրի, հաճույքի դիմաց:

Ո՛չ և ո՛չ, իմ եղբայրնե՛ր, չնչին բաների տենչացողները մեծ ու սուրբ սիրտ ունենալ չեն կարող…

Նայե՛ք Հուդային. նա առաջին հայացքից ասես առաքյալների շարքին էր դասված, սակայն իրականում այդ դասին չէր պատկանում: Որտեղ սրտով էր, այդտե՛ղ իսկ էր նա:

Հուդան սիրում էր արծաթը, և ուրեմն արծաթի «մեջ» էր նա. իր սիրած բանի պես նրա սիրտն էլ անզգա էր՝ միայն նյութը և ստոր ու վատթար ագահությունը սիրող…

Այդպես է, որ կա, ի՛մ եղբայրներ: Եթե սիրում եք երկրավոր, մարդկեղեն ու աշխարհային իրերն ու երևույթները՝ հակառակ մարդու կոչմանը, հակառակ մեզ շրջապատող սրբություններին, ուրեմն դուք սուրբ, վսեմ ու բարի չեք, այլ չար եք, ստոր և ապականված:

Ունայն, ստոր ու չար բաների հանդեպ սերն ունայն, ստոր և չար նկարագիր է ստեղծում մեր մեջ…

Մի կողմ թողնենք այդ ապականված մթնոլորտն ու գծուծ և ստորին նկարագիրը, քանի որ մեզ են սպասում լուսերամ գնդերը, սուրբ ու վսեմ նկարագրի տեր մարդիկ: Մարգարեների, առաքյալների և մարտիրոսների գնդերն են նրանք:

Լուսավոր արևածագից ավելի պայծառ, երկնքից ավելի ջինջ, խնկից ավելի անուշաբույր, բոլորովին երկնային, հոգևոր ու աստվածային տարրերով խմորված և կազմված՝ նրանք շողշողում են հրաշազան զարդարանքներով:

Ահավասիկ Աբրահամը՝ պատկառելի, խոհեմ, համբերող ու եռանդուն նահապետը: Նա իր սիրելի, պաշտելի Էակից, Հավիտենականից, իր հավատքի փորձառությունից է ավյուն ստանում:

Հակոբը՝ նրա թոռը, աչալուրջ, անխռով, հաստատուն նկարագիր ունի: Ցավերի մեջ՝ մխիթարություն, և տառապանքների մեջ՝ համբերություն ունի նա: Թշնամիների դեմ քաջասիրտ ու խոհեմ է, իսկ Նախախնամության հանդեպ՝ գոհունակ: Հզորից, Իսրայելի Աստծուց, Սելովամի ակնկալությունի՛ց է ստացել իր այդ նկարագիրը:

Ո՞ր լուսավոր մատները վրձնեցին Հովսեփի հոգու գեղեցկությունը, նրա սրտին տրտմության շուք ու փրկության ցնծություն հաղորդեցին: Կամ այդ ո՞ր երկնքի արևը նրա մտքի վրա ծագեցրեց այդ բյուրատեսակ լուսավորությունը, և ո՞ր զորություններով էր կոփված այդ հաստատուն կամքը. Հակոբի Աստծու սիրով, Նրա հոգով ու Նրա ճշմարտությամբ:

Ահավասիկ Մովսեսը՝ լույս ճակատով, լույս դեմքով և վառվռուն աչքերով: Որքա՜ն արդար, որքա՜ն իմաստուն, որքա՜ն հեզ ու որքա՜ն հաստատամիտ է նա: Փարավոնների պալատը նրա համար գայթակղություն չդարձավ, իշխանների հետ ընկերակցությունը չկարողացավ ապականել նրան:

Ինքը՝ Մովսեսը, զորավոր և եռանդուն լինելով, պատժեց մեղավորներին ու պատուհասեց չարասիրտներին: Ադամանդից ու լույսից կազմված այս մարդն ինչպե՞ս էր գոյացել. Աստծու հանդեպ հավատքով, սիրով և ճշմարտությամբ, Սինայի Աստծու, որոտացող Յահվեի ահարկու փառքով:

Ահավասիկ Սիոնի լուսապսակ արքան՝ հեզ, առաքինի, անհիշաչար Դավիթը, որ փղշտացիների ահն ու սարսափն էր, Իսրայելի պարծանքը և Յահվեի նախանձախնդիր երգահանը:

Որտեղի՞ց հայտնվեցիր, ո՜վ աստվածարյալ սուրբ թագավոր, որտեղի՞ց ձեռք գցեցիր այդ հրաշազան տարրերը, որոնցից կազմված ես դու, ո՞ր ծովից առար քո հոգու ծովը և ծով սրտիդ մեջ որտեղի՞ց այդքան եռանդ, քաջություն, վեհանձնություն, սեր ու արդարություն գոյացրիր. Երկնային Սրբարանից, Աստծու Հոգու ներկայությունից և Օրենքի սրբությունից:

Համակ լույսերի մեջ ողողված այս մյուս զորքը առաքյալների գունդն է: Որտեղի՞ց նրանց այդ լույսը, իմ եղբայրնե՛ր, որտեղի՞ց նրանց այդ իմաստությունը և սրբությունը, եթե ոչ երկնքից՝ ճշմարտության ու շնորհների անթափանցելի խորությունից, Հիսուսի՛ց, Ում սիրում և պաշտում էին նրանք:

Այո՛, երկնային, հոգևոր և աստվածային այդ շնորհներին էին փափագում այդ վսեմ, սուրբ ու կատարյալ մարդիկ՝ գործելով այդ շնորհների թելադրանքով: Նրանք երկնքից էին ստանում այն եռանդը, որով քարոզում էին Քրիստոսին, այն հիացումը, որով հռչակում էին հոգիների փրկությունը, այն հաստատամտությունը, որով վկայում էին ճշմարտության մասին, ու դա անում էին մինչև իսկ իրենց մահվա՛ն գնով:

Այո՛, այդ հրեշտակային վարքը, դյուցազնական քաջությունը, քրիստոսական օծությունն իրենց պաշտած և սիրած Աստծուց հորդել էր նրանց մեջ…

Տեսե՛ք, թե ինչպես է սուրբ Պողոսը խոսում փիլիպպեցիների հետ՝ ասելով. «Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ: Ամեն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թե՛ կուշտ լինել, թե՛ քաղցած մնալ, թե՛ առատության մեջ լինել, թե՛ զրկանք կրել: Ամեն ինչի կարող եմ Նրա՛ շնորհիվ, Ով ինձ զորացրեց» (Փիլիպ. 4.12-13):

Որտե՞ղ է Պողոսի սիրտը, այդ վսեմ ու սուրբ սիրտը. Քրիստոսի մեջ: Նայե՛ք, թե ինչ է ասում դաձյալ. «Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար… Նրա համար ամեն ինչից զրկվեցի, – և այդ բոլորը աղբ եմ համարում, – որպեսզի շահեմ Քրիստոսին և գտնվեմ Նրա մեջ» (Փիլիպ. 3.7-8):

Նույն միտքն է արտահայտում նաև սուրբ Հովհաննեսը. «Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք Նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ» (Ա Հովհ. 1.3):

Այս առաքյալներն իրենց սիրելի և պաշտելի Աստծուց են ստացել այդ սուրբ և կատարայալ բարոյական նկարագիրը…

Ահավասիկ նաև Ստեփանոսը: Ինչպիսի՜ քաջություն, ինչպիսի՜ վեհություն, ինչպիսի՜ շնորհներ էին շողարձակում նրանից, երբ Սինեդրիոնում կանգնած՝ կատաղիորեն թափահարում էր ունկնդիրների խիղճը՝ արտասանելով իր և Եկեղեցու՝ Քրիստոսի հավատքի պաշտպանողականը:

Նա ճշմարտության զորությամբ առյուծի նման մռնչում էր նրանց դեմ և անբիծ տատրակի նման քաղցրաբանում էր իր սիրելի Հիսուսի մասին: Ստեփանոսը քարերի կույտի միջից թողություն էր խնդրում իրեն սպանողների համար ու իր մաքուր հոգին ավանդում էր հոգիների Հորը:

Եղբայրնե՛ր իմ, որտեղի՞ց էր Ստեփանոսի վրա իջել այդ հոգին, եթե ոչ՝ երկնային հորիզոններից, ուր էլ որ բարձրացավ նրա սիրտը՝ հանգրվանելով իր ամենասիրելի Փրկչի՝ Աստծու մոտ, Ում մեջ որ նա ապրում իսկ էր: Ստեփանոսի վրա իջած հոգին հոգևոր աշխարհի՛ց էր հանգել նրա վրա, ա՛յն աշխարհից, որի քաղաքացին իսկ էր Ստեփանոսը:

Եվ դուք, ո՜վ մարտիրոսների գնդեր, ալեփառ ծերունիներ, դյուցազնացած կանայք, մանկահասակ երիտասարդներ, ջահազգեստ կույսեր և լուսերամ մանուկներ, ո՞վ է ձեզ «հորինել» այդքան շքեղ, պատկառելի և օծուն կերպարանքով, որի շնորհիվ դուք ձևավորեցիք այն նկարագիրը, որով վեր, դեպի վեր բարձրացաք այս աշխարհի ունայնություններից, ստորին ու վայրաքարշ կրքերից և երկրապիշ ցանկություններից, ու այդպիսով ոտքի կոխան արեցիք մարդկեղեն փառքը և աշխարհային հեշտասիրությունները:

Ոչինչ համարեցիք այս աշխարհի փառքն ու բանտերը, և դրա շնորհիվ էլ ավելի զորավոր եղաք տանջանքներից ու ձեզ տանջողներից՝ հաղթանակելով երկնային հույսով, աստվածային սիրով և որդեգրության շնորհներով:

Երանի՜ ձեզ, ո՛վ երջանիկ հոգիներ, սուրբ, մեծ ու ազնիվ հոգիներ: Դուք երկրի վրա գանձեր չունեիք. ձեր գանձերը երկնքում էին՝ սուրբ, մեծ և անպակասելի գանձեր, որոնք չեն սպառվում ու չեն վերանում հավիտյանս հավիտենից:

Երկրավոր իրերից որևէ մեկը դուք ձեր սիրո ու բաղձանքի առարկան չդարձրիք, և ձեր երջանկությունը չփնտրեցիք մարմնի համար սիրելի որևէ բանի մեջ: Կորովաբիբ աչքերով տեսաք այդ տեսանելի իրերից ավելի վեր եղող անտեսանելի, անշարժելի ու հավիտենական բարիքները, հարեցիք, փարվեցիք դրանց ու օրհնվեցիք այդ ամենի Պարգևատուի կողմից:

Չե՞ք ուզում դուք էլ, իմ եղբայրնե՛ր, մասնակից լինել այդ երանությանն ու օրհնությանը:

Ուրեմն դո՛ւք էլ սիրեցեք երկնավոր, հոգևոր ու աստվածային բաները, եղե՛ք նահապետների, մարգարեների, առաքյալների և մարտիրոսների նման մեծանուն, սուրբ և կատարյալ:

Դա անելը շատ ու շատ դյուրին է ձեզ համար: Աստված՝ ճշմարտությունը, ձեր կողքին է. դուք միայն ցանկություն հայտնեք, և գործն ինքնին գլուխ կգա: Սիրեցե՛ք Աստծուն և պիտի նմանվեք Նրան:

Սիրեցե՛ք Քրիստոսին, և Նրա՝ բարոյական կատարելությանը բնորոշ գծերը կդրոշմվեն ձեր սրտի ու բարոյական նկարագրի վրա. սերը ձեր ներսում պիտի պատկերի Քրիստոսին:

Ձեր հոգին ու սիրտը ձոնեցե՛ք Սուրբ Հոգուն, և շարունակ պիտի հաղորդ լինեք Նրա հրե զորություններին, մշտապես պիտի բարեփոխվեք դեպի կատարյալ բարին, կատարյալ ճշմարիտը և կատարյալ գեղեցիկը, պիտի վերափոխվեք՝ դառնալով ձեր բաղձանքի առարկան, ձեր գանձը….

Սիրեցե՛ք ճշմարտությունը. դա է այն թանկագին գանձը, որը սրբում է ձեր սիրտը և տիրում ձեր բոլոր խորհուրդներին, սրտի շարժումներին ու կյանքին: Դա է այն վրձինը, որով ամենաճարտար Նկարիչը միշտ պիտի նորոգի ձեզ, ձեզ Իր գույներով պիտի զարդարի ու ձեզ պիտի վերակերտի Իրեն հարմար և վայելուչ կերպարանքով:

Չէ որ «մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ, նույն պատկերով ենք նորոգվում փառքից փառք, որպես թե Տիրոջ Հոգով» (Բ Կորնթ. 3.18):

Սիրեցե՛ք փրկությունն ու Աստծու խոստումները, փարվե՛ք Քրիստոսի՝ մեր հանդեպ տածած սիրուն, Նրա չարչարանքներին, Նրա վերքերին, ու կտեսնեք, թե որչա՜փ պիտի ազնվանաք, վսեմանաք և կատարելագործվեք:

Հեռացե՛ք այն վատառողջ հոգեվիճակից, որի մեջ գտնվում եք: Մի՛ խաբվեք, եղբայրնե՛ր իմ, դուք չեք կարող լինել այն, ինչը որ կեղծում եք՝ փորձելով լինել: Դուք այն եք, ինչ որ եք սրտով, սիրով ու բաղձանքով:

Իրական մեծությունը, իրական սրբությունը, իրական կատարելությունն են սրտի ու հոգու համար վայելուչ վիճակները: Արտաքին տեսքով միայն այդպիսին լինել չեք կարող: Մեր խնդիրը մարդկանց աչքին այդպիսին երևալը չէ, այլ հարկ է, որ իսկապես այդպիսին լինենք:

Փոխե՛ք, ամենքդ փոխե՛ք ձեր սիրո ու բաղձանքի առարկաները, վտարե՛ք ձեզնից հեշտասիրությունները և չար հաճույքներն ու ձեզ համար գերագույն նպատակ դարձած նյութական իրերի հանդեպ ձեր տածած զգացումները:

Երիտասարդները թող մերժեն զեխությունը, ծուլությունը, ստահակությունը, արբեցությունը, ագահությունն ու ցուցամոլությունը: Այլևս դադարենք ենթակա լինել այն գայթակղություններին, որոնցով շատ հաճախ առիթներ ենք ստեղծել՝ պղծելու սրտերն ու մտքերը:

Սիրենք, բաղձանք այն ամենին, ինչը որ սիրեցին ու փափագեցին սրբությամբ նահատակված մարդիկ՝ մեծ ու կատարյալ հոգիները: Նո՛ր լինենք և օրեցօր նորոգվենք մեր հոգով ու մեր սրտով՝ ըստ Քրիստոսի պատկերի:

Ձեր սիրտը հեռո՛ւ պահեք աշխարհի ունայնությունների հեղեղից, երկրավոր իրերի ոչնչությունից և մարդկեղեն երևույթների չարությունից: Ձեր սիրտը հանձնե՛ք երկնային ճշմարտություններին, հոգևոր բարիքների հանդեպ սիրուն՝ դրա բարերար ազդեցությունը վայելելով, և աստվածային խոստումների բաղձանքին:

Շատերը, որ մեզ նման մարդիկ էին, իրենց հանձնեցին երկնքի ձեռքն ու վերստին նորոգվեցին. մե՛նք էլ լինենք նրանց նման: Կանգնենք Քրիստոսի շնորհների գահի առջև և ասենք. «Իմ մեջ սուրբ սի՛րտ հաստատիր, Աստվա՛ծ, և արդար հոգի՛ նորոգիր իմ որովայնում» (Սաղմ. 50.12):

Եվ այդժամ մեր այդ սիրտը կփափագի դեպի բարին: Իսկ երբ Աստված տեսնի, որ մենք Նրան ենք հանձնում մեր հոգիները, որքա՜ն ավելի մեծ գորովով և ջերմությամբ պիտի գրկի մեզ, պիտի սրբի ու ջնջի մեր չար նկարագիրը, աղտեղի և գծուծ էությունը, ապականված սիրտը:

Եվ Իր խոցված կողի կրկնավտակ աղբյուրից որքա՜ն սեր ու կարեկցանք պիտի ներարկի մեզ, մեր սրտին: Ինչպիսի՜ գթասրտությամբ նորից, Իր արարչական մատներով պիտի վերստեղծի մեզ լույսի, հոգու, սրբության, բարության, համբերության, սիրո և արդարության հրաշազան բաղադրատարրերով՝ ի փառս և ի գովեստ Իր Անվան, Որին փա՜ռք հավիտյանս. ամեն:

Խորեն քհն. Տաղլյան (Աթանոս), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար», Կ․ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ