Պայմանավորվել ենք փետրվարի 15-ից հրադադար պահպանելու մասին. Պուտին

Մինսկում Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից հրադադար հաստատելու մասին: Այդ մասին բանակցությունների ավարտին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն:
“Շատ բաների մասին ենք պայմանավորվել: Առաջին հերթին՝ պայմանավորվել ենք փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին”,- ասել է Պուտինը:
Պուտինը հայտարարել է նաև, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է մինսկյան համաձայնությունների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին կոնտակտային խմբի փաստաթուղթը:
Այն նախատեսում է Ուկրաինայից բոլոր օտարերկրյա զինված խմբավորումների, տեխնիկայի դուրս բերումը: Բացի այդ, Ուկրաինայում մինչև 2015 թվականի վերջ պետք է սահմանադրական բարեփոխում իրականացվի: Դոնբասի հատուկ կարգավիճակը պետք է նախատեսի համաներում, լեզվի ինքնորոշման իրավունք, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ միջսահմանային համագործակցություն: