23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինը երանությունները

«Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուս բարձրացավ լեռան վրա:

Եվ երբ այնտեղ նստեց, Նրա մոտ եկան Իր աշակերտները. և Նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.

– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը:

– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:

– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:

– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:

– Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:

– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:

– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:

– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը:

– Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն:

Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մատթ. 5։1-12):

Երկնախոս Վարդապետը բացում է նոր Ավետարանը՝ փրկության մատյանը և սկսում մեկ առ մեկ ավանդել ինը երանությունների դասը: Նախ երանի է տալիս հոգով աղքատներին, որոնց համար և եկել էր Ինքը՝ Աստծու Օծյալը. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ Նա օծեց Ինձ» (Եսայի 61.1) և այլն:

Ովքե՞ր են հոգով աղքատները: Հոգով աղքատները նրանք են, ովքեր հանապազ մարտնչում են սատանայի ամբարտավանության դեմ: Հոգով աղքատների սրտի բավականությունը միայն Աստված է, և աշխարհի բովանդակ հարստությունը չի կարող լիացնել հոգով աղքատի սիրտը, քանի որ նրա սիրտը բոլորովին հեռու է ունեցվածքի փարթամության փափագից:

Ի՞նչ նմանություն կա Հիսուսի տված և աշխարհի տված երանությունների միջև: Աշխարհը երանի է տալիս այն բոլոր հարուստներին, որոնք իրենց զորությամբ պարծենալով՝ իշխում են հասարակ ժողովրդին ու բազմությանը: Մինչդեռ Հիսուսի «երանին» տարօրինակ է. Նա երանի է տալիս միայն նրանց, ովքեր այս աշխարհի ունևորների իշխանությունից ճնշված՝ տանջվում ու հարստահարվում են՝ բազմապիսի զրկանքների ենթարկվելով:

Հիսուս այս աշխարհի ունևորներին է թողնում իրենց ունեցածը, իսկ հոգով աղքատներին ավետիս է տալիս՝ ասելով. «Ձեր ժառանգությունը Երկնքի արքայությունն է»: Հիսուս, սակայն, հարուստներին չի զրկում Ավետարանի երանությունից, այլ խոստանում է նույն Արքայությունը, եթե նրանք արտաքին հարստության հետ մեկտեղ հոգով աղքատ լինեն: Աբրահամը մեծ ունեցվածքի մեջ հոգով աղքատ էր: Հակոբը, մեծ հարստություն, բարգավաճ որդիներ և թոռներ ունենալով, հոգով աղքատ էր: Հովսեփը Եգիպտոսի փառավոր իշխանության մեջ հոգով աղքատ էր: Մովսեսն աստվածատուր գերագույն իշխանության մեջ հոգով աղքատ էր: Դավիթը, թագավորական աթոռին բազմած, հոգով աղքատ էր և խոստովանում էր. «Աղքատ ու վշտացած եմ ես. թող Քո փրկությունն, Աստված, ինձ բռնած պահի» (Սաղմ. 68։30): Հոգով աղքատությունն այս աշխարհի աչքին արհամարհելի է թվում, սակայն Երկնքի և Աստծու առաջ մեծարելի ու պատվական է:

Ապա Հիսուս երանի է տալիս այս աշխարհի սգավորներին: Ովքե՞ր էին սգավորները: Սգավորներն անաստվածության ստվերի տակ շղթայված աղքատներն էին, խավարի իշխանության ներքո կապված գերիներն էին, այս աշխարհի հրապարակում անարգված խեղճերն էին, չաստվածների տաճարների առջև իրենց կենդանի զավակներին անկենդան կուռքերին զոհող դժբախտ մայրերն էին: Միայն Հիսուսի փրկությունը սրբեց սգավորների արտասուքն ու մխիթարեց նրանց: Եսային տեսավ ու մարգարեացավ Սիոնի սգավորների փառավորվելու, մոխրի փոխարեն ուրախության օծմանն արժանանալու մասին: Ոչ միայն Երուսաղեմում գտնվող կամ մոխրի վրա նստող Սիոնի զավակները հաղորդակից եղան այս երանությանը, այլ այդ երանությունն իսկապես ժառանգեց հեթանոսական տաճարներում զոհագործող մոխրաշունչ ժողովուրդը:

Սի՛րտ առեք, մի՛ վհատվեք, դո՛ւք, որ սգում եք յուրաքանչյուրդ ձեր արդի, մեծամեծ աղետների մեջ, համբերեցե՛ք, սուգը հավիտյան չի տիրելու, այլ մեկ վայրկյանում անցնելու է, ձեր տրտմությունը հավերժ ուրախության է փոխարկվելու:

Այնուհետև Հիսուս երանի է տալիս հեզերին. ովքե՞ր են այդ հեզերը, որոնց Աստված մարտի է դուրս բերում ընդդեմ այս աշխարհի բարկության: Ջրհեղեղի ժամանակ այդ հեզը ամբարտավան հսկաների դեմ ելած արդար Նոյ նահապետն էր, անաստված ազգերի դեմ պայքարում՝ աստվածապաշտ Աբրահամը: Սպառնացող Եսավի դեմ դուրս եկավ հեզ Հակոբը, նախանձոտ եղբայրների դեմ՝ փոքրիկ Հովսեփը, փարավոնի դեմ՝ Մովսեսը, Սավուղի դեմ՝ Դավիթը, այս աշխարհի իշխանի դեմ՝ Միածին Հիսուս, բարբարոսական բռնակալությունների դեմ՝ Հիսուսի աշակերտները:

Հեզությունն Ավետարանի որդիների զենքն է, որով նրանք տիրեցին աշխարհին: Հեզությունը միաժամանակ ժառանգեց երկինքն ու երկիրը, բարկության որդիները, հուր լինելով, մարեցին հեզության ջրի առջև: Քրիստոնեական վարքի հեզությունը հաղթանակեց այս աշխարհի դիմակայող ամեն տեսակի բարկությանը, ամեն խստասրտություն փոխեց իր էությունն այդ հեզության առջև: Առյուծն, այդ հեզությունից պարտված, զգոն դարձավ ու եզի հետ սիրո կապերով շաղկապվեց, գայլը գառ դարձավ ու սկսեց հոտի հետ արածել: Ահա այդ հեզությամբ թագավորեցին Ավետարանի հեզ որդիները, որոնց Դավիթը Սուրբ Հոգու միջոցով նկատեց՝ ասելով. «Իսկ ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը» (Սաղմ. 36։12):

Հիսուս երանի է տալիս նաև նրանց, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն: Ովքե՞ր են նրանք. Աբրահամի հարազատ հոգեորդիներն ու Փրկչին սպասող հեթանոսական ժողովուրդը: Ադամից մինչև Փրկիչը վեց հազար տարվա ժամանակամիջոց է: Այդ Ադամի դժբախտ սերունդները, անաստվածության մեջ սովալլուկ դարձած, երկնքից արդարություն էին ակնկալում: Երկնքի արդարությունը հանկարծ իջավ Հրեաստանի դաշտավայր ու ավետարանեց այս խոսքը. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած» (Հովհ. 6։51): Դավիթն ու Եսային, միաձայն ավետիս տալով, քաղցած ժողովուրդներին հրավիրում են արդարության միևնույն սեղանի շուրջը. «Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը, երանելի է այն մարդը, որ հույսը դրել է Նրա վրա…․ ո՜վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի և վայելեցե՛ք Նրա գալուստը (Սաղմ. 33։9 հմմտ. Ես. 55։1)»:

Խաչի զոհաբերությունը Հիսուսի արդարության լրումն է: Այնժամ էր, որ Հիսուս մորթեց եզանը, խառնեց գինին, հրավիրակներ ուղարկեց ու մինչև իսկ անզգամներին կանչեց՝ ասելով. «Եկե՛ք, ո՜վ մարդկային ազգ, կերե՛ք այս հացը, ուրախությամբ ըմպե՛ք այս գինին, որը պատրաստել եմ ձեզ համար: Այսուհետև հեռո՛ւ վանեք ձեզնից կռապաշտության անզգամությունն ու Ի՛նձ աղերսեք, որ Աստծու իմաստությունն ու արդարությունն եմ: Ի՛նձ ճաշակեք, որպեսզի այլևս չքաղցեք, Ի՛նձ ըմպեք, որպեսզի այլևս չծարավեք»:

Այնուհետև Հիսուս երանի է տալիս ողորմածներին ու սահմանում, որ միայն ողորմածները կարող են փոխադարձաբար ողորմության արժանանալ: Երկնային Հոր մեծագորով Որդին գթության օրենք է հաստատում Իր եղբայրների համար և անգթությունը վերացնում է այս աշխարհի հարուստների սրտերից, վերջ է տալիս մաքսավորի հասցրած զրկանքներին ու հափշտակություններին, աշխարհի փշրանքներին կարոտ Ղազարոսներին բազմեցնում է ունևորների միևնույն սեղանների շուրջը, և այդ չքավորները հավասարապես ճաշակում են հարուստների հետ:

Փողոցի մուրացիկ աղքատներին Աշոտ Ողորմածի պալատ հրավիրելով՝ Հիսուս նրանց սեղանակից է դարձնում արքային, հոգով աղքատը մարմնով աղքատների հետ ըմպում է ուրախության բաժակներից: Ու թեպետ աշխարհի հպարտները մեղադրում են Աշոտ արքային ու նրա նմաններին, սակայն մատենագրքերն այդ արքայի անունը «Ողորմած» են դրոշմագրում:

Ավետարանի մեկնած գթության ձեռքն արձակում է գերիների շղթաները, պատռում է պարտատերերի մուրհակները, մերկերին հանդերձներ է տալիս, օտարներին հավաքում է տան մեջ, կարիքավորներին հաց է մեկնում, ծարավածներին ջուր է տալիս: Մեկ խոսքով ասած՝ ամեն խնդրողին շնորհում է, ամեն արտասվողի արտասուքը սրբում է: Գթության այդ օրենքը սիրո աղբյուրի այն վտակն է, որը բխում է Ավետարանի ակունքից: Ուրեմն այս երանությունը ձեզ համար չէ, ո՜վ աշխարհի անգութ ու քարսիրտ ունևորներ, դո՛ւք, որ միայն կրողն եք «քրիստոնյա» անվան, դո՛ւք, որ մամոնան ու փառքն ավելի շատ եք պաշտում: Գոնե միայն անողորմ գտնվեիք աղքատի հանդեպ, սակայն դուք անխնա ճնշում եք տկարին ու հարստահարում եք աղքատին:

Երկնքի արդարությունը ձեզ չի փրկելու չարի օրվանից, որովհետև դուք ձեր հույսը դրել էիք ձեր իսկ ունեցվածքի վրա՝ բնավ միտք չանելով աղքատի մասին: Ո՜վ դուք, այս աշխարհի հարուստների դռների առջև դեգերող աղքատներ, մի՛ տրտնջացեք և սիրով համբերե՛ք: Ձեր տեղն Աբրահամի գոգն է, իսկ անողորմների տեղը դժոխքն է: Դուք այսօր նրանցից հաց եք խնդրում, սակայն պիտի գա մի օր, որ նրանք, սաստիկ ծարավից պապակելով, ձեզնից մի կաթիլ ջուր պիտի խնդրեն այն դեպքում, որ դուք ուրախ-ուրախ պիտի զովանաք դրախտի գետերով:

Ապա Հիսուս երանի է տալիս նաև նրանց, ովքեր մաքուր սիրտ ունեն, քանի որ միայն նրանք կարող են տեսնել Աստծուն: Ավետարանի ճշմարտությունը սրտի կրոն է, մարմնի կրոն չէ, հետևաբար այն առավելաբար սրտի սրբություն է պահանջում իր հավատացյալ զավակներից, մերժում է փարիսեցիական այն մաքրագործությունները, որոնք լեցուն են սրտի անմաքրությամբ: Ասել է թե՝ Ավետարանը մերժում է մարդու սրտում Աստծու և ընկերոջ հանդեպ սիրո բացակայությունը, ա՛յն, որ մարդ սիրո փոխարեն գժտություն և նախանձ է կրում իր սրտում, երբ պարզության փոխարեն նենգություն է, միամտության փոխարեն՝ խորամանկություն, իսկ բարության փոխարեն մշտապես չար խորհուրդ հղանալը: Այդպիսի նենգ սրտերը երբևէ չեն կարող Ավետարանի սուրբ կրոնի ընդունարան լինել: Որտե՞ղ, ուրեմն, պիտի օթևանեն Հիսուս և Նրա Հայրը, եթե սիրտը տոգորված չէ սրբությամբ:

Մարդու սիրտը չարության կամ բարության անոթ է, որը պետք է սրբենք չար կրքերի ժանգից: Մարդ չի կարող թաքցնել իր սիրտը, քանի որ սիրտն աղբյուրի ներքին ակունքն է, որից կա՛մ դառը, կա՛մ քաղցր ջուր է բխում: Ուրեմն, ո՜վ քրիստոնյա, եթե Աստծուն տեսնելու փափագ ունես, սրբի՛ր սրտիդ խամրած աչքն ու Դավթի շուրթերով պաղատի՛ր Աստծուն. «Իմ մեջ մաքուր սի՛րտ հաստատիր, Աստվա՜ծ, և արդար հոգի՛ նորոգիր իմ որովայնում» (Սաղմ. 50։12):

Հիսուս երանի է տալիս նաև խաղաղարար այն մարդկանց, որոնք Աստծու որդիներ պետք է կոչվեն: Ավետարանն այս խռովված աշխարհի խաղաղության դաշնագիրն է, որը Խաչի ու Նոր Ուխտի արյամբ կնքում է Հիսուս՝ այն քարոզելով համայն տիեզերքին: Քանի դեռ աշխարհում տիրապետող բռնակալություններն անդադար մարտնչում էին, երկնային թագավորությունը՝ Երուսաղեմից սկսած, հաշտություն է քարոզում: Հիսուս և Նրա Ավետարանը Հայր Աստծու կողմից առաքված խաղաղության պատգամաբերներն են:

Մովսեսը եբրայեցի երկու եղբայրների կռվին միջամտելով՝ նրանց հաշտության կոչ է անում. «Երկու եղբայր եք, ինչո՞ւ եք իրար վիրավորում» (Ծննդ. 2։13): Հիսուս Գողգոթայի գագաթին՝ Խաչի բարձր խորանի վրա ելած, համայն աշխարհի բոլոր այլակրոն ազգերին խաղաղություն է ավետարանում. խաղաղություն հրեայի և հեթանոսի միջև, խաղաղություն հայի և հույնի միջև, խաղաղություն խուժադուժ ազգերի միջև, խաղաղություն եզան և առյուծի, գայլի ու գառի միջև, խաղաղություն երկնքի և երկրի, հրեշտակների ու մարդկանց միջև: Այդ խաղաղությունն այս աշխարհը չէր կարող տալ: Այդ խաղաղությունը չէր կարող շնորհել ո՛չ Ալեքսանդրը, ո՛չ Կեսարը, ո՛չ Օգոստոսը, ո՛չ Կյուրոսը: Այն միայն Քրիստո՛ս տվեց, ուստի և Հայր Աստծու արդարության առջև միայն Նա՛ է ճշմարիտ որդիության ու երանության ժառանգորդը:

Ո՜վ Եկեղեցու հարազատ որդիներ, մեր անդրանիկ եղբոր՝ Հիսուսի խաղաղարար օրինակին հետևելով՝ նախ և առաջ՝ հանուն Նրա ու Նրա Խաչի սիրո հաշտվենք իրար հետ, ինչպես հորդորում է սուրբ Պողոսը, և ապա՝ որպես խաղաղարար միջնորդներ՝ միմյանց հետ հաշտեցնենք խռովյալ ու բաժանված եղբայրներին: Միայն այդ առաքինությունն ունենալով է, որ կարող ենք Հայր Աստծու արժանավոր որդիները կոչվել:

Խաղաղարարն Աստծու զավակն է, իսկ ո՞ւմ զավակն է նա, ով խռովություն է գցում, ով բարկություն է գրգռում, ով սիրո փոխարեն ատելություն է սերմանում եղբայրների միջև, ով բաժանում է ընտանիքները, ով քանդում է մարդկային միության կապերը, ով Քրիստոսի Եկեղեցու՝ իրար շաղկապված անդամները մաս-մաս կտրատում է: Ակնհայտ է, որ այդպիսի խավարագործ մշակը լույսի որդի չէ, այլ խավարի հոր զավակն է նա:

Հետո Հիսուս երանի է տալիս նրանց, ովքեր հալածվում են արդարության համար: Արդարությունը ոչ այլ ոք էր, եթե ոչ Նա, Ով իջավ երկնքից: Այդ Արդարությունը Լույս էր. խավարը տեսավ Նրան և սկսեց հալածել: Հերովդեսն այդ Արդարությունը հալածեց՝ մինչև Եգիպտոս տարագրելով, դպիրներն ու փարիսեցիները Նրան հալածեցին մինչև Գողգոթայի բարձունքը:

Խաչի վրա մեռնող Աստծու արդարության համար հալածվեցին Ավետարանի ճշմարտության բոլոր քարոզիչները, սակայն հալածանքն անկարող եղավ կարճելու այդ հալածյալների ազատախոս լեզուները, որքան էլ որ հալածիչները փափագում էին մահվամբ երկրի երեսից վերացնել արդարության կենդանի վկաներին:

Եկեղեցու անթիվ-անհամար զավակները, Տիրոջ նմանողությամբ և անմռունչ գառան պես աշխարհի անզգամների ձեռքով սպանդի տարվեցին: Այո՛, Եկեղեցու կյանքը հալածանք է ենթադրում, Եկեղեցու զավակների երջանկությունը՝ չարչարանք: Խաչակիր սուրբ Պողոսն էլ այսպես է ուսուցանում. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն» (Բ Տիմ. 3։12):

Այնուհետև Հիսուս իններորդ երանին է արտաբերում՝ այն ուղղելով Իր աշակերտներին, որոնք պետք է մարգարեների և մանավանդ Հիսուս-Վարդապետի նմանողությամբ Գողգոթայի ճանապարհով անցնեին: Նրանց համար նախատեսված էր Խաչի ծանրագույն վիշտը, նաև նրանք անձնվիրաբար հանձն պիտի առնեին հոժարակամ սիրով կրելու այն բոլոր նախատինքները, որոնք թե՛ սեփական ազգից, թե՛ կռապաշտ հեթանոսներից պիտի ստանային: Նրանք ո՛չ պիտի աղաղակեին, ո՛չ վիճեին, ո՛չ անգամ տրտնջային, այլ պիտի Տիրոջ հեզությունն ընդօրինակեին: «Թո՛ղ սպանեն, թո՛ղ ձեր արյունը գետնին թափվի, Ե՛ս եմ ձեր արյան երաշխավորը,- ասում է Հիսուս,- ձեր արյան ոչ մի կաթիլը կորստյան չի մատնվի:

Արդար Աբելից մինչև Զաքարիայի օրերը Աստծու սիրելիների ճանապարհն արյամբ է բացվել: Ձեզնից առաջ մարգարեները նույն ճանապարհով ընթացան, ահավասիկ նաև Ե՛ս եմ գնում այդ շավղով, ուրեմն և դո՛ւք, Իմ աշակերտնե՜ր, եկե՛ք Իմ հետևից»:

Խրիմյան Հայրիկ, «Երկնքի արքայության մարգարիտը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1894թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ