Չարից պաշտպանության աղոթք
Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար,
ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր ինձ, որ քո արյունով գներցիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ,
քո սուրբ անունով կնքված տաճարս. մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի ինձ, քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա՛ ինձ, քո արարածին:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող քո խաչը պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք. նրա աղոթքներով փրկի՛ր մեզ չարից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ կյանքերը:
Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն ողորմիր մեզ:
Սուրբ Հռիփսիմյան եւ Գայիանյան կույսերի սիրույն, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ` մեղքերի մեջ կորածիս:
Սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների սիրույն, որոնց ձեռքով ճանաչեցինք քեզ` մեր Փրկչին, եւ որի ձեռքով Հայաստան աշխարհից հալածեցիր դեւերի բազմությունը,
այժմ եւս անմիջապես հեռացրու սատանային մեզանից:
Սուրբ Վարդանանց ու Ատոմյանց զորավարների եւ նրանց ընկերացող սուրբ քահանաների սիրույն, որոնք չարի դեմ պատերազմեցին եւ նրա պատերազմը խափանելով`
Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցիները կործանումից փրկեցին, հիմա՛ եւս, Տե՜ր, խափանիր սատանային` իր չար գործակիցներով միասին:
Սուրբ ճգնավորների, վանական հայրերի եւ նրանց աշակերտած այրերի ու կանանց բարեխոսությամբ ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետեւ նրանք քեզանից շնորհք ստացան եւ
քո անունո՛վ հաղթեցին բանսարկուի բոլոր հնարքներին: Հիմա՛ եւս, Տե՜ր իմ, քո հաղթող զորությամբ հաղթահարի՛ր հակառակամարտը եւ մեզ հաղթանակ տուր նրա ընդդիմության դեմ:
Մեր բոլոր սուրբ հայրապետների եւ առաջնորդների բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտքի տակ առնելու օձերին ու կարիճներին, եւ թշնամու ամբողջ զորությունը, շնորհի՛ր,
որ հիմա մենք եւս նրանց բարեխոսությամբ ոտքի տակ առնենք կամակոր վիշապի գլուխը եւ լռեցնենք ու կապենք ամեն տեսակ հերձվածողների բերանները:
Կանանց ծնունդների մեջ մեծագույնի` Սուրբ Հովհաննեսի, եւ նախավկա Սուրբ Ստեփաննոսի բարեխոսությամբ մաքրի՛ր մեզ հոգեկան ու մարմնական ամեն պղծությունից եւ արժանի արա,
որ ճշմարտապես, հոգով ու ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն: