Մինվոդիի սպանությունը Գյումրիի դեպքերի հետ կապ չունի. ՌԴ ոստիկանությունը հայտնել է պատճառը

Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի սրճարաններից մեկում օրեր առաջ վիճաբանություն էր տեղի ունեցել զինվորականների ու քաղաքացիների միջեւ, որի արդյունքում զինվորականներից մեկը սպանվել էր: ՌԴ ոստիկանությունից հայտնել են, որ կռվի ու սպանության պատճառ է դարձել վիճողների հարբած լինելը, հայտնում է Интерфакс-ը:
“Կոնֆլիկտի պատճառը եղել է ալկոհոլի չարաշահումը: Կոնֆլիկտի բոլոր մասնակիցները ձերբակալված են”,- հայտնել են ոստիկանությունից:
Զինվորական Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ կասկածվում է ազգությամբ հայ, 1991 թվականին ծնված Միխայիլ Գրիգորյանը, ով հանցանքից հետո փախել էր դեպքի վայրից, սակայն օրեր անց ոստիկանությունը ձերբակալեց նրան:
Ընդհանուր առմամբ դեպքի առթիվ 10 հոգի էին ձերբակալվել, այդ թվում` Գրիգորյանի ընկերները` Ալեքսանդր Մանուչարյանն ու Ալեքսանդր Մարտիրոսյանը:
Սպանությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ հայ երիտասարդը ռուս զինվորականին սպանել է` Գյումրիի ողբերգական դեպքերի համար վրեժ լուծելու նպատակով, երբ ռուս զինվորական Վալերի Պերմյակովը Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանեց, այդ թվում` երկու մանկահասակ երեխայի, գրում է Кавполит-ը:
Սակայն թե տեղի ոստիկանությունից են այս վարկածը հերքում, թե Ստավորպոլի շրջանի հայերի միության նախագահ Գեորգի Սաֆարովը:
Վերջինն ասել է, որ սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել կենցաղային ֆոնի վրա, դրանում ազգայնական որեւէ հիմք չի եղել:
Նա նաեւ նշել է, որ ներկայումս Մինվոդիում հայերի եւ ռուսների միջեւ որեւէ լարվածություն չկա: