Կյանքը սիրում է մեզ դասեր տալ…
Սերը հոգեվիճակ է, երբ այն կրում ենք մեր մեջ առանձնապես ուշադրություն չենք էլ դարձնում՝ ինչպիսի դրսևորումներ է այն ունենում, կամ ինչպես է ազդում մեզ վրա։ Սիրո գոյությունը այնքան ցանկալի է դարձել, որ ամենուր փորձում ենք փնտրել մարդկանց, ովքեր սիրո բացարձակ կրողն են ու նաև տարածողը։ Հաճախ, տարված լինելով նման մարդկանցով, մոռանում ենք, որ կան նաև սիրո զգացումից զուրկ մարդիկ։
Երբեք չեմ կենտրոնացել այն հանգամանքի վրա, որ սերը կարող է թվացյալ լինել: Սերը այն եզակի զգացմունքներից է, որ չի սիրում կեղծել: Մենք ամեն տեղ կարիք ունենք սեր ստանալու, իսկ այդ սերը մենք կարող ենք ձեռք բերել այն կիսելով դիմացինի հետ, միաժամանակ տարածելով շրջապատում: Սերը իրենից ուշադրություն է ենթադրում, ոչ միայն մարդկանց նկատմամբ, այլ նաև մեզ շրջապատող աշխարհի՝ բնության, կենդանիների, երևույթների, իրողությունների:
Այս ամենը ասելով՝ նկատի ունենք անտարբեր չլինել, անգամ փողոցում քայլող անցորդի նկատմամբ, որովհետև քո ուշադրությամբ կարող ես փոխել շատերի տրամադրությունը:
Կյանքը սիրում է մեզ դասեր տալ, ու թերևս նմանատիպ իրավիճակները տրվում են մեզ դասեր քաղելու ու կյանքից նոր բան սովորելու նպատակով: