Մեդվեդեւը ռուսաստանցիներին կոչ է արել խնայողությունները ռուբլիով պահել /վիդեո/
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր իր ավանդական ամենամյա հանդիպումն է անցկացրել լրագրողների հետ ուղիղ եթերում:
Վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնց թվում` ռուբլու անկման խնդրին:
Մեդվեդեւը կոչ է արել ռուսաստանցիներին խնայողությունները պահել ռուբլիով` նշելով, որ ինքն էլ է իր խնայողությունները ռուբլիով պահում:
“Աշխատավարձս ևս ռուբլիով եմ ստանում: Ռուբլու թուլացումն ազդում է նաև իմ ստացած փողերի վրա: Մենք բոլորս միևնույն նավակում ենք”,- ասել է ՌԴ վարչապետը:
Խոսելով ռուբլու անկումից` նա ասել է, որ դրա վրա մի շարք տարբեր գործոններ են ազդում, առաջին հերթին` նավթի գինը:
“Երկրորդ գործոնն, անշուշտ, արտաքին ազդեցությունն է մեր երկրի վրա”,- ասել է նա` նշելով, որ մասնագետները գտնում են, որ ռուբլին շուտով կսկսի վերականգնվել: