Ասանժը բրիտանական ոստիկանությունից ծանուցագիր է ստացել
Բրիտանական ոստիկանությունը ծանուցագիր է ուղարկել “WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այդ մասին տեղեկացնում է “AFP”-ը:
Ծանուցագիրն ուղարկվել է Ասանժին` Շվեդիային հանձնելու գործընթացի շրջանակներում, որտեղ նրան մեղադրում են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ: Ծանուցագրում Ասանժից պահանջում են ներկայանալ ոստիկանական բաժանմունք, հակառակ դեպքում` նրան կձերբակալեն:
Ոստիկանությունում նշում են նաեւ, որ Ասանժը, գտնվելով Էկվադորի դեսպանատանը, շարունակում է խախտել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները:
Ասանժն Էկվադորից ապաստան էր խնդրել այն բանից հետո, երբ բրիտանական դատարանը հրաժարվեց բավարարել նրա բողոքարկումը` կապված Շվեդիային հանձնելու հետ: Նա չի ցանկանում Շվեդիա գնալ, քանի որ զգուշանում է, որ շվեդական իշխանություններն իրեն ԱՄՆ-ին կհանձնեն, որտեղ նրան սպառնում է մեղադրանք լրտեսության մեջ` “WikiLeaks”-ում ամերիկյան դիվանգետների բազմաթիվ նամակներ հրապարակելու համար:
Էկվադորի դեսպանատանն Ասանժն սպասում է իրեն ապաստան տրամադրելու հարցի լուծմանը: