Մենք շան լակոտ չենք. Լուկաշենկոն նեղացել է Ռուսաստանից ու սպառնում է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նեղացել է Ռուսաստանից՝ կապված Ռուսաստանի իշխանությունների կողմից բելառուսական մսամթերքի ներկրման ծավալի սահմանափակման հետ: Այդ մասին Լուկաշենկոն ասել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է БЕЛТА-ն:
Լուկաշենկոն սպառնացել է, որ եթե առաջիկայում չկարգավորվի առեւտուրը երկու երկրների միջեւ, ապա իր երկիրը ստիպված կլինի ՛՛արձագանքել՛՛ դրան:
՛՛Ռուսաստանյան իշխանությունների պահվածքը ոչ միայն զարմացնում է ինձ, այլեւ տխրեցնում: Սա ինչ պահվածք է: Մենք հո շան լակոտներ չե՞նք, որ մեր վզից բռնած այս ու այն կողմ տանեն, կներեք այս կոպիտ արտահայտության համար՛՛,- ասել է Լուկաշենկոն:
Նախագահը նշել է, որ Ղազախստանի հետ բոլոր հարցերը լուծվում են մեկ զանգի օգնությամբ: Նրա խոսքով՝ Բելառուսի օրինակով ցանկանում է ինչ-որ բան հասկացնել ինչ-որ մեկին:
Լուկաշենկոն ընդգծել է, որ իրենց առաջ խոչընդոտներ պետք չէ դնել:
՛՛Դուք գիտեք՝ ամբողջ աշխարհում մենք որքան ընկերներ ունենք: Եկեք միմյանց թիկունքը չկորցնենք՛՛,- ասել է Լուկաշենկոն՝ ակնարկելով, որ ինքն էլ կարող է թանկացնել Ռուսաստան մատակարարվող սննդամթերքի գները: