Իսրայելում ընտրել են “Միսս Հոլոքոսթին”
Իսրայելի Հայֆա քաղաքում առաջին անգամ տեղի է ունեցել “Միսս Հոլոքոսթը վերապրած” գեղեցկության մրցույթը: Մրցույթին մասնակցել է 300 կին: Եզրափակիչ են դուրս եկել 74-97 տարեկան հրեա կանայք:
Հաղթող է ճանաչվել 78-ամյա Հավա Հերշկովիցը: 1941-ին Ռումինիայից նրան ուղարկել են համակենտրոնացման ճամբար Սովետական Միությունում, որտեղ նա մնացել է 3 տարի: Մասնակիցների մեծ մասը ծնունդով հենց Ռումինիայից է եղել, սակայն շատերին հաջողվել է խուսափել համակենտրոնացման ճամբարներից:
Գեղեցկության մրցույթը խիստ քննադատության է ենթարկվել, հատկապես Հոլոքոսթը վերապրած “Կոլետ Ավիտալ” իսրայելական խմբի կողմից: Քննադատների կարծիքով` ֆիզիկապես եւ հոգեպես տանջված տարեց կանանց մասին չի կարելի դատել արտաքին տեսքով: Ժյուրիի կազմում են եղել 4 անդամներ` 3 նախկին գեղեցկուհիներ եւ մեկ հոգեթերապեւտ, ով մասնագիտացած է Հոլոքոսթը վերապրած մարդկանց բուժման ոլորտում:
Մրցույթի կազմակերպիչները պարզաբանել են, որ այն կազմակերպվել է որպես “կյանքի տոն”, իսկ հաղթողին ընտրել են` հաշվի առնելով նրա կյանքի պատմությունը, եւ ոչ թե միայն արտաքին տեսքը:
Ներկայումս Իսրայելում Հոլոքոսթը վերապրած 270 հազար մարդ է բնակվում: