Դոնեցկում եւ Լուգանսկում ընտրություններ են տեղի ունեցել /վիդեո/
Ուկրաինայի հարավ-արևելքում` Դոնեցկում եւ Լուգանսկում, նախօրեին ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների և պատգամավորների ընտրություններ են տեղի ունեցել: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին՝ անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում եւ փակվել 20:00-ին:
Դոնեցկում բացվել են 364 ընտրատեղամասեր, որոնցից 3-ը՝ Ռուսաստանում փախստականների ճամբարներում: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու՝ ներկայիս վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, տարածաշրջանում հայտնի ուժային Յուրի Սիվոկոնենկոն և Նովոռոսիայի Միացյալ խորհրդարանի նախկին խոսնակ Ալեքսանդր Կոֆմանը:
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում բացվել է 102 ընտրատեղամաս, այդ թվում՝ 4 շարժական և 3-ը՝ Ռուսաստանում փախստականների համար: Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող ղեկավար Իգոր Պլոտնիցկին, արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Օլեգ Ակիմովը, առողջապահության նախարար Իրինա Հայրապետյանը և ձեռնարկատեր Վիկտոր Պենները:
Մոսկվան Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացված ընտրությունները կայացած է համարել: Դոնբասում ընտրված ներկայացուցիչները մանդատ են ստացել շրջաններում նորմալ կյանքի վերականգնման վերաբերյալ գործնական խնդիրների լուծման համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է ТАСС գործակալությունը:
‘’Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ընտրությունները տեղի են ունեցել հիմնականում կազմակերպված, ընտրողների բարձր մասնակցությամբ: Մենք հարգում ենք Հարավ-արևելքի բնակիչների կամարտահայտումը: Դոնբասում ընտրված ներկայացուցիչները մանդատ են ստացել շրջաններում նորմալ կյանքի վերականգնման վերաբերյալ գործնական խնդիրների լուծման համար”,- ասված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Իսկ ահա ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը եւ ԵՄ-ն ընտրությունների արդյունքները չեն ճանաչել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ասել է, որ նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունները մինսկյան պայմանավորվածությունների լուրջ խախտում են: