Ով որ իսկապես սիրում է Քրիստոսին, այս վիճակից մեծ բարիքով է դուրս գալու
Մեր այսօրվա իրականության համար մի շատ մխիթարիչ խոսք կա Աստվածաշնչից: Ասում է «ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռ 8:28): Սա նշանակում է, որ եթե դուք իսկապես սիրում էք Քրիստոս Աստծուն (այլ ոչ թէ նրանից միայն ինչ որ բան էք խնդրում), ապա հավատացեք, այս ծանր վիճակից մի օր ինչ որ մեծ բարիք է դուրս գալու ձեր համար: Ես չգիտեմ ինչ բարիք, բայց հենց հիմա իմ կյանքից տասնյակ դեպքեր եմ հիշում, երբ ծանր օրերից հետո մեծ բարիք է եկել, որովհետև շարունակել եմ կարողությանս չափով սիրել Քրիստոսին:
Նկատեք, որ այստեղ հատուկ շեշտում եմ՝ Քրիստոսին: Որովհետև այսօր շատերն Աստված ասելով հավատում ու երկրպագում են «այս աշխարհի աստծուն», որի մասին գրում է Պողոս առաքյալը (2 Կթ. 4:4) և ասում, որ նա կուրացնում է մարդկանց միտքը: Դրա համար, եթե լսում էք այս խոսքը, սիրելի տառապակից քույրեր ու եղբայրների, ամեն մեկս եկեք մեր սրտի ներսը նայենք: Տեսնենք ինչպե՞ս է մեր հարաբերությունը Քրիստոս Աստծու հետ:
Սիրու՞մ ենք իրեն, թէ միշտ մենակ ինչ որ բան ենք ուզում: Լսում ու հնազանդվու՞մ ենք Իր Խոսքին, զսպու՞մ ու տիրապետում ենք մեր լեզվին ու անձին, թէ բարկության ու պոռթկումի ժամանակ ինչ խոսք ու միտք ասես դուրս է գալիս մեզանից: Ամեն Կիրակի գնու՞մ ենք Պատարագի ինչպես ինքը պատվիրել է, թէ՞ գնում ենք եկեղեցի, երբ նեղն ենք ընկնում ու երբ ինչ որ մեկի կամ մի բանի համար աղոթել է պետք: Սիրելի մարդիկ, այստեղ «Ամեն» գրելով չեն լուծվում այս հարցերը: Ավելի լավ է, եկեք գրեք, թէ ինչպե՞ս է ձեր հարաբերությունը Քրիստոս Աստծու հետ ու ինչպես էք դուք ապրում ապաշխարության կյանքը:
Ով որ իսկապես սիրում է Քրիստոսին, այս վիճակից մեծ բարիքով է դուրս գալու:
Արմեն Հարեյան