Եգիպտոսի նախագահը ենթարկվել է Սահմանադրական դատարանին
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համաձայնել է ենթարկվել երկրի Գերագույն սահմանադրական դատարանին, որը չեղյալ էր համարել խորհրդարանի աշխատանքը վերականգնելու իր որոշումը: Պարզաբանելով իր դիրքորոշումը` Մուրսին հայտարարել է, որ Եգիպտոսը իրավական պետություն է, տեղեկացնում է “AFP”-ը:
Նախագահը խոստացել է նաեւ, որ ներկա իրավիճակը հարթելու համար ինքը բանակցություններ կվարի տարբեր քաղաքական ուժերի եւ Գերագույն ռազմական խորհրդի հետ:
Եգիպտական խորհրդարանի կազմը ցրվել էր հունիսի 16-ին Գերագույն սահմանադրական դատարանի համապատասխան որոշման համաձայն: Մուրսին, չցանկանալով հաշտվել դեպքերի նման ընթացքի հետ, հուլիսի 8-ին սահմանադրական դատարանի որոշումը չեղյալ համարող հրաման արձակեց: Հաջորդ օրն իսկ սահմանադրական դատարանը զգուշացրեց նախագահին նման որոշման անթույլատրելիության մասին, սակայն հուլիսի 10-ին խորհրդարանն արդեն նիստ էր անցկացրել: Հենց նույն օրը դատարանը կրկին վճիռ կայացրեց, որն արգելում էր օրենսդիր մարմնի աշխատանքը: Բացի այդ, նախագահի գործողությունների վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել Գերագույն ռազմական խորհուրդը:
Խորհրդարանը ցրելու պատճառ էին դարձել խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները:
Մուրսիի որոշումը, որին աջակցում են նաեւ “Մուսուլման եղբայրներ” շարժումը, շատերն ընդունել են որպես զինվորականների հետ առճակատման փորձ: