Հայաստանն ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին. ՀՀ նախագահի խոսնակ
Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Այս մասին նշված է է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի տարածած հայտարարության մեջ:
“Որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:
Նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաեւ Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:
Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երեւանի ուշադրության կենտրոնում, եւ Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին”,-ասված է Նախագահի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: