28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացությունը

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:

Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից:

Ուխտագնացության մեկնարկը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությամբ, որտեղ երիտասարդները Վեհարանի առջև ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտագնացության ծրագիրը` տեղեկացնելով, որ աշխարհասփյուռ թեմական կառույցներից երիտասարդները ուխտավորաբար եկել են Մայր Աթոռ՝ ստանալու Հայոց Հովվապետի օրհնությունն իրենց ուխտի ճանապարհը սկսելուց առաջ:

Ուխտավորներին ողջունեց նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ ՀԵՀԵՄ-ը համախմբում է աշխարհասփյուռ հայկական եկեղեցիներին ու համայնքային երիտասարդական կառույցներին, մեկտեղում հայ երիտասարդության ներուժը նրա ինքնազարգացման, ազգային և հոգևոր արժեքների պահպանության նվիրական գործում:

«Հոգևոր առաջնորդների ուղեկցությամբ այս ուխտագնացությունը յուրօրինակ հոգևոր խորհուրդ է իր մեջ պարունակում, քանի որ դուք եք աշխարհասփյուռ հայության երիտասարդ, կարող, գործունյա ուժը, դուք եք, որ երիտասարդական ավյունով և ակտիվությամբ ձեր նպաստը կարող եք բերել հայկական համայնքների զարգացմանը, ձեր հասակակիցների շրջանում քրիստոնեական արժեքների տարածմանը»,- ասաց տիար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ համահայկական երիտասարդական այս հավաքը կնպաստի նաև նրանց առաջնորդական կարողությունների զարգացմանը:

Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն արձանագրեց, որ ներկայի մեջ երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են և այսօր եկել են վերամկրտվելու Սուրբ Էջմիածնի խորհրդի մեջ, որը հայության ինքնության արմատն է: Սրբազանը հավելեց նաև, որ ուխտավորները եկել են ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը, որպեսզի դրանով գոտեպնդված վերադառնան իրենց համայնքները:

Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով:

Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ ամենևին պատահական չէր դեպի Սուրբ Էջմիածին և դեպի Սրբազան Արցախ ուխտագնացության կազմակերպումը:

«Սուրբ Էջմիածնում է, որ մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը և պահել հավատարմությունը բոլոր ժամանակներում  դեպի մեր Տերը, դեպի մեր Երկնավոր Հայրը:  Այդ ուխտով մեր հայրերը կերտեցին մեր մշակույթը, մեր փառապանծ պատմությունն ու հաղթանակները: Հայրենիքից հարկադրված հեռանալով՝ նրանք ամենուր հաստատեցին մեր համայնքները՝ Հայոց Սփյուռքը, որը դարձավ հայրենիքի անքակտելի ու անբաժան մասը և շարունակեց ապրել իր հայացքը ուղղած դեպի Սուրբ Էջմիածին:

Սուրբ Էջմիածնից դուք ուղևորվելու եք դեպի Արցախ, ինչը նույնպես պատահական չէ: Այս տարի լրանում է Արցախի թեմի հաստատման 30-ամյակը: Երեսուն տարի առաջ էր, որ երանաշնորհ Վազգեն Ա. Կաթողիկոսը հռչակեց Արցախի թեմը: Այն օրերին երբ մեր ժողովուրդը ոտքի էր ելել արցախյան ազատագրական պայքարի, երբ նաև ձեզ պես երիտասարդ հայորդիք մեկնում էին Արցախ` իրենց կյանքով պաշտպանելու արցախաբնակ մեր զավակների ազատ ու անկախ ապրելու իրավունքը, և այս իմաստով նույնպես Արցախն այն սրբազան տարածքն է, որտեղ դուք լիարժեքորեն և կատարյալ կերպով հնարավորություն կունենաք ձեր ուխտագնացությունն աստվածահաճո դարձնելու համար»,- նշեց Հայոց Հայրապետը` վստահություն հայտնելով, որ ուխտավոր հայորդիները Արցախի հերոսական պատմության և ժողովրդի մեջ հնարավորություն կունենան ճանաչելու իրենց ինքնությունը և վերանորոգելու հայրենանվիրումի և եկեղեցասիրության իրենց ուխտը:

Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ուխտագնացությունը լավագույն հնարավորությունն է անհատի համար Աստվածճանաչողության և ինքնաճանաչողության ճանապարհին՝ մաղթելով, որ այս ուխտագնացության ընթացքին երիտասարդները ինքնաճանաչողության միջոցով ամրանան աստվածահաճո ընթացքի մեջ և ձերբազատվեն Աստծուց հեռացնող բոլոր երևույթներից:

Բարի երթ մաղթելով ուխտավոր հայորդիներին՝ Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք բարձրացրեց առ Աստված` հայցելով, որ Տերը ունկնդիր լինի նրանց խնդրանքներին, նորոգի ու զորացնի Արցախով և նրա քաջարի զավակներով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ