29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ է Մեծ Պահքը Քառասնորդական կոչվում

Մեծ պահքը տարվա ամենաերկարատև պահքն է, բայց այն մեծ է կոչվում նաև այն պատճառով, որ նվիրված է և նախորդում է քրիստոնեության մեծագույն տոնին՝ Զատիկին: Այս պահքը պատմականորեն կայացել է աստիճանաբար՝ ունենալով տարբեր տևողություններ: Հայ Եկեղեցու ներկայիս ավանդությամբ Մեծ պահքն ընդգրկում է Բուն բարեկենդանից մինչև Զատիկ ընկած 7 շաբաթները: Թեև նշյալ՝ առաջին և վերջին կիրակիները պահեցողության օրեր չեն, սակայն ներառված են Մեծ պահքի խորհրդի մեջ, քանզի առաջինը՝ Բուն բարեկենդանը, խորհրդանշում է դրախտը, որտեղ և պատվիրանով սկզբնավորվեց պահքը, իսկ վերջին օրը՝ Զատիկին, պահքը լուծարվում է միայն ս. հաղորդությունից հետո: Այսպես Մեծ պահքը, ներառելով առաջին և վերջին կիրակիները, կազմում է 50 օր: Ըստ Սուրբ Գրքի՝ 50-ը հոբելյանական թիվ է և ազատության խորհրդանիշ, քանի որ, համաձայն մովսիսական օրենքի, 50-րդ տարում բոլոր ծառաներն ազատություն էին ստանում [տե՛ս Ղևտ. 25.9-13]:

Ուստի և Մեծ պահքի այս 50 օրերը վարդապետները մեկնաբանում են իբրև մեղքից ազատագրվելու խորհրդանիշ, քանզի «ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքին ծառա է» [Հովհ. 8.34], իսկ Մեծ պահքի հիսնօրյա ապաշխարությունը կոչված է մարդուն սրբագործել մեղքերից: Արդ, ինչպես որ հին ուխտում 50-րդ տարվա քավության օրը շեփոր էին հնչեցնում և ազդարարում ծառաների ազատագրումը, այդպես էլ Մեծ պահքի 50-րդ օրը՝ Զատիկին, քրիստոնյաները ցնծում են Քրիստոսի հարությամբ, որով Նա մարդկային բնությունը հարություն տվեց մեղքի մահից:

Այսպես քրիստոնեական մեծագույն տոնը՝ Քրիստոսի հարության հիշատակը, Եկեղեցին պատվում է հիսնօրյա պահեցողությամբ՝ ոչ միայն խորհրդանշելով նրա համատիեզերական հոբելյան լինելը, որով ազդարարվեց մահվան վախճանը և սկիզբը անվախճան կյանքի, այլև՝ նպաստելով այդ մեծ և անճառելի խորհրդի կայացմանը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում՝ կատարյալ ապաշխարությամբ և մեղքերի քավությամբ մտնելու «Տիրոջ ուրախության մեջ» [Մատթ. 25.21]: Այս պատճառով Մեծ պահքի եկեղեցական աստվածպաշտության համակարգը՝ ընթերցվածքներով, շարականներով և ողջ խորհրդաբանությամբ, խորապես արտացոլում է այս երկու կողմերի՝ Տիրոջ փրկագործության աստվածաբանական խորհուրդների և մարդու բարեպաշտական ճիգերի միասնությունը:

Աստծո Գառը վերցրեց մարդկանց մեղքերը՝ պատարագելով Իրեն խաչի վրա, և այդ խորհուրդը մարդու էության մեջ կայանում է միայն նրա փոխադարձ պատարագմամբ՝ որպես հոգևոր սիրո պատասխան ինքնանվիրում հոգևոր սիրուն: Եվ ահա, Մեծ պահքն այն օրհնված շրջանն է, որը նպաստում է քրիստոնյային առավելագույնս դրսևորել այդ սերը, քանզի միավորվելով զգոնության ու ապաշխարության, հարատև զղջման և հաճախակի խոստովանության հետ՝ տևական պահքը լրջագույն առիթ է հիմնովին փոխելու գիտակցությունը դեպի բարին, թոթափելու չար սովորությունները և արմատանալու ճշմարիտ բարեպաշտության մեջ:

Մեծ պահքն ավանդաբար կրում է նաև Քառասնորդական պահք անվանումը, քանզի սկզբնական շրջանում այն տևել է ընդամենը 40 օր՝ Տիրոջ՝ անապատում պահած պահքի օրերի թվով: Սկսվելով Զատիկից 6 շաբաթ առաջ՝ պահքն ավարտվել է Ավագ ուրբաթ՝ 40-րդ օրը: Ու թեև հետագայում այդ 6 շաբաթները կանոնակարգվեցին ոչ թե ներառելով Ավագ շաբաթի օրերը, այլ՝ հավելվելով նրանց, և պահքի ընդհանուր տևողությունը դարձավ 7 շաբաթ, այնուհանդերձ պահպանվեց պահքի «քառասնորդական» խորհրդանշական անվանումը:

Որոշ ծիսագիտական դասագրքերում Մեծ պահքը նույնացվում է «Քառասնորդական պահք» արտահայտության հետ և ներկայացնում առաջին երկուշաբթիից մինչև Ղազարոսի հարություն ընկած քառասնօրյա ժամանակահատվածը, իսկ Ավագ շաբաթը դիտվում է իբրև Մեծ պահքին հաջորդող առանձին շաբաթապահք: Բայց, ըստ Հայ Եկեղեցու դասական ավանդության, Մեծ պահքն ընդգրկում է այս երկու հատվածները և ավարտվում միայն Զատիկին, որի պատվին էլ սահմանվել է: Իսկ «քառասնորդական» բառը հիմնականում կրում է խորհրդանշական իմաստ, թեև երբեմն, վերաբերում է Ավագ շաբաթին նախորդող շրջանին: 

Ժամանակին շրջանառվել է նաև այն տեսակետը, թե Մեծ պահքը Քառասնորդական է կոչվում այն պատճառով, որ բուն պահեցողության օրերը 40 են, քանի որ պահքից դուրս են մնում Մեծ պահքի կիրակիներն իբրև ուտիքի օրեր: Այս կարծիքը խիստ հանդիմանվել է Հայ Եկեղեցու վարդապետների կողմից որպես որկրամոլության դրդմամբ պահքն ընդհատելու պատրվակ: Քանզի թեև Մեծ պահքի շաբաթ և կիրակի օրերին աստվածպաշտության կարգը պահոց չէ, բայց սա վերաբերում է ծիսական, այլ ոչ թե ճգնավորական կողմին: Ուստի սահմանված պահեցողությունը պետք է տևի անընդմեջ 48 օր՝ առաջին երկուշաբթիից մինչև Զատիկ, և չխախտվի նաև Տյառնընդառաջի կամ Ավետման տոներին, որոնք երբեմն զուգադիպում են պահոց շրջանի հետ:

Քանզի պահքի տևականության ընդհատմամբ խափանվում է նրա ցանկալի արդյունքը՝ մարմնի նվաղումը, որի շնորհիվ տկարանում են կրքերը, և չափավորվում ցանկությունները, նրբանում է մտքի տեսումը, և առավելանում հոգու շնորհընկալությունը: Այս հոգևոր փորձառությունը նախկինում դրդել է շատ քրիստոնյաների, մանավանդ վանականներին, Մեծ պահքն անցկացնել առավել խիստ պահեցողությամբ՝ հաճախակի կամ տևական ծոմապահությամբ կամ էլ միայն աղ ու հաց ճաշակելով: Այս պատճառով այս պահքի օրերը Հայ Եկեղեցում կոչվում են նաև աղուհացի օրեր:

Մեծ պահքի ընթացքում, Բուն բարեկենդանից մինչև Ծաղկազարդ, փակվում է խորանի վարագույրը՝ խորհրդանշելով նախամարդու արտաքսումը դրախտից, և չի բացվում անգամ կիրակնօրյա պատարագի ժամանակ: Նախկինում վարագույրի փոխարեն փակվել է եկեղեցու դուռը, բոլոր արարողությունները կատարվել են գավթում, իսկ շաբաթ և կիրակի օրերի պատարագները կատարվել են միայն մեկ քահանայի մասնակցությամբ՝ փակ դռնով:

Այդպիսին է եղել նաև Ծաղկազարդի պատարագը, և եկեղեցու դուռը բացվել է միայն այդ օրը երեկոյան՝ Դռնբացեքի արարողության ավարտին՝ խորհրդանշելով արդարների մուտքը երկնքի արքայություն: Փակ դռան կամ վարագույրի այս շրջանում, փաստորեն, ողջ հավատացյալ ժողովուրդը հայտնվում է երախաների՝ դեռևս չմկրտվածների կարգավիճակում՝ այդպիսով անլուր խոստովանելով իր թերացումը մկրտության շնորհին հարիր կյանքով ապրելու մեջ, նաև՝ իբրև վշտալից խթան՝ կորցրածը վերագտնելու համար առավելագույն ճիգերով դիմելու տևական ապաշխարության, որը համարվում է երկրորդ ավազան: 

Եկեղեցու հայրերը Մեծ պահքը համարում են դեպի Զատիկի բարձունք տանող հոգևոր ճամփորդություն՝ իր որոշակի հանգրվաններով, որոնցում ի մի է բերվում անցած փորձառությունը, և տրվում է ճանապարհը շարունակելու նոր ուղղություն և զորություն: Այդպիսի հանգրվաններ են Մեծ պահքի շաբաթ և կիրակի օրերը: Շաբաթ օրերը սրբերի հիշատակության օրեր են, իսկ կիրակիներից յուրաքանչյուրը կրում է առանձին անուն՝ կապված Մեծ պահքի էությունն ու նպատակը բացահայտող իմաստների հետ: Այսպես, Բուն բարեկենդանից մինչև Ծաղկազարդ միմյանց հաջորդում են Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան կիրակիները, որոնցում արծարծվող խորհուրդները, ս հայրերի իմաստուն հոգածությամբ, Մեծ պահքի ճամփորդին առաջնորդում են դեպի հոգևոր կատարելություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ