Միջազգային մամուլը Սաֆարովի հարցում միակարծիք է
Այս օրերին միջազգային մամուլը հեղեղված է Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելու փաստի արձագանքներով: Այսպես, “Associated Press”-ը ներկայացրել է “ԵԱՀԿ-ն դատապարտում է հայ-ադրբեջանական լարվածությունը” վերնագրով հոդվածը, որում մասնավորապես նշվում է. “Միջազգային բանակցողները կարծում են, որ ադրբեջանցի սպային ներում շնորհելը խոչընդտում է կողմերի միջեւ խաղաղություն հաստատելու գործընթացը: Ադրբեջանը, սակայն, արդարացնում է իր գործողությունները` պատճառաբանելով, թե Հայաստանն օկուպացրել է իր տարածքները”:
“BBC”-ն ներկայացրել է Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից Թոմաս դե Վաալի հոդվածը` “Սաֆարովի գործը. Կովկասի սեւ շաբաթը” վերնագրով: “Այս շաբաթը մռայլ էր բոլոր նրանց համար, ովքեր հայ-ադրբեջանական երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունեն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուրջ սադրիչ քայլ կատարեց` ներում շնորհելով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Ըստ Հունգարիայի եւ Ադրբեջանի ստորագրած համաձայնության` Սաֆարովը հայրենիքում պետք է առնվազն 25 տարվա ազատազրկման դատապարտվեր, սակայն հայրենիք վերադառնալուն պես նա անմիջապես ազատ արձակվեց”:
“Голос России”-ն ներկայացրել է “Սաֆարովի գործը բարդացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները” վերնագրով հոդվածը, որում մասնավորապես ասվում է. “Հայաստանի, Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ կոնֆլիկտը նոր թափ է ստանում: Հունգարիան, որը հրահրեց կոնֆլիկտը, այժմ մեղադրում է Ադրբեջանին համաձայունթյունը խախտելու համար: Բաքուն իր հերթին արհմարահում է մեղադրանքները”: