Հրե թակարդ․ հրդեհի ժամանակ կինոսրահի դռներն արգելափակվել են․ ներսում մուլտֆիլմ դիտելու եկած երեխաներ էին /ֆոտո, տեսանյութ/
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 54 հոգու։ Տասնյակ մարդիկ ծանր վիճակում հայտնվել են հիվանդանոցում, կան անհետ կորածներ։
Ցավոք, զոհերի թվում բազմաթիվ երեխաներ կան։ Նրանք մահացել են առեւտրի կենտրոնի կինոսրահում։ Երեխաները մուլտֆիլմ դիտելու էին եկել, նրանց մեջ՝ Կեմերովոյի շրջանի գյուղերից մեկի դպրոցի մի ամբողջ դասարան։
Ռուսական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ երեխաները կրակի թակարդի մեջ են հայտնվել՝ կինոսրահի դռները հրդեհի պահին արգելափակվել են, եւ երեխաները փախչելու տեղ ու հնարավորություն չեն ունեցել։ Կինոսրահը պատուհաններ էլ չուներ։
Երեխաներից շատերը հասցրել են զանգահարել հարազատներին, հրաժեշտ տալ։ Աղջիկներից մեկն էլ սոց կայքի միջոցով ընկերուհուն խնդրել է, որպեսզի իր մայրիկին վերջինը փոխանցի, որ ինքը նրան շատ էր սիրում։
Ականատեսները պատմում են, որ հրդեհի մասին ահազանգ չի հնչել։ Երբ ներկաները հասկացել են, որ հրդեհ է բռնկվել, այլեւս փախչելու ոչ մի հնարավորություն չեն ունեցել։
Հրաշքով ողջ մնացած ականատեսներից մեկը պատմում է․
«Ընկերուհուս հետ կինոսրահում էինք։ Հրդեհ սկսվեց, եւ դռները արգելափակվեցին, միայն ծուխ էր։ Ծնողները կորցնում էին երեխաներին, բոլորը գոռում էին, շնչելն անհնար էր։ Բառերով անհնար է նկարագրել, թե ինչ սարսափ էր տիրում։ Մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, որ ողջ եմ մնացել այդ հրե թակարդում»,- պատմել է նա։
11-ամյա Վիկա Զիկունովան անհետ կորած է համարվում։ Աղջնակը առեւտրի կենտրոն էր եկել դասարանցիների ու դասղեկի հետ։ Երբ հրդեհը բռնկվել է, նա զանգահարել է մայրիկին ու ասել․
«Մենք այրվում ենք, ես ձեզ սիրում եմ, մնաք բարով․․ չեմ կարողանում շնչել»։ Աղջնակի հարազատները այժմ հիվանդանոցներով են պտտվում, փորձում են գտնել նրան․․․