Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալվածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։
Պատրիարքարանը ժամանակին Պոլիսում բազմաթիվ կալվածքներ է ունեցել, որոնք 1973 թվականից հետո բռնագրավվել են պետության կողմից։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը իր իրավունքները վերականգնելու համար Թուրքիայի տարբեր դատարաններում իրավական պայքար է մղել։ Քանի որ մինչ այժմ որևէ արդյունք չի արձանագրվել, Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը դիմել է Սահմանադրական դատարան։
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները նախկինում լուծարել էին պատրիարքարանը ներկայացնող «Սուրբ Հակոբ» հիմնադրամը։ Երուսաղեմի պատրիարքարանը և «Սուրբ Հակոբ» հիմնադրամը իրականում նույն մարմինն են, քանի որ պատրիարքարանի պաշտոնական անվանման մեջ անգլերենով նշվում է «Saint James», իսկ արաբերեն «Մար Հակոբ» անունները։ Բացի այդ, օրվա պատրիարքը համարվում է հիմնադրամի նախագահը։ Սա մի երևույթ է, որ այնքան էլ հասկանալի չէ Թուրքիայի իշխանությունների համար, որոնք պաշտոնապես լուծարված են համարում վերոնշյալ հիմնադրամը։
Պատրիարքարանի իրավապաշտպան Ալի Էլբեյօղլուն ընդգծում է, որ հնարավոր չէ «Սուրբ Հակոբ» հիմանդրամը լուծարված համարել, երբ այն նույն անվանումով գոյություն ունի միջազգային իրավական ասպարեզում։ Բացի այդ, Երուսաղեմի պատրիարքարանը արտերկրում գործող հաստատություն լինելով, Թուրքիայի իշխանությունները չեն կարող այդ կառույցի գոյության մասին վճիռ կայացնել։
Փաստաբանի փոխանցած տեղեկություններից պարզ է դառնում, որ Նուրհան պատրիարքը պահանջում է վերականգնել սեփականության իրավունքը 100-ից ավել կալվածքների նկատմամբ, որոնք ժամանակին պատկանել են «Սուրբ Հակոբ» հիմնադրամին:
Հիշեցնենք, որ վերջերս դատական գործընթացների շրջանակներում փաստաթղթերի քննարկման նպատակով Նուրհան պատրիարքը այցելել էր Ստամբուլ: