19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով Տեր, Դու ներկա ես, շատերը չգիտեն այդ մասին

Ով Տեր, Դու ներկա ես. տկարները գիտեն, որ ներկա ես և մխիթարվում են, իսկ զորավորները դողում են` ներկայությունդ հիշելով: Ուրեմն, «Մեր Տերը ներկա է» բառերը հարուցում են և՛ բերկրանք, և՛ վախ, և՛ մխիթարություն, և՛ դառնություն:

Չնայած, որ Դու ներկա ես, շատերը չգիտեն այդ մասին: Ինչպես, օրինակ, Սողոմոն Իմաստունը, երբ ասում է. «Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո, և ահա զրկվածներն արցունքների մեջ են, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց…» (Ժող. 4.1): Ինչո՞ւ, ուրեմն, ով Տեր, տեսնում ու լռում ես:

Ով Տեր, ցույց տուր մեզ Քո ողորմությունը, փաստիր Քո ներկայությունը: Մի թող, որ նախատեն մեզ` ասելով. «Ո՞ւր է Տերը` ձեր Աստվածը»: Տեր, ինչո՞ւ ես սպասում մինչև գիշերվա վերջին պահը. մինչդեռ նավակի մեջ աշակերտներն անհանգիստ են, իսկ ալիքներն ուժգնորեն հարվածում են նրան: Ինչո՞ւ ես սպասում, չէ՞ որ Սուրբ Գիրքն ասում է, որ Դու կգաս և չես ուշանա:

Շտապիր, ով Տեր, շտապիր: Նույնիսկ Դավիթ մարգարեն բողոքում է այս ուշանալուց ու ասում. «Աստված, ինձ օգնության հասիր. Տեր, փութա ընկերակցել ինձ: …Օգնականն ու փրկիչն իմ Դու ես. Տեր իմ, մի ուշացիր» (Սաղմ. 69:1-6):

Գիտենք, որ Դու ողորմած ես, և մեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները, որ Հայրը հաստատեց Իր իշխանության մեջ (Գործք. 1:7): Ուրեմն, մենք միշտ կսպասենք, ինչպես սաղմոսերգուն է ասում. «Ես Տիրոջն եմ սպասում, առավոտվա սպասողներից առավել» (Սաղմ. 129:6):

Ահա լիահույս սպասում ենք, ով Տեր, Քո ներկայությանը: Համոզված ենք, որ կգործես զորությամբ, իմաստությամբ և ճիշտ ժամանակին, որը կորոշի Քո անսահման սիրող բարությունը: Մեր առջև են մեր Տեր Հիսուս Քրիստոսի գեղեցիկ խոսքերը. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ. 5.17):

Գործիր, ուրեմն, Տեր, գործիր, որովհետև Դու սիրում ես արդարությունն ու բարությունը: Գործիր, որ մարդիկ հանգիստ ունենան և իրենց կյանքը հանձնեն Քո ձեռքերի մեջ: Այնժամ նրանք լուռ կխորհեն Քո գործերի մասին և կերգեն այս գեղեցիկ երգը. «Տերը պիտի պատերազմի ձեր փոխարեն, դուք լուռ մնացեք» (Ելք 14:14):

Նրանք պիտի խորհեն Քո գործերի մասին ու վստահությամբ երգեն. «Մեր Տերը ներկա է»:
Այո, իսկապես, «Մեր Տերը ներկա է»:

Շենուդա Գ. «Հոգու Ազատագրումը» գրքից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ