ՄԵրկելի կուսակցության փոխնախագահն առաջարկել է դադարեցնել Թուրքիային տրվող ֆինանսավորումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցության՝ «Քրիստոնեադեմոկրատական միության» (CDU) փոխնախագահ Յուլյա Քլյոքները պահանջել է դադարեցնել եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում Թուրքիային տրամադրվող ֆինանսավորումը:
«CNNTürk» -ի տեղեկացմամբ՝ Քլյոքները մասնավորապես ասել է. «Թուրքիային տրամադրվող միջոցները նախատեսված են իրավական պետության սկզբունքների ապահովման համար, այնինչ Թուրքիայում այս պահին բոլորովին հակառակ գործընթացն է կատարվում: Եվրամիությունը խրախուսում է ոչ թե ժողովրդավարության վերացումը, այլ դրա զարգացումը»:
Քլյոքները կարևորել է նաև Թուրքիա մեկնել ցանկացող գերմանացիներին ուղղված զգուշացումը և գերմանական ընկերությունների կողմից Թուրքիայում կատարվող ներդրումների ու դեպի Թուրքիա արտահանումների շրջանակներում տրամադրվող վարկային երաշխիքների վերանայման որոշումը: Գերմանացի գործիչը տեսակետ է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը առավել քան մտահոգիչ է, և ընդգծել, որ Թուրքիան դեռևս չի կարող ԵՄ անդամ դառնալ:
Միևնույն ժամանակ CDU փոխնախագահը նշել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը լիովին դադարեցնելը ևս ճիշտ չի լինի: Դա իր բացասական հետևանքները կունենա ինչպես Թուրքիայում ազատազրկված գերմանացիների, այնպես էլ Գերմանիայում ապրող և Թուրքիայի իրենց հարազատներին ազատորեն այցելել ցանկացող թուրքերի համար:
Հիշեցնենք, որ Թուրքիա – ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել են 2005թ.: ԵՄ անդամակցությանը պատրաստվելու նպատակով նախատեսված էր 2014-2020թթ. ընթացքում Թուրքիային 4 մլրդ 450 մլն եվրո ֆինանսական օգնություն տրամադրել: Թուրքական կողմի պնդմամբ՝ մինչ օրս ԵՄ-ն Թուրքիային վճարել է այդ գումարի շատ փոքր մասը միայն: