Ինչպես կյանքում, այնպես էլ արվեստի ոլորտում շատ են խանգարող հանգամանքներն ու անհավատ մարդիկ. նկարչուհի
Henaran.am-ի զրուցակիցն է երիտասարդ, տղանդավոր նկարչուհի Արփի Թադևոսյանը:
–Արփի´, ե՞րբվանից եք նկարում:
-Նկարում եմ դեռ վաղ հասակից, բայց նկարչության դասընթացների հաճախել եմ 12 տարեկանից:
–Ի՞նչ ոճի մեջ եք նկարում:
-Քանի որ առայժմ սովորում եմ, ինձ դեռ չեմ գտել որևէ ոճում: Կարծում եմ` կատարելագործվելու շատ տեղ ունեմ, մինչև կգտնեմ այն, ինչն ինձ է հարազատ:
–Ո՞վ է եղել Ձեր վարպետը:
-Հաճախել եմ Նորքի Հայորդաց տուն: Վարպետիս՝ Վահե Վանի մասին, կարող եմ անվերջ խոսել ու չավարտել, քանի որ իսկապես ինձ բախտավոր եմ համարում նրա հարցում: Մինչև օրս առաջնորդվում եմ իր խորհուդներով, որոնք կյանքիս ուղեկիցն են: Նրա շնորհիվ սկսեցի էլ ավելի սիրել արվեստն ու հատկապես նկարչությունը: Քանի որ ինչպես կյանքում, այնպես էլ արվեստի ոլորտում շատ են խանգարող հանգամանքներն ու անհավատ մարդիկ, միշտ փորձել եմ չկոտրվել ու հիշել վարպետիս՝ իր հուսադրող ձայնով ու խրատներով:
–Ո՞րտեղից այս տաղանդն ու սերը Ձեզ մոտ, ժառանգակա՞ն է:
–Կուզենայի նշել, որ թերևս կարող է տարօրինակ թվալ բայց, դպրոցում, երբ հանձնարարություններ էի ստանում նկարչության դասերից, ամեն անգամ տանը կռիվ էի անում ասելով, որ ինչու անիմաստ ժամանակ կորցնեմ, ինչ-որ բաներ նկարելու համար. միևնույնն է` նկարիչ չեմ դառնալու: Սակայն տարիներ անց միայն նկատեցի, որ, երբ որևէ առարկա չէի ցանկանում սովորել, անմիջապես վերցնում էի թուղթն ու մատիտը՝ արտապատկերելով գրքում եղած մարդկանց դիմանկարները: Ունեմ հեռու ազգական՝ քանդակագործ Դավիթ Երևանցին: Չեմ կարող ասել, որքանով եմ ժառանգել նրանից սերը դեպի արվեստը, սակայն միշտ հպարտանում եմ իրենով:
–Ի՞նչ եք զգում նկարելիս, այսինքն` հո՞բբի է Ձեզ համար, ուղղակի վայելու՞մ եք, թե մասնագիտությո՞ւն է նկարչությունը:
–Ես կարծում եմ, որ ցանկացած նկարչի համար նկարչությունը չի կարող լինել ուղղակի մասնագիտություն, քանի որ մինչև չապրես դրանով ու փորձես զգալ այն, չես կարողանա նկարել: Հիմա 2 տարի դադարից և մեծ հիասթափություններից հետո վերսկսում եմ նկարելը, սակայն սերս դեպի նկարչությունը մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է: Ամեն անգամ վրձինը ձեռքս առնելով` հասկանում եմ, որ մինչ այդ պահը օրս անիմաստ է անցել, ու, կարծես, այդ պահից սկսում եմ շնչել:
–Մեծն նկարիչներից ո՞վ է Ձեր իդեալը:
-Սիրելի նկարիչներ շատ ունեմ: Քանի որ ամենից շատ սիրում եմ իմպրեսիոնիզմը, կառանձնացնեմ 2 նկարիչների , որոնց համարում եմ նաև իմ իդեալ՝ Օգյուստ Ռենուար և Կլոդ Մոնե: Նայելով նրանց նկարներին` կարծես տեղափոխվում եմ մի ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է:
–Արվեստի Ձեր ամնենասիրելի գործը:
-Դժվարանում եմ տալ հստակ պատասխան, քանի որ սիրելի գործեր շատ ունեմ, բայց ներկա պահին ինձ ամենից շատ դուր է գալիս Ռենե Մագրիտի՝«Մարդու Զավակը»:
–Գալով հայերին` ի՞նչ կարող եք ասել` հայերը հետաքրքրվա՞ծ են նկարչությամբ, մշակույթով, նկատի ունեմ երիտասարդությունը, նոր սերունդը:
-Չեմ կարող ասել, որ շատ, սակայն նկատել եմ, որ ներկայումս երիտասարդները ձգտում են էլ ավելի մոտ լինել արվեստին:
–Հե՞շտ է Հայաստանում նկարչի կյանքը:
-Եթե անկեղծ, ես ինձ դեռևս նկարիչ չեմ համարում, քանի որ նկարիչ հասկացողությունը ես մի փոքր այլ ձևով եմ ընկալում: Գտնում եմ, որ դեռ չի հասունացել այն պահը, երբ ես ինձ նկարիչ կկոչեմ: Սակայն կյանքիս այս փոլում շատ են բարդությունները և այն մարդիկ, ովքեր փորձում են հիասթափեցնել, բայց նախընտրում եմ ընդունել բացասական մտքերը որպես շարժառիթ և դրանց շնորհիվ ձգտում եմ ինքս ինձ ապացուցել, որ ես կարող եմ էլ ավելին:
–Լավ, իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունեք բացի նկարչությունից, ինչով եք սիրում զբաղվել:
-Որպես աշխատանք և զբաղմունք` ընտրել եմ դաջվածքներ անելը, որը դեռ սովորում եմ: Ինչպես ցանկացած հարցում, այս հարցում ևս նկարչությունը շատ է օգնում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում պետք է ընտրի այնպիսի աշխատանք, որը կանի սիրով, և որը հաճույք կպատճառի հենց իրեն: Այս խոսքերը քաջ գիտակցելով եմ ընտրել աշխատանքս:
–Ցուցահանդեսներ ունեցե՞լ եք:
-Մասնակցել եմ ցուցահանդեսների, սակայն անհատական ցուցահանդես դեռևս չեմ ունեցել: Բայց ամեն ինչ անում եմ, որ մոտ ժամանակներում ունենամ անհատական ցուցահանդես:
–Դա մի երազանք կամ նպատակ, ինչպես ճիշտ կկոչեք ինքներդ, իսկ էլ ի՞նչ երազանքներ ունեք:
-Կարծում եմ, որ երազանքն այն է, ինչը երբևէ չի կարող իրականանալ: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս ունեմ երազանքներ, որոնք միշտ կլինեն ինձ հետ կյանքիս ցանկացած փուլում: Երազանքներից բացի ունեմ շատ նպատակներ, որոնց հասնելու համար պատրաստ եմ անել ամեն ինչ, ինչ կախված է ինձնից:
Հարցազրույցը` Սերինե Գաբրիելյանի: