Նիկոլի այս հայտարարությունը կառուցված է կեղծ երկընտրանքի վրա․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Րոպեներ առաջ Նիկոլը, ի թիվս այլ դատարկաբանությունների ու մանիպուլյացիաների, ասել է․ «Մեր խնդիրն այն չէ, որ այսօր խաղաղություն ապահովենք, հետո գնանք, մի տասը տարի հետո հերթական «պայթյունը» տեղի ունենա, ոտքներս գցենք ոտքներիս, մուշտուկը դնենք բերաններիս, ասենք՝ տեսեք, որ մենք ասում էինք։ Մեր խնդիրն է այսօր կայացնենք այնպիսի որոշումներ, որ մեր լեգիտիմ երկրի անվտանգությունը ապահովվի հարյուրամյակով։ Թող այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50, 100, 150 տարի անց ՀՀ-ն լինելու է պետություն։ Նաև ընդգծել, որ դա հնարավոր է միայն լեգիտիմության ռազմավարության շնորհիվ։
Ըստ էության՝ Նիկոլի այս հայտարարությունը կառուցված է կեղծ երկընտրանքի վրա։ Նա փորձում է հանրությանը համոզել, թե իբր կա միայն երկու տարբերակ․ կամ այսօր «համարձակվել» ընդունել ամենածանր զիջումները՝ անգամ հաշտվելով դավաճանի պիտակի հետ, կամ չանել դա և մի քանի տարում նորից վերապրել պատերազմ։ Սակայն սա պարզունակ մանիպուլյացիա է, քանի որ իրականում գոյություն ունի երրորդ տարբերակ․ պետության քաղաքականությունը կարող է և պարտավոր է կառուցվել այնպես, որ միաժամանակ ապահովի և՛ խաղաղություն, և՛ արժանապատիվ գոյություն՝ առանց ազգային շահերի լիակատար հանձնման։
Դրանից բացի Նիկոլը խոսում է «հարյուրամյակների անվտանգության» մասին, բայց պատմական փորձը ցույց է տալիս, որ որևէ պետություն չի կարող իր անվտանգությունը երաշխավորել 50 կամ 150 տարով։ Այսօր երաշխիքներ և դարավոր պայմանավորվածություններ «գետնի վրա» գույություն չունեն, ավելին, պատմության դինամիկան, ուժերի հարաբերակցությունը, աշխարհաքաղաքական զարգացումները փոխվում են արագ ու անկանխատեսելի։ Հարյուրամյակներով կանխատեսումներ անելը ոչ թե ռազմավարություն է, այլ՝ քաղաքական պատրանք, ավլի պարզ՝ ինքնախաբեություն։
Նիկոլը հաուկ շեշտում է, որ «թող այսօր մեզ անվանեն դավաճան» ձևակերպումը, ինչը վտանգավոր մեսիջ է։ Այն ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իշխող վարչախումբը փորձ է անում սեփական սխալներն ու զիջումները ներկայացնել որպես «հեռատեսության» դրսևորում։ Փաստացի ստացվում է, որ ցանկացած ազգային կորուստ կարելի է արդարացնել ապագայի մշուշոտ խոստումով։
Ի դեպ, «լեգիտիմության ռազմավարություն» հասկացությունը նույնպես դատարկ է այս համատեքստում։ Լեգիտիմությունը չի կարող ինքնանպատակ լինել, քանի որ այն բխում է ժողովրդական վստահությունից, որն էլ ձևավորվում է ազգային շահերը պաշտպանելու, ոչ թե հանձնառելու հաշվին։ Եթե ժողովուրդը պետությանը տեսնում է որպես ինքնիշխան ու արժանապատիվ դերակատար, ապա լեգիտիմությունն ինքնաբերաբար ամրապնդվում է և հակառակը՝ եթե իշխանությունը մեկուսանում է հասարակությունից ու նրան պարտադրում է օտար օրակարգեր, ապա ոչ մի «ռազմավարություն» չի փրկի։
Եթե փորձենք ընդհանրացնենք, ապա այս հայտարարության հիմքում ընկած է մեկ հիմնական թեզ․ Նիկոլը նախապես ընդունում է, որ ինքն «դավաճանի» պիտակ է ստանալու։ Սա ինքնին խոստովանություն է, որ իրականացվող որոշումները հակասում են ազգային շահին։ Նիկոլերենով՝ եթե որոշումը բխում է հայրենիքի իրական անվտանգության ու կայունության շահերից, ապա այն չի ընկալվի որպես դավաճանություն։
Վերը թվարկածից կարող ենք եզրահանգել, որ ասվածը ոչ թե իրական ռազմավարության ներկայացում են, այլ հերթական փորձ՝ սեփական քաղաքական պարտությունները փաթեթավորելու «հարյուրամյակների ապահովության» գեղեցիկ պիտակով։ Իրականում, ազգային արժանապատվության ու ինքնիշխանության վրա կառուցված խաղաղությունն է միակ հիմքը, որը կարող է երաշխավորել Հայաստանի գոյատևումը, այլ ոչ թե նվաստացնող զիջումները»։