Վերջին երգն էինք լսում, երբ հարված զգացինք․ ինչ են պատմում Մանչեսթրի պայթյունի ականատեսները /ֆոտո/
Այս գիշեր «Մանչեսթր-արենա» հայտնի մարզադաշտում տեղի ունեցած համերգի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն։ Արդյունքում, տարբեր տեղեկություններով, 22 մարդ զոհվել է, 60-ը վիրավորվել։ Պայթյունի ժամանակ ընթանում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգը։
Ահա թե ինչ են պատմում պայթյունի ականատեսները։
Հերի Ուոլկերն ու նրա կինը եղել են պայթյունի վայրից մի քանի մետր հեռավորության վրա․
«Մենք լսեցինք վերջին երգը, երբ հանկարծ կայծ երեւաց, իսկ հետո՝ կտրուկ հարված ու ծուխ։ Ես ցավ զգացի ոտքիս մեջ։ Շրջվեցի դեպի կինս, ու նա ասաց․ «Ես պետք է պառկեմ»։ Նա որովայնի հատվածում էր վնասվել ու կարծես ոտքն է կոտրել։ Իմ ոտքն էլ է վնասվել։ Հրաշք է, որ մենք ողջ մնացին»,- պատմել է նա։
Մաջիդ Խան, 22 տարեկան
«Մենք քրոջս հետ հետ Արիանա Գրանդեի համերգին էինք։ Երբ գնացինք դեպի ելքը, սրահից բարձր ձայն լսվեց, պայթյունի էր նման։ Մենք վազեցինք դեպի ելքը, բոլորը սկսեցին վազել, բայց ելքը փակվել էր։ Մարդիկ չգիտեին՝ ինչպես դուրս գալ»,- պատմում է նա։
Օլիվեր Ջոնս, 17 տարեկան
«Ես զուգարանում էի, երբ այդ բարձր պայթյունը լսեցի։ Դա համերգից անմիջապես հետո էր, երբ մարդիկ արդեն սկսել էին գնալ։ Ես տեսնում էի, թե ինչպես են մարդիկ այս ու այն կողմ վազում»,- ասում է նա։
Թայլեր, հարեւանությամբ գտնվող բարի բարմենը
«Մարդիկ խուճապի մեջ էին։ Մի տղամարդ էր ընկած՝ ոտքն ամբողջովին արյան մեջ։ Մի կնոջ էլ դեմքն էր ամբողջովին արյուն։ Երկու աղջիկ աղեկտուր լաց էին լինում, մի կին էլ սրտի նոպա ունեցավ։ Բազմաթիվ դեռահասներ կային, ու բոլորը լաց էին լինում»,- պատմում է նա։
Սեբաստյան Դիաս, 19 տարեկան
«Արիանա Գրանդեն նոր ավարտեց վերջին երգը, երբ ուժեղ պայթյուն լսվեց։ Ես անմիջապե վազեցի ու երբ գտա գլխավոր ելքը, արդեն բազմաթիվ մարդիկ կային։ Իսկական սարսափ էր, մարդիկ այս ու այն կողմ էին վազում, լաց լինում»,- ասում է նա։