Իվանկա Թրամփն ազդել է հոր՝ Սիրիան ավիահարվածելու որոշման վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան մեծ ազդեցություն է ունեցել հոր՝ Սիրիայի վրա ավիահարվածներ հասցնելու որոշման վրա։ Այդ մասին գրել է The Independent-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ «ԱՄՆ-ի նախագահը խորապես ցնցված է եղել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկություններից»։ Ասվում է նաեւ, որ Իվանկան «ուժեղ է գտնվել ու ազդել հոր որոշման վրա»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա ավիահարվածներ հասցնելուց հետո Իվանկան Թվիթերի իր էջում գրել է, որ հպարտ է իր հայրիկով, որ նման հրաման է տվել։
Հարկ է նշել, որ այս տեղեկությունը հաստատել է նաեւ Իվանկայի եղբայրը՝ Էրիկ Թրամփը։
Նա ասել է, որ Իվանկան ցնցված էր քիմիական զենքի կիրառման մասին տեղեկություններից եւ ապշած էր նման դաժանությունից։
«Իվանկան 3 երեխաների մայր է, եւ նման պահերին ավելի ուժեղ է։ Նա ասել էր՝ իմ հայրը նման պահերին պետք է գործի»,- նշել է Էրիկը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սիրիական Շայրաթ ավիաբազայի վրա ավիահարվածներ է հասցրել՝ պատճառաբանելով, որ Իդլիբ նահանգում քիմիական զենք է կիրառվել։