Նորվեգիան կին-վարչապետ կունենա

Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները, փոխանցում է lenta.ru-ն:
Քվեաթերթիկների ավելի քան 75 տոկոսի հաշվարկից ստացված արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր աջակենտրոն կոալիցիան խորհրդարանում կունենա 96 տեղ, ընդ որում՝ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ էր 85 մանդատ: Գործող վարչապետ Ենս Ստոլտենբերգի կողմնակիցները, նախնական տվյալներով, խորհրդարանում կունենան 72 տեղ:
Ստոլտենբերգն արդեն հայտարարել է հրաժարական տալու իր պատրաստակամության մասին եւ շնորհավորել է ընդդիմությանը: Ամենայն հավանականությամբ, Նորվեգիայի նոր վարչապետ կդառնա պահպանողականների առաջնորդ Էռնա Սուլբերգը:
Պահպանողականները նորվեգացիներին խոստացել են հարկերի կրճատում եւ բուժսպասարկման որակի բարելավում։
52-ամյա Սուլբերգը՝ նախկին սկաուտ-աղջիկը, քաղաքականության մեջ եղած տարիների ընթացքում ստացել է “Երկաթե Էռնա” մականունը: Նա կլինի Նորվեգիայի պատմության մեջ երկրորդ կին-վարչապետը: