Հռոմի պապը պահանջել է անմիջապես հանել Բուենոս-Այրեսում տեղադրված իր արձանը

Հռոմի պապ հայր Ֆրանցիսկոսը խնդրել է անմիջապես հանել իր պատկերով քանդակը, որը հունիսի 29-ին տեղադրվել է նրա հայրենի Արգենտինայում` Բուենոս-Այրեսի մայր տաճարի մուտքի մոտ:
Այդ եկեղեցում` նախքան պապ ձեռնադրվելը, նա ծառայել է որպես արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիո: Տեղեկանալով այն մասին, որ այնտեղ տեղադրել են իր արձանը, հայր Ֆրանցիսկոսը զանգահարել է տաճարի վանահորը եւ ներկայացրել իր պահանջը:
Քանդակը պապին պատկերում է “լուսանկարչական” ոճով, որն ավելի համապատասխան է մոմե քանդակների թանգարանի համար: Նա ներկայացված է ողջ հասակով, լայն ժպտում է եւ ձեռքով ողջունում մարդկանց:
Զբոսաշրջիկներին Հռոմի պապի հրամանը հավանաբար շատ կտխրեցնի, քանի որ գրեթե իրական պապի հետ լուսանկարվելու համար արդեն հերթեր էին գոյանում: Հայր Ֆրանցիսկոսը նաեւ զարմացել է, երբ տեղեկացել է, որ Բուենոս-Այրեսի թեմական մարմինները պատրաստվում են թանգարան կառուցել, որտեղ կներկայացվեն իր անձնական իրերը: