Բելառուսի Գերագույն դատարանը մերժեց Լապշինի բողոքարկումը
Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Բելառուսական Sputnik գործակալությունը տեղեկացնում է, որ Գերագույն դատարանը բլոգերի բողոքարկումը քննել է կես ժամից ավելի քիչ ժամանակահատվածում: Լապշինի փաստաբան Նատալյա Շեկինան տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը դատարանի դահլիճում չի եղել: Նա հայտնել է, որ Լապշինի կինը դիմել է Մինսկի ներքին գործերի գլխավոր վարչության քաղաքացիության և միգրացիայի բաժին` պահանջելով տրամադրել հավելյալ պաշտպանություն: Բացի այդ, նա բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, որն արդեն բողոքն ընդունել է քննարկման:
Բելառուսի Գերագույն դատարանի կողմից Լապշինին Բաքու արտահանձնելու մասին որոշումն օրինական համարելու դեպքում այն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից սկսած: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: