Մոսկվայի քաղաքապետը հրաժարական է տվել

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին: Նման հայտարարություն նա արել է Մոսկվայի հանրային պալատի նիստի ժամանակ: Նրան դա խորհուրդ են տվել անել պալատի անդամները, որպեսզի աշնանը Սոբյանինը մասնակցի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ Սոբյանինը կհաղթի քաղաքապետի արտահերթ ընտրություներում:
Քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը դեռևս հունիսի 3-ից էին պտտվում, սակայն քաղաքապետի աշխատակիցները ոչ մի կերպ չէին մեկնաբանում այս լուրերը:
Օրենքի համաձայն` Սոբյանինի հրաժարականի հետ կապված արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միասնական քվեարկության օրը, որը 2013 թվականի սեպտեմբերի 8-ին է համընկնում: Արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, համաձայն օրենքի, Սոբյանինը պետք է ունենա Պուտինի աջակցությունը, քանի որ հրաժարական տված քաղաքագլուխը հետագա երկու տարիներին ընտրությունների մասնակցելու համար պետք է ստանա նախագահի թույլտվությունը:
Քաղաքապետի ընտրությունները Մոսկվայում տեղի կունենան առաջին անգամ` տասը տարվա ընդմիջումից հետո:
Հարկ է նշել, որ Սոբյանինը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում է շուրջ երեք տարի: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2010 թվականին` Յուրի Լուժկովի պաշտոնանկությունից հետո: